ԲՈՐԲՈՐԻՏՆԵՐ, II–V դարերում Ասորիքում, Միջագետքում, Եգիպտոսում, Հայաստանում տարածված գնոստիկյան աղանդ: Ինչպես մծղնեության, այնպես էլ բորբորիտների աղանդը ծագել է I, II և III դդ., գնոստիցիզմից: Բորբորիտներ անվանումը որոշակիորեն ստուգաբանված չէ: Որոշ ուսումնասիրողներ այն կապում են բորբորիտների գերագույն սրբության՝ Բարբելոյի անվան հետ: Նմանաձայնության պատճառով այս աղանդավորների անունը հետագայում բացատրել են հունարեն «բորբորոս»-տիղմ, կեղտ բառով և մատնանշել նրանց անմաքուր բարքերն ու անկարգ սեռական կյանքը: Այլ հետազոտողների կարծիքով, բորբորիտներ անվանումն ասորերեն «բարբարիտ» («անապատի որդի») բառի յուրատեսակ իմաստավորումն է: Աղբյուրներում անվանվում են նաև բարբելիոտներ, բորբորիանոսներ, բարբուրյաններ, բորբորիտոններ, զաքքեոսներ, կոդդիանոսներ, ստրատիոտիկոսներ, ֆիբիոտներ: Բորբորիտների գաղափարախոսության մասին հիմնական աղբյուրները եկեղեցու հայրերի գործերն են: Հնագույն հիշատակությունը հանդիպում է II դ. եկեղեցական պատմիչ Իրենիոս Լուգդունացու «Ընդդեմ հերձվածոց» աշխատության մեջ, ապա նրանց մասին գրում է V դ. եկեղեցական պատմիչ Թեոդորետոսը, ամենից հանգամանորեն՝ V դ. պատմիչ Եպիփան Կիպրացին իր «Ընդդեմ 80 աղանդոց» («Պանարիոն») գրքում: Բորբորիտներին խիստ հալածանքների է ենթարկել Եդեսիայի եպիսկոպոս Ռաբուլասը (412–435). նրա կենսագրության մեջ պատմվում է, որ նա իր թեմում ի թիվս այլ աղանդների բնաջնջել է նաև բորբորիտներին:

Ըստ աղբյուրների, բորբորիտները «Մարիամի ծնունդը» վերնագրով մի գիրք են ունեցել, որտեղ քարոզել են, թե «Հրեաների աստվածը էշի կերպարանք է ունեցել»: Բոլոր աղբյուրներն առանձնապես շեշտում են բորբորիտների սանձարձակ անբարոյականությունը, անմաքուր բարքերն ու գործերը: Նրանք բարոյական ոչ մի օրենք չեն ճանաչել, քարոզել են, թե օրենքն այս աշխարհը ստեղծած ստորին աստվածն է որպես մի որոմ սերմանել գերագույն Աստծո ստեղծագործության մեջ, հետևաբար ո՛չ մի օրենք, ո՛չ մի բարոյական նորմ պարտադիր չէ: Պետք է այդ օրենքի և նրա պահանջների հակառակը գործել, եթե մարդ ուզում է ապացուցել, որ հակառակ է ստորին աստծուն:

Բորբորիտների պատկերացմամբ մարդկային մարմինն ապականացու է, չի կարող հարություն առնել, այն այս աշխարհի արարիչ վիշապաձև արքոնի (իշխանի) ստեղծագործությունն է: Հոգի ունեն ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները, ձկներն ու սողունները, ծառերն ու տունկերը: Քրիստոսը Մարիամից չի ծնվել, նա ինքնածին է, մարմին չի ունեցել, նրա մարմինը երևակայական է և երկնքից է բերել (տե՛ս Երևութականություն): Ըստ բորբորիտների, գոյություն ունի ութ երկինք, որոնցից յուրաքանչյուրի վրա բազմած են արքոններ: Վերին՝ ութերորդ երկնքում է Բարբելոն՝ կենդանի էակների մայրը Հայրն ամենեցուն և ինքնածին Քրիստոսն է, որն աշխարհ եկավ և մարդկանց ցույց տվեց գնոսիսը (իմացությունը): Յոթերորդ երկընքում է գտնվում Բարբելոյի որդին՝ էշի կամ խոզի կերպարանք ունեցող արքոն Սաբաոթը (կամ՝ Խալդաբաոթը)՝ տերը զորությանց, իրենից ներքև գտնվող երկինքների և երկրի արարիչը: Հոգին, հեռանալով երկրից, անցնում է այդ յոթ երկինքների վրա գտնվող արքոնների միջով և, հասնելով Բարբելոյին, փրկվում է. ընդ որում, նա կարող է անցնել այդ արքոնների միջով և փրկվել միայն այն ժամանակ, երբ լցվի գնոսիսով: Գնոսիսին անհասու հոգիները կուլ են գնում այս աշխարհի արքոնին՝ Սաբաոթին, ապա վերադառնում երկիր և մտնում խոզերի ու այլ կենդանիների մեջ:

Բորբորիտները նդունել են Հին և Նոր կտակարանները, որոնք մեկնաբանել են յուրովի, բայց ունեցել են բազմաթիվ պարականոն գրքեր, ավետարաններ: Չեն ընդունել մարգարեներին, նրանց պաշտած Աստծուն, չեն հավատացել Վերջին դատաստանին, մեռելների հարությանը:

Հայաստանում տարածված բորբորիտների մասին վկայում են Կորյունը և Մովսես Խորենացին՝ կապված Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի՝ հեթանոսության, զանազան աղանդների դեմ պայքարի, քրիստոնեության քարոզչության և ավետարանչական գործունեության հետ: Կորյունի և Խորենացու մոտ բորբորիտներ անվանված են «ժպիրհ և կամակոր աղանդ բորբորիանոսաց», «ժանտագործ ազգ բարբարիանոսաց», որոնց Կ. Պոլսի պատրիարք Ատտիկոսի (405–426) պահանջով Հայոց կաթողիկոսը վտարել է երկրի սահմաններից՝ 415–423-ի ընթացքում:

Մնացած աղանդավորները հարել են մծղնյաններին, նրանց հետ միասին հետագայում ձուլվել մանիքեության մեջ: Բորբորիտներ անվանումը հետագայում դարձել է հայհոյական ածական: Մովսես Խորենացին Շամիրամին անվանում է «վաւաշն և բորբորիտն Շամիրամ», իսկ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին Թոնդրակյան շարժման (տե՛ս Թոնդրակեցիներ) հիմնադիր Սմբատ Զարեհավանցուն կոչում է «վաւաշ շամբուշ բորբորիտն, պիղծն Սմբատ անիծեալն»:

Հրաչ Բարթիկյան

  

Գրկանության ցանկ 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:  

Կորյուն, Վարք Մաշտոցի, Ե., 1995:  

Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1997:

Տեր-Մկրտչյ ան Կ., Պավղիկյանք բյուզանդական կայսրության մեջ և մերձավոր հերձվածային երևույթներ Հայաստանի մեջ, Երուսաղեմ, 1938:

 

Մելիք-Բախշյան Ս. Տ., Պավլիկյան շարժումը Հայաստանում, Ե., 1953, էջ 55–64:

Տեր-Մինասյան Ե., Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968, էջ 63–73:

Բարթիկյան Հ., Աղանդավորական շարժումները Հայաստանում ըստ միջնադարյան հայ և օտար հեղինակների (IV–Vդդ.), ԼՀԳ, 1984, դ 10:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am