ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1983-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Սան Պաուլոյի Ս. Գևորգ եկեղեցի: Թեմի վարչական տարածքն ընդգրկում է գլխավորապես Սան Պաուլո, Օզասկո, Ռիո դե Ժանեյրո և մի քանի այլ քաղաքներ, որտեղ բնակվում են մեծաթիվ հայ ընտանիքներ: Առաջին հայ հոգևորականը, որը 1923-ին Մերձավոր Արևելքից գաղթածների հետ հաստատվել է Բրազիլիայում, Գաբրիել ավ. քհն. Սամուելյանն էր: Նոր վերաբնակեցվածները կազմել են հանձնաժողով՝ գաղութը կազմակերպելու և վարչություն ստեղծելու համար: Հանձնաժողովը դիմել է ամերիկահայոց թեմի առաջնորդին (Նյու Յորք)՝ իրենց վարչությունը վավերացնելու և Բրազիլիայի հայ համայնքի եկեղեցական ու ազգային կյանքն իր հովանու տակ առնելու խնդրանքով: 1933-ին Բրազիլիան ընդգրկվել է Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում (կենտրոնը՝ Բուենոս Այրես): Հայրապետական պատվիրակ է նշանակվել Գարեգին արք. Խաչատուրյանը (1938–1951, 1951–61-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք):
1983-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին (Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի) թեմերի: Բրազիլիայում առաջին հայկական եկեղեցին՝ Ս. Հովհաննես Մկրտիչը, կառուցվել է 1935-ին, Օզասկոյում (ներկայումս եկեղեցու սպասարկումը կատարում են Սան Պաուլոյի Ս. Գևորգ եկեղեցու քահանաները):
Բրազիլիայի թեմ առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 1938-ին, վերակառուցվել՝ 1948-ին: Բրազիլահայության ազգային ներկայացուցչական մարմինը բաղկացած է համայնքային միությունները ներկայացնող 40 անդամից, կենտրոնական վարչական խորհուրդը՝ 9–11 անդամից: Ժողովներին նախագահում է թեմակալ առաջնորդը:
Այս կառույցների հովանավորությամբ են գործում եկեղեցիները, ազգային մյուս հաստատությունները: 1928-ից Ս. Գևորգ եկեղեցուն կից գործում է թեմին պատկանող միակ հայկական ամենօրյա դպրոցը, որը 1931-ին անվանակոչվել է Դուրյան ազգային վարժարան՝ ի հիշատակ Երուսաղեմի հայոց պատրիարք Եղիշե արք. Դուրյանի: Վարժարանն ունի նախակրթական, միջնակարգ և բարձրագույն դասարաններ: Եկեղեցու հովանավորությամբ գործում են երկու փոքր դպրոցներ Պրեզիդենտե Ալտինո և Ֆեյրա դե Սանտանա քաղաքներում:
Բրազիլիայի թեմի պաշտոնաթերթը «Սիփան» ամսաթերթն է (հայերեն և պորտուգալերեն, հրտ. 1983–87-ին և 1995-ից, խմբագիր և տնօրեն՝ Տ. արք. Ղարիբյան): 1980-2014 թթ. Բրազիլիայի թեմի առաջնորդն է Տաթև արք. Ղարիբյանը:
2014 թվականի մարտի 31-ին Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել առաջնորդական փոխանորդ Տեր Նարեկ վարդապետ Բերբերյանին
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am