ԲՌԻ ԵՂՑԻ ՎԱՆՔ, ԼՂՀ Մարտունու շրջանի Հացի գյուղի արևելյան կողմում, բլրի գագաթին: Կառուցել են Աղվանից կաթողիկոս Ստեփանոսը և նրա եղբայր Ներսես եպիսկոպոսը XIII դ. (վանքի տարածքում պահպանվել են V–VI դդ. կոթողների բներ, խարիսխներ և խոյակներ): Վանքի համալիրը կազմված է միմյանց կից երկու միանավ եկեղեցիներից, նրանց արևմուտքիցից կից, խաչվող կամարներով ծածկով ընդհանուր գավթից, արևմտյան կողմում առանձին կանգնած, ճարտարապետ Խաչենիկ Անեցու կառուցած միանավ եկեղեցուց, դեպի արևմուտք, բլրի ստորոտում, Շահեն ճարտարապետի կառուցած համանման եկեղեցուց և երեք խոշոր որմնափակ խաչքարերից (նրանցից մեկն ունի 1270-ի շինարարական արձանագրություն): Հարավաչևմտյան խաչքարը ևս Խաչենիկ Անեցու ստեղծագործությունն է: Անիից հրավիրված ճարտարապետի մասնակցությունն արցախյան վանքի եկեղեցու և խաչքարի կառուցմանը նպաստել է վանքի շինությունների ճակատների ձևավորման «գեղատեսիլ ոճի» կիրառմանը, որը Հայաստանում երևան է եկել XII–XIII դդ. և կապված էր քաղաքային, առաջին հերթին՝ Անիի, մշակույթի զարգացման նոր փուլի հետ:

Մուրադ Հասրաթյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Բարխուդարյան Մ., Արցախ, Բաքու, 1895:

Դիվան հայ վիմագրության, պր. 5, Ե., 1982:

Հասրաթյան Մ., Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Ե., 1992:

Նույնի, Ճարտարապետ Խաչենիկ Անեցի, «Անի» (ժող.), Ե., 1992, № 1:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am