ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔ, ՀՀ Սյունիքի մարզի Բարձրավան գյուղից արևելք, անտառապատ դարավանդի վրա: Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի, 936-ին վանքը հիմնադրել և Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, գավիթներ, սրահներ, բնակելի ու տնտեսական շենքեր է կառուցել Ստեփանոս եպիսկոպոսը՝ Հրահատ իշխանի օժանդակությամբ: Եկեղեցու օծմանը հրավիրվել է Սյունյաց եպիսկոպոս Հակոբը, որը վանքի միաբանություն է հաստատել, նրան որպես սեփականություն հատկացրել շրջակա տարածքները: Բղենո Նորավանքի դիմաց հիմնվել է բորոտանոց, որտեղ հավաքել են բազմաթիվ հիվանդների: Ստեփանոս եպիսկոպոսը 970-ին վախճանվել է և թաղվել եկեղեցու մոտ: 989-ին Բղենո Նորավանքում ընդօրինակվել է և նկարազարդվել «Էջմիածնի Ավետարանը»:
Սպիտակ կրաքարով կառուցված եկեղեցին XI դ. արդեն խարխլված էր, և 1062-ին, Սյունյաց Գրիգոր Ա Աշոտյան թագավորի հրամանով, Գևորգ ու Հովհաննես քահանաները սրբատաշ կապտավուն բազալտով հիմնովին վերակառուցել են այն, որից հետո Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ եզակի է դարձել իր հորինվածքով և հարդարանքով: Ունի ընդհանուր երկթեք ծածկի տակ վերցրած թաղածածկ աղոթասրահ, նրան հյուսիսից և հարավից կից, արևելքում՝ խորաններով սրահներ, իսկ արևմուտքից՝ եկեղեցու հետ ծավալատարածական ամբողջություն կազմող, կենտրոնում կամարակապ մեծ բացվածքով գավիթ: Յուրօրինակ են մեանդրներով մշակված շքամուտքը, գավթի որմնասյուների բուսական զարդաքանդակներով խոյակները, հնգախորշ խորանը, երկայնական պատերի զույգ, կամարակապ քանդակազարդ բացվածքները:
Հայկական արվեստում բացառիկ են ճակատները ձևավորող, կաթնագույն քարի սալերի վրա իրականացված պատկերաքանդակները, որոնք բովանդակում են Քրիստոսի կյանքի հետ կապված առանձին թեմաներ՝ Ավետումից մինչև Համբարձում: Այս բարձրարվեստ քանդակները սերտորեն առնչվում են Սյունիքի մանրանկարչության հետ և հայկական միջնադարյան արվեստի հանգուցային ստեղծագործություններից են: Բղենո Նորավանքը վերակառուցվել է 1962-ին:
Մուրադ Հասրաթյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986:
Սարգսյան Գ., Բղենո Նորավանք, «Էջմիածին», 1952, № 3–5:
Դիվան հայ վիմագրության, պր. 2, Ե., 1960:
Մնացականյան Ս., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե., 1960:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am