«ԲՅՈՒՐԱԿՆ», ազգային, գիտական, գրական և քաղաքական հանդես: Լույս է տեսել 1882–1908-ին Կ. Պոլսում: Տեր և խմբագիր՝ Ս. Ություճյան, 1901-ից տնօրեն՝ Ս. Դավթյան, խմբագիրներ՝ Գ. Անդրեասյան, Հ. Ճիզմեճյան, Ս. Չեոլմեկճյան, Ա. Գալբակճյան: «Բյուրակն»-ը որպես ավետարանական հրատարակություն, արևմտահայության շրջանում քարոզել է բողոքական դավանանքը, կարևորել բողոքական վարժարանների և որբանոցների գործունեության լուսաբանումը, մշտապես լրատվություններ տպագրել գավառի բողոքականների առօրյայի և կրթական կյանքի մասին: Ձգտել է Հայ առաքելական եկեղեցու հետ պահպանել փոխադարձ հարգանք և ըմբռնում: Պայքարել է Կաթոլիկ եկեղեցու այն մտայնության դեմ, թե իբր Հայ առաքելական եկեղեցին նախապես միացած է եղել Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, իսկ հետագայում՝ որպես հերձվածող, բաժանվել նրանից: Այդ տեսակետից ուշագրավ են Լևոն XIII պապի՝ հայերին ուղղած համաբնույթ կոնդակի (1882) դեմ «Բյուրակն»-ի ելույթները, որտեղ դատապարտվել են Կաթոլիկ եկեղեցու հավակնությունները Արևելյան ուղղափառ եկեղեցիների նկատմամբ: Կողմնակից լինելով Հայ եկեղեցու անկախությանը՝ «Բյուրակն»-ը միաժամանակ քննադատել է Հայ եկեղեցու կարծեցյալ «ավելորդապաշտությունները», որոնք իբր աղարտել են նրա «առաքելական պարզությունն ու մաքրությունը»:

Այլ դավանությունների նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտելիս՝ «Բյուրակն»-ը օգտվել է Անգլիկան եկեղեցու տեսական դրույթներից, ընդարձակ նյութեր տպագրել Հայ, Անգլիկան և Հռոմի եկեղեցիների դավանական ընդհանրությունների ու տարակարծությունների վերաբերյալ: Ընդ որում, նրա կարծիքով, Հայ և Անգլիկան եկեղեցիները դավանական շատ ավելի ընդհանրություններ ունեն, քան Հայ և Կաթոլիկ եկեղեցիները: Ուշագրավ են Հայ առաքելական և բողոքական եկեղեցիների՝ Կաթոլիկ եկեղեցու հետ ունեցած դավանական տարակարծություններին նվիրված հրապարակումները:

«Բյուրակն»-ը տպագրել է բողոքական դավանության սկըզբունքներով հյուսված քարոզներ, ճառեր, խրատաբարոյական բնույթի նյութեր: Ակնառու են ավետարանական ճշմարտություններին, Ս. Հոգուն նվիրված տարաբնույթ հոդվածները, որոնք, փաստորեն, բանավեճի դրսևորումներ էին ընդդեմ այլ դավանությունների: Հանդեսը քարոզել է գիտության և Ս. Գրքի կատարյալ ներդաշնակության գաղափարը:

Հայերի շրջանում բողոքականության տարածման պատմության առումով հետաքրքրական են «Բյուրակն»-ի հուշագրային տպավորությունները, որոնք գրի են առել բողոքական քարոզիչները: Հանդեսը անդրադարձել է հայերի մշակութային, ազգային-հասարակական կյանքին, հետևել հայ գրականության զարգացման ընթացքին, գնահատել Մ. Մամուրյանի, Ա. Արփիարյանի, Ե. Տեմիրճիպաշյանի, Տ. Կամսարականի ստեղծագործությունները, արժեքավորել իրապաշտական ուղղությունն արևմտահայերի շրջանում: «Բյուրակն»-ը տպագրել է նաև ազգագրային բնույթի ուշագրավ հոդվածներ:

1897-ից «Բյուրակն»-ը դադարել է բողոքական հրատարակություն լինելուց:

Ալբերտ Խառատյան

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am