ԱՐԵՎԱԳԱԼԻ ԵՐԳԵՐ, արևածագին նվիրված երգեր: Արևագալի երգերի հիմնական բովանդակային առանցքն է լույսի, խորհրդաբանորեն՝ աստվածային էության փառաբանումը: Նախաքրիստոնեական շրջանում կապված են եղել արևի պաշտամունքի հետ և, ամենայն հավանականությամբ, առնչվել մեհենական երգային ավանդույթին:
Հայ եկեղեցու ինը ժամերգություններից մեկը նվիրված է արևագալին: Ըստ Մ. Արքեպիսկոպոս Օրմանյանի, VII դ., Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցու կարգադրությամբ, Առավոտյան ժամերգության վերջին հատվածը զատելով, կազմվել է հատուկ Արևագալի ժամերգություն:
Արևագալի ժամերգությունը մեկնաբանել են Ստեփանոս Սյունեցին (VIII դ.) և Խոսրով Անձևացին (X դ.): Մինչև XII դ. Արևագալի ժամերգությունը ներառել է ժամին պատշաճ սաղմոսները: XII դ. Ներսես Շնորհալին, անդրադառնալով այս ժամերգությանը, արևագալի համար ստեղծել է չորս նոր երգ՝ «Յարեւելից մինչ ի մուտըս», «Ճըգնաւորք Աստուծոյ», «Լոյս, արարիչ լուսոյ» և «Ճանապարհ եւ ճշմարտութիւն», սրանց կից՝ չորս հորդորակ:
Կա տեսակետ, որի համաձայն, այս ստեղծագործությունները միջնադարյան հոգևոր երգարվեստի մեջ երգ ժանրի ձևավորման առաջին դրսևորումներից են և կազմավորվել են հոգևոր երգաժանրերի, ինչպես նաև հեթանոսական պաշտամունքային արվեստի հիման վրա: Մասնավորաբար ակնարկվում է միջնադարում տարածված հայկական արևորդիներ աղանդի պաշտամունքային, ծիսական երգարվեստի հետ ունեցած կապը:
Գիշերային և Արևագալի ժամերգությունները փոխարինել են միմյանց, մեկի համար սահմանված օրերին մյուսը զանց է առնվել: Այժմ արևագալը ժամերգվում է միայն Մեծ պահքի շրջանում:
Մհեր Նավոյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Աբեղյան Մ., Երկ., հ. 3, Ե., 1968:
Թահմիզյան Ն., Ներսես Շնորհալին երգահան և երաժիշտ, Ե., 1973:
Պողարյան Ն., Ծիսագիտութիւն, Նյու Յորք, 1990:
Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am