ԳԱԳԿԱՇԵՆ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ Անիի, ըստ XI դարի պատմիչ Ստեփանոս Տարոնացու (Ասողիկ), Գագիկ Ա Բագրատունի թագավորի պատվերով 1001–10-ին կառուցել է ճարտարապետ Տրդատը՝ Անիում վերակերտելով ավերակ Զվարթնոցի հորինվածքը: Եկեղեցին եռաստիճան, դեպի վեր նվազող գլանաձև (արտաքուստ՝ բազմանիստ) ծավալներով կենտրոնագմբեթ կառույց է, որի 1-ին հարկը շրջանց սրահի մեջ (32,65 մ ներսի տրամագծով) ներառված քառախորան է՝ անկյուններում չորս հզոր մույթերով: Արտաքին ճակատները զարդարված են զույգ կիսասյունիկների վրա հանգչող կամարաշարերով: Տրդատը, պահպանելով Զվարթնոցի կառուցվածքային ընդհանուր հորինվածքը և չափերը, ստեղծագործաբար վերամշակել է ճարտարապետական ձևերը, մանրամասերը, զարդաքանդակները: Սակայն թաղերի ու կամարների լիցքերում, ի տարբերություն Զվարթնոցի, քարգործ վարպետները պեմզայի փոխարեն բազալտի խիճ են օգտագործել՝ ավելորդ ծանրաբեռնելով 2-րդ հարկը կրող խորանների կենտրոնական զույգ սյուները, որոնք արդեն շինարարական ավարտի մոտ սկսել են ճաքել: 1013-ին վթարային սյուները ներառել են հաստահեղույս մույթերի մեջ (4 մ-ից ավել տրամագծով), լրացուցիչ շրջակամար կառուցել արևմտյան կողմում, շարվածքով փակել արևելյան և հյուսիսային մուտքերը:
Գագկաշեն Ս. Գրիգոր եկեղեցի կործանվել է XI դ. (հավանաբար՝ Անիի 1046-ի երկրաշարժից): 1905–06-ին, Ն. Մառի ղեկավարած պեղումներով բացվել են Գագկաշեն Ս. Գրիգոր եկեղեցու ավերակները, գտնվել է Գագիկ Ա-ի արձանը՝ եկեղեցու մանրակերտը ձեռքին: Թ. Թորամանյանը ուսումնասիրել և կազմել է եկեղեցու վերակազմության նախագիծը: 1918-ին, թուրքական զորքերի Անի մտնելուց առաջ, Ա. Քալանթարն ու նրա օգնականները արձանը թաղել են Անիի տարածքում, իսկ պեղումների նյութերը տեղափոխել Ախուրյանի ձախ ափ: Գագիկ Ա Բագրատունու արձանը (բարձր. 2,26 մ) հպված է եղել եկեղեցու հյուսիսային պատին: Այն հայկական միջնադարյան քանդակագործական արվեստում կլոր ծավալով իրականացված միակ պահպանված ստեղծագործությունն է: Կերտված է վարդագույն տուֆ քարից և ներկված տարբեր գույներով: Քանդակագործը (ենթադրվում է, որ Տրդատն է) մեծ վարպետությամբ դրսևորել է պատկերվող անձի անհատական, յուրահատուկ գծերը: Ողջ հասակով պատկերված արքան ձեռքին բռնել է բավական մեծ, սնամեջ մանրակերտը, որը վերարտադրում է եկեղեցու ծավալատարածական հորինվածքը և հարդարանքը:
Մուրադ Հասրաթյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Տիեզերական պատմություն, Ե., 2000:
Մարության Տ., Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ, Ե., 1963:
Դիվան հայ վիմագրության, պր. 1, Ե., 1966:
Մնացականյան Ստ., Զվարթնոցը և նույնատիպհուշարձանները, Ե., 1971:
Թորամանյան Թ., Զվարթնոց: Գագկաշեն, Ե., 1984:
Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Ե., 1992:
Марр Н., Ани, Е., 1939.
Оганесян К., Зодчий Трдат, Е., 1951.
Strzygowski J., Die Baukunst der Armenier und Europa, Wien, 1918.
Cuneo P., Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am