ԳԱԹԸՐՃՅԱՆ Հովսեփ (ավազանի անունը՝ Ավետիք, 19.2.1820, Կ. Պոլիս – 9.1.1882, Կ. Պոլիս), պատմաբան, աստվածաբան, լեզվաբան, թարգմանիչ, մանկավարժ: Սկզբնական կրթությունն ստացել է Ղալաթիայի Մխիթարյան վարժարանում (1828–33), ապա ուսումը շարունակել Վիեննայի Մխիթարյան դպրոցում (1833–38): 1838-ից՝ Մխիթարյան միաբանության անդամ: 1841-ին ձեռնադրվել է քահանա, վարել զանազան վարչական պաշտոններ՝ Հռոմում որպես ընդհանուր գործակալ, Վիեննայում՝ փոխառաջնորդ, Կ. Պոլսում՝ Մխիթարյան դպրոցների վերատեսուչ: Երկար տարիներ Վիեննայի և Կ. Պոլսի դպրոցներում դասավանդել է կրոն, փիլիսոփայություն, երկրաչափություն, թարգմանել բազմաթիվ դասագրքեր, ինչպես, օրինակ՝ փիլիսոփայության, երկրաչափության, կենդանաբանության, բուսաբանության և այլն (բոլորն էլ՝ անտիպ): Կարևոր աշխատանք է կատարել դասական հայերենի ուսումնասիրման և կանոնակարգման ուղղությամբ, աշխատել է մաքրել այն օտարաբանություններից, որոնք թափանցել էին դասական հայերեն՝ թարգմանիչների երկրորդ սերնդից սկսած: Գաթըրճյան դասական հայերենը բաժանել է երկու շրջանի՝ V-րդ դ. սկիզբ և V-րդ դ. 1-ին կես: Դասական հայերենով է թարգմանել և հրատարակել Քսենոփոնի, Ցիցերոնի, Կիպրիանոսի և այլոց աշխատությունները, ինչպես նաև Հովհան Ոսկեբերանի, Եվսեբիոս Կեսարացու, Սեբերիանոս եպիսկոպոսի երկասիրություններից առանձին հատվածներ, որոնք ի մի հավաքված լույս են տեսել առանձին գրքով (1849, 1852): «Պատմութիւն մատենագրութեան հայոց» աշխատությունը (1851) ընդգրկում է հեթանոսական անգիր շրջանի բանաստեղծությունները, վերլուծում նրանց տաղաչափական, լեզվաոճական և գեղարվեստական առանձնահատկությունները: Առանձնապես արժեքավոր է «Հինգերորդ դարու չորս հայ պատմագրութեանց ժամանակները» ուսումնասիրությունը (ՀԱ, 1887, № 1, 1889, դ 2, 3), որտեղ ճշգրտվել են Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Մովսես Խորենացու և Ղազար Փարպեցու գրությունների ժամանակագրական շրջանակները, հերթականությունը:

Գաթըրճյանը կարևոր աշխատանք է կատարել հայոց քննական պատմության ստեղծման ուղղությամբ: Նախատեսել է հինգ հատորով լույս ընծայել «Տիեզերական պատմութիւն ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցմեր ժամանակս» աշխատությունը, սակայն լույս են տեսել միայն առաջին երկու հատորները՝ «Հին պատմութիւն» (հ. 1, 1849) և «Միջին պատմութիւն» (հ. 2, 1852): Այստեղ ընդհանուր, տիեզերական պատմության ընդգրկուն ծրագրի մեջ համառոտ ներկայացված է նաև հայոց պատմությունը (սկզբից մինչև 480-ը)՝ սկըզբնաղբյուրների լայն օգտագործմամբ ու քննական վերլուծությամբ: Հարցերը հիմնականում լուսաբանված են կրոնական տեսանկյունից. գերակշռում է կողմնակալ, շեշտված կաթոլիկական մտայնությունը:

«Քանի մը խոսք «Մասիս» լրագրույն մեկ հատվածին վրա» աշխատությունում (1854), որն ընդդիմախոսություն է Կ. Ութուճյանի «Պապութիւն և Մխիթարեանք» ուսումնասիրության, Գաթըրճյանը գերագնահատել և իդեալականացրել է ընդհանրապես կաթոլիկության և մասնավորապես Մխիթարյանների դերը Հայոց պատմության մեջ: Դավանաբանական, աստվածաբանական բազմաթիվ հարցեր է քննարկել «Հիմնական տարբերութիւն կաթուղիկէ եւ Էջմիածնական դաւանութեանց» ստվարածավալ աշխատությունում (1864): Այստեղ տրվել են երկու եկեղեցիների դավանական տարբերությունները, դրանք ծնող պատճառները, զարգացման ընթացքը: Հեղինակի համակրանքը Կաթոլիկ եկեղեցու կողմն է. աշխատությունն այդ եկեղեցու դավանական սկզբունքների փառաբանումն է: Նույն ոգով է գրվել նաև «Իրաւախոհի կեղծիք և իրաց ճշմարտութիւնք...» (1873) աստվածաբանական երկասիրությունը, որտեղ արծարծվել են նաև հայագիտական և կրոնաբարոյական բնույթի բազմաթիվ հարցեր: Բազմամյաաշխատանքի արդյունք է «Սրբազան Պատարագամատոյցք Հայոց» արժեքավոր հրատարակությունը (1897): 1877-ին, լատիներեն թարգմանությամբ հանդերձ, հրատարակվել է «Հանգիստ երանելւոյն Յովհաննու» անվավերականը. հետմահու լույս է տեսել «Հանգանակ հաւատոյ, որով վարի Հայաստանեայց եկեղեցի» (1891, լատ. թարգմանությունը՝ 1893) աշխատությունը: Ձեռագիր վիճակում են «Մաշտոց», «Կանոնագիրք Հայոց» ժողովածուների նրա պատրաստած բնագրերը:

Պետրոս Հովհաննիսյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Ակինյան Ն., Ակնարկ մը վիեննական Մխիթարեան միաբանութեան գրական գործունեութեան վրայ, Վնն., 1912:

Նույնի, Դասական հայերէնը և վիեննական մխիթարեան դպրոցը, Վնն., 1932:

«Հովսեփ Գաթըրճյան», ՀԱ, 1931, № 1–2:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am