ՀԱԿՈԲՈՍ առաքյալ (Հակոբոս Զեբեդյան), Հովհաննես առաքյալի եղբայրը (կոչվում է նաև Ավագ կամ Երեց՝ ի տարբերություն մյուս՝ Հակոբոս Կրտսեր առաքյալի): Ծնվել է Բեթսայիդայում, ապրել Երուսաղեմում: Եղբոր հետ կոչվել է Բաներեգես: Երբ սամարացիներից ոմանք չուզեցին ընդունել Քրիստոսին, Հակոբոսն ու Հովհաննեսը խնդրեցին նրան, որ թույլ տա իրենց երկնքից հուր իջեցնել և այրել նրանց: Ըստ մեկնություններից մեկի՝ այդ պատճառով է Քրիստոսը նրանց անվանել Բաներեգես՝ Որոտման որդիք: Նա Հովհաննես և Պետրոս առաքյալների հետ կազմել է այն առանձնաշնորհյալ եռյակը, որն ավելի մերձ էր Հիսուսին, և ներկա է եղել Տիրոջ ամենախորհրդավոր սքանչելագործություններին: Միակ առաքյալն է, որի նահատակությունը նշված է Գործք առաքելոցում (Գործք 12.1–2): Գլխատվել է Հերովդեսի հրամանով՝ 44-ին, Երուսաղեմում: Հակոբոսը քարոզել է Երուսաղեմում և Հուդայում: Ըստ ավանդության՝ նրա մարմինը նետել են ծովը, և ալիքներն այն դուրս են բերել Իսպանիայի ծովեզերք (Իսպանիայում Հակոբոսը, որպես պաշտելի սուրբ, մեծ ժողովրդականություն ունի):
Հայոց մեջ Հակոբոսը կոչվել է Գլխադիր առաքյալ: Ըստ ավանդության՝ Հակոբոսի գլուխը հանձնվել է Հակոբոս Տյառնեղբայր կամ Կրտսեր կոչված առաքյալին, որն էլ գլուխը թաղել է իր տան պարտեզում: Այս տան տեղում կառուցվել է Երուսաղեմի հայկական Սրբոց Հակոբյանց Մայր տաճարը, որտեղ ցայսօր ի ցույց է դրվում Հակոբոսի գլխի գերեզմանը, այսինքն՝ գլխադիրը: Դա էլ մակդիր է դարձել առաքյալի համար: Հայ եկեղեցին Հակոբոս առաքյալի հիշատակը տոնում է եղբոր՝ Հովհաննես առաքյալի հետ՝ Սուրբ Ծնունդը կանխող Ավագ տոներին՝ իբրև վերջինը:
Լևոն Սարգսյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am