ՀՈՎՀԱՆՆԵՍ առաքյալ և ավետարանիչ. առաքյալներից ամենակրտսերն է: Նրան և եղբորը՝ Հակոբոս առաքյալին, Հիսուսն անվանել է Բաներեգես՝ Որոտման որդիներ (Մարկ. 3.13–19): Որդիներն էին Զեբեդեոսի և Սալոմեի (Սողոմեի): Ծնվել է Բեթսայիդայում, ապրել Երուսաղեմում: Եղել է ձկնորս: Հովհաննեսը գործունեություն է ծավալել Փոքր Ասիայի եկեղեցիներում և Եփեսոսում: 95-ին աքսորվել է Պատմոս կղզի, այստեղ ունեցել Հայտնության մեջ նկարագրած տեսիլները: Ըստ ավանդության՝ աքսորից վերադարձել է և վախճանվել բնական մահով՝ 94 կամ 95 տարեկան հասակում, մոտ 100-ին: Ասվում է, որ նա, արդեն ալեհեր, շարունակ հորդորել է. «Զավակնե՛րս, սիրեցե՛ք միմյանց»: Հեղինակն է Ավետարաններից մեկի, երեք Ընդհանրական թղթերի և Հայտնության: Հովհաննեսը կոչվել է «սիրեցյալ աշակերտ Հիսուսի»: Նա հետևել է Հիսուսին՝ չարչարանաց գիշերից մինչև Գողգոթա: Խաչի վրայից Հիսուսը Հովհաննեսին արժանացրել է գերագույն շնորհի՝ Մարիամ Աստվածածնին նրա խնամակալությանը հանձնելով: Մինչև Հիսուսին հետևելը աշակերտել է Հովհաննես Մկրտչին: Իր եղբոր՝ Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ ներկա է եղել Հայրոսի աղջկա հարությանը, Հիսուսի պայծառակերպմանը Թաբոր լեռան վրա և նրա վերջին աղոթքին՝ Գեթսեմանիի պարտեզում: Նա էր, որ կիրակի առավոտյան Պետրոսի հետ գնաց Տիրոջ գերեզմանը և, այն թափուր գտնելով, հավատաց Հիսուսի հարությանը՝ նրան դեռ չտեսած: Հովհաննեսն իր եղբայր Հակոբոսի և Պետրոսի հետ եղել է Երուսաղեմի առաջին եկեղեցու սյուներից մեկը:
Հայ եկեղեցին Հովհաննես առաքյալի տոնը նշում է մյուս երեք ավետարանիչների հետ՝ սուրբ Խաչվերացի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը, նաև՝ եղբոր՝ Հակոբոս առաքյալի հետ:
Լևոն Սարգսյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am