ՊԵՏՐՈՍ առաքյալ (հուն. Պետրոս նշանակում է վեմ), թլփատության անունը՝ Շմավոն, հունացած ձևով՝ Սիմոն կամ Սիմեոն, Հովնանի որդին, Անդրեաս առաքյալի եղբայրը: Հիսուսը նրան անվանել է Կեփաս (արամեերեն՝ վեմ, ժայռ: Հովհ. 1.42): Ծնվել է Բեթսայիդայում, ապրել՝ Կափառնայում քաղաքում: Եղել է ձկնորս: Քարոզել է Հուդայում, Անտիոքում, Հռոմում: Նահատակվել է Հռոմում՝ գլխիվայր խաչվելով (ենթադրաբար՝ 64-ին): Ավանդության համաձայն՝ Հռոմում է նահատակվել նաև նրա կինը: Պետրոս առաքյալից ավանդված գրվածքներն են առաջին և երկրորդ Ընդհանրական թղթերը՝ ուղղված հրեական սփյուռքի հավատացյալներին:
Պետրոս առաքյալն ի սկզբանե Հիսուսին ճանաչեց որպես Աստծո Որդի (Մատթ. 16.15–17, Մարկ. 8.27–29, Ղուկ. 9.18–21), Հովհաննես և Հակոբոս առաքյալների հետ շնորհ ունեցավ Հիսուսից՝ ներկա լինելու Հայրոսի աղջկա հարությանը (Մարկ. 5.35–42, Մատթ. 9.18–26, Ղուկ. 8.40–56), Հիսուսի պայծառակերպմանը Թաբոր լեռան վրա (Մատթ. 17.1–13, Մարկ. 9.1–7, Ղուկ. 9.28–36) և Գեթսեմանիի պարտեզում Փրկչի աղոթքին՝ մահվանից առաջ (Մարկ. 14.32–42, Մատթ. 26.36–46): Թեև երեք անգամ ուրացավ Հիսուսին, ըստ Տիրոջ կանխասացության, բայց վերահաստատվեց առաքելական շնորհի մեջ և հաստատեց իր անունը՝ Վեմ, քանի որ եղավ Երուսաղեմի առաջին քրիստոնեական համայնքի, իսկ հետագայում՝ Պողոս առաքյալի հետ՝ Հռոմի եկեղեցու հիմքը: Նրա գերեզմանի վրա է կառուցվել Հռոմի Ս. Պետրոս եկեղեցին:
Հայ եկեղեցին Պետրոս առաքյալի հիշատակը տոնում է Պողոս առաքյալի հետ, Սուրբ Ծնունդը կանխող Ավագ տոների շարքում, «Գլխավոր առաքյալներ» անվան ներքո:
Լևոն Սարգսյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am