Պողոս առաքյալը, որը համարվում է 13-րդը, ծնունդով Կիլիկիայի Տարսոն քաղաքից էր, որի համար էլ կոչվել է Տարսոնացի: Հրեական անունը՝ Սավուղ (հունական ձևով՝ Սողոս): Հռոմի քաղաքացի էր, կրթությամբ ու դավանանքով՝ փարիսեցի, արհեստով՝ վրանագործ: Ելնելով հայրենի օրենքի և ավանդույթի հանդեպ նախանձախնդրությունից՝ հալածել է քրիստոնյաներին, նրանց մատնել աքսորի և սպանության: Նա մասնակից էր Ստեփանոս Նախավկայի սպանությանը (Գործք 7.54–59): Սակայն Սավուղը կամ Սողոսը (Գործք 9.) Դամասկոս մեկնելու ճանապարհին հանդիպել է հարուցյալ Հիսուսին, որը նրան կարգել է հեթանոսների առաքյալ: Հիսուսին որպես Աստծո Որդի և Փրկիչ ընդունելուց հետո նա, Սուրբ Հոգով լցված, քարոզել է Դամասկոսում, Երուսաղեմում, Անտիոքում, Կիպրոսում, Պամփյուլիայում, Լյուստրիայում (Իկոնիոն), Փռյուգիայում, Հունաստանում, Հռոմում և այլուր՝ ենթարկվելով բազում հալածանքների, չարչարանքների, աքսորի, արկածների, բանտարկության ևն: Պողոս առաքյալը հեղինակ է 14 առաքելական թղթերի, որոնք Ընդհանրական եկեղեցին դիտում է որպես ուղեցույց թղթեր՝ Քրիստոսի վարդապետության ճշմարիտ ընկալման առումով: Դրանք ուղղված են հռոմեացիներին, կորնթացիներին, եբրայեցիներին, հեթանոս նորադարձներին և սփյուռքի հավատացյալ հրեաներին: Պողոս առաքյալի թղթերը համարվում են քրիստոնեական մտքի ռահվիրաներ՝ գրված ավելի վաղ, քան Ավետարանները: Նա Հռոմում, 67 կամ 68-ին, Ներոն կայսրի օրոք, մարտիրոսական պսակ է ընդունել՝ գլխատվելով: Հայ եկեղեցին Պողոս առաքյալի հիշատակը տոնում է Պետրոս առաքյալի հետ, Ավագ տոների ընթացքում (Սուրբ Ծննդից շուրջ 10 օրառաջ): Հայ եկեղեցին Քրիստոսի Ա-ի հիշատակը տոնում է նաև միասին՝ Հոգեգալստյան վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը («Սրբոցերկոտասան առաքելոցն Քրիստոսի և Սրբոյն Պողոսի երեքտասաներորդ առաքելոյն»):

Լևոն Սարգսյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am