ՍԱՐԳԻՍ Ա ՍԵՎԱՆՑԻ (ծ. թ. անհտ – 1022, ամփոփվել է Հոռոմոսի վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 992–1019-ին: Հաջորդել է Խաչիկ Ա Արշարունուն: Ուսանել է Սևանավանքում, եղել է Շողագավանքի, այնուհետև՝ Սևանավանքի վանահայր: Կաթողիկոս է ընտրվել Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու հովանավորությամբ: 992-ին Սարգիս Ա Սևանցին կաթողիկոսական աթոռը Արգինայից տեղափոխել է Անի՝ նորակառույց Կաթողիկե (Մայր տաճար) եկեղեցի: 1006-ին Սյունյաց Վասակ թագավորի խնդրանքով և Կատրամիդե թագուհու (Գագիկ Ա Բագրատունու կինը, Սյունյաց Վասակ թագավորի դուստրը) միջնորդությամբ Սարգիս Ա Սևանցին վերահաստատել է ըմբոստության համար զրկված Սյունիքի եպիսկոպոսական աթոռի նախկին առանձնաշնորհումները: X դ. վերջին, երբ Ատրպատականի ամիրա Մամլանը հարձակվել է Հայաստանի վրա, և Ապահունիքում նրան դիմակայել են հայ-վրացական դաշնակից զորքերը, Սարգիս Ա Սևանցին մասնակցել է պաշտպանությանը, քաջալերել ժողովրդին: Պայքարել է Ապահունիք, Մանանաղի, Հարք գավառներում հզորացող թոնդրակեցիների դեմ: 1007-ին՝ 257 տարվա ընդհատումից հետո, վերականգնել է Ծռազատկի տոնը (առաջին անգամ նշվել էր 665-ին, երկրորդ անգամ՝ 750-ին):
Սարգիս Ա Սևանցին կատարել է շինարարական աշխատանքներ:
1010-ին Անիի Մայր տաճարի հարևանությամբ հիմնել է Ս. Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը: Զբաղվել է նաև գրական-երաժշտական ստեղծագործությամբ: Շարակնոցում նրա գրչին է պատկանում Հանգստյան կարգի «Սարսափելի որոտմամ» սկզբնատողով, Ահեղ դատաստանի տեսարանները պատկերող և մեղեդիական առումով ներքին ուժ ու դրամատիկական հաստատակամություն արտահայտող Տեր երկնիցը: Այն գրված է անվանական ակրոստիքոսի ձևով և հոդում է հեղինակի անունը:
Սարգիս Ա Սևանցին ծեր հասակում՝ 1019-ին, ինքնակամ հրաժարվել է կաթողիկոսական աթոռից և իր ձեռքով կաթողիկոս օծել Պետրոս Ա Գետադարձին:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 895-896:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am