Թովմաս առաքյալը, Երկվորյակը (հուն. Դիդիմոս՝ երկվորյակ. ավանդության համաձայն՝ այդպես է կոչվել Թադեոսի կամ մեկ այլ աշակերտի եղբայրը լինելու պատճառով) Գալիլիայից էր: Նրա մասին ակնարկված է երեք Ավետարաններում (Մատթ. 10.1–4, Մարկ. 3.13–19, Ղուկ. 6.12–16), իսկ Հովհաննեսի Ավետարանում հիշատակվում է Ղազարոսին հարություն տալու առնչությամբ, երբ Հիսուսն աշակերտներին առաջարկել է գնալ Բեթանիա՝ մեռած Ղազարոսին «արթնացնելու»: Այս անձնուրաց և Հիսուսին մինչև մահ հետևելու պատրաստ Թովմասը, սակայն, թերհավատություն ցուցաբերեց հարուցյալ Հիսուսի նկատմամբ և մինչև իր աչքով չտեսավ Հիսուսին մարմնով հարություն առած, չհավատաց, բայց և տեսնելուց հետո ասաց. «... Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» (Հովհ. 20.24–29): Քարոզել է Սիրիայում, Պարսկաստանում և Հնդկաստանում, որտեղ և նահատակվել է՝ աղոթքի ժամանակ նետահարվելով (ավանդություն): Ցայսօր էլ Արլ. Հնդկաստանում կան իրենց «Թովմաս առաքյալի քրիստոնյաներ» կոչող հավատացյալներ: Գերեզմանը ցույց է տրվում Մադրաս քաղաքի մոտ: Հայ եկեղեցին Թովմաս առաքյալի հիշատակը տոնում է Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

Լևոն Սարգսյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am