ԱԲԳԱՐ ԹՈԽԱԹԵՑԻ, Աբգար Եվդոկացի, Աբգար Դպիր, Աբգար Սաֆար Թոխատցի (մոտ 1520 – մոտ 1572),տպագրիչ, հոգևորական, հասարակական-քաղաքական գործիչ: Արծրունյաց թագավոր. տան շառավիղ: 1562-ին մասնակցել է Սեբաստիայի գաղտնի խորհրդաժողովին: Հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացին Աբգար Թոխաթեցու գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկել Հռոմ՝ ՀայաստանիԱբգար Թոխաթեցի ազատագրության, ինչպես նաև դավանական. հարցերով: Հռոմի պապի հանձնարարությամբ Աբգար Թոխաթեցին Աղեքսանդր քահանայի հետ կազմել է հայերի Դավանագիրը (Հավատո հանգանակ), որը 1565-ի փետր. ներկայացրել է հատուկ հանձնաժողովին: Այստեղ Աբգար Թոխաթեցին քաղաքական նկատառումներով դավան. նվիրվածություն է հայտնել պապին և շեշտել, թե Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միջև տարբերությունները չնչին են: 1565-ին Վենետիկում հիմնադրել է տպարան և տպագրել «Խառնայ փնթուր տումարի» օրացույցը (մեկէջանոց) և առաջին հայկական «Սաղմոսարանը» (վերջինս մինչև 1880-ական թթ. սխալմամբ  համարվել է հայերեն առաջին տպագիր գիրքը, իսկ Աբգար Թոխաթեցին՝ առաջին հայ տպագրիչը): 1567-ին Աբգար Թոխաթեցին տպարանը տեղափոխել է Կ. Պոլիս և Ս. Նիկողայոս եկեղեցում իր որդի Սուլթանշահի գործակցությամբ հիմնադրել Կ. Պոլսի հայկական առաջին տպարանը, տպագրել հինգ գիրք՝ ամենօրյա ժամերգությունների համար եկեղեցածիսական «Ժամագիրք-Պատարագամատոյց» (1568), յուրաքանչյուր տարվա տոնակարգը ցույց տվող «Տօնացոյց» (1568), «Տաղարան» (1568), «Պարզատումար» (1568), ծիսական կարգերի, օրհնությունների և աղոթքների «Մաշտոց» (1569):

                                                                                                          

                                                                                       Ութուջյան Ա.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա  Հայաստան» հանրագիտարան, գլխ. Խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 8

Տես նաև`   

 

Զարդարյան Վ., Հիշատակարան (1512–1933), հ. 5, Կահիրե, 1939
Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959:

                                                                               

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am