ԱԲՐԱՀԱՄ Բ ԽՈՇԱԲԵՑԻ, Բաղիշեցի, Մշեցի, Քեղեցի (1677–1734, հանգչում է Վաղարշապատի Ս. Գայանե վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 1730-ից: Հաջորդել է Կարապետ Բ Ուլնեցուն: Աշակերտել է Գրիգոր Շղթայակրին: 1708-ին՝ Մշո Առաքելոց վանքի առաջնորդ, 1717–30-ին՝ Տարոնի Ս. Կարապետ վանքի վանահայր: 1727-ին ուխտագնացություն է կատարել Երուսաղեմ, որի առթիվ խաչքար է տեղադրվել Ս. Հակոբյանց վանքում: Շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի վանքում, պատկերազարդել է տվել Մայր տաճարի երկու խորանները, որմերն ու սյուները, նորոգել մի շարք կառույցներ: Աբրահամ Բ Խոշաբեցու անունով մեզ են հասել 7 ներբող ու հոգևոր տաղեր (անտիպ) և կոնդակներ: Կաթողիկոսական գահին Աբրահամ Բ Խոշաբեցուն հաջորդել է Աբրահամ Գ Կրետացին:
Չոբանյան Պ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 9-10:
Տես նաև՝
Չամչյանց Մ.,Պատմութիւն Հայոց, հ. 3,Վնտ., 1786:
Ակինյան Ն., Բաղեշի դպրոցը 1500–1700, Վնն., 1952:
Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am