Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աբրահամ Խոստովանող

 

 ԱԲՐԱՀԱՄ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ, Աբրահամ Զենակացի (ծ. և մ. թթ. անհտ), V դարի մատենագիր, ս. Ղևոնդյանց աշակերտներից, վկա: Ծնվել է Տայք նահանգի Զենակս գյուղում: Վկայաբանություններում հիշատակվում է մեկ այլ վկայի՝ Խորեն Խոստովանողի հետ միասին: Եղիշեն գրել է նրանց ընդարձակ վկայաբանությունը և զետեղել իր «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկում: Հայսմավուրքներում հիշատակվում է նրանց վկայաբանության համառոտությունը՝ մի քանի խմբագրություններով: Ղազար Փարպեցին նրանց մասին մանրամասն տեղեկություններ է տալիս իր Պատմության մեջ (ԾԳ և ԾԸ գլուխներ): Ըստ Փարպեցու, Աբրահամ Խոստովանողը Ինքնակամ միացել է Վարդանանց պատերազմից հետո Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Պարսկաստան աքսորված հայ նախարարներին ու հոգևորականներին: 454-ին, Ապար աշխարհում Ղևոնդյանց նահատակությունից հետո, Պարսից արքայի հրամանով կտրել են Աբրահամ Խոստովանողի ու Խորեն Խոստովանողի ականջները և աքսորել Ասորիք: Այստեղ, երկար տարիներ մնալով արքունի ծառայության մեջ, նրանք միաժամանակ ողորմություն են հավաքել և ամենտարի օգնություն տարել Ապար աշխարհում գերեվարված հայ նախարարներին: Խորեն Խոստովանողը 461-ին մահացել է աքսորավայրում, իսկ Աբրահամ Խոստովանողը 463-ին վերադարձել է Հայաստան, որտեղ Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսը (461–478) նրան ձեռնադրել է Բզնունիք գավառի եպիսկոպոս: Աբրահամ Խոստովանողը ասորից հայերեն է թարգմանել Մարութա Նփրկերտցու «Վկայք Արևելից» վկայաբան. պատմությունը, որի մի մասն է հասել մեզ: IX–X դդ. պատմագիր Թովմա Արծրունին հիշատակում է Աբրահամ Խոստովանողի՝ Վարդանանց պատերազմի մասին մեզ չհասած աշխատությունը, որից օգտվել է իր Պատմության Բ դպրության Ա գլուխը կազմելիս:

 

 

                                                                                               Ղազարյան Ա. 

 

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ., Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 10:

 

 

 


 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am