Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ադանայի եկեղեցական ժողով

 ԱԴԱՆԱՅԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ  1316,գումարվել է հուլիսի 18-ին (ըստ Մ. Օրմանյանի՝ 10.7.1316), Կիլիկյան Հայաստանի Ադանա քաղաքում, Հայոց կաթողիկոս Կոստանդին Գ Կեսարացու և Հայոց թագավոր Օշին Ա-ի պահանջով: Քննարկվել է Հայ եկեղեցին Կաթոլիկ եկեղեցուն միացնելու հարցը: Միացման և լատինադավանության տարածման որոշում ընդունվել էր 1307-ի Սսի ժողովում (տես Սսի եկեղեցական ժողովներ), բայց, ուժեղ դիմադրության հանդիպելով, չէր կենսագործվել: 1316-ին Ավինյոնի Հովհաննես XXII պապն Օշին Ա-ից պահանջել է կատարել այդ որոշումը: Կիլիկյան Հայաստանի քաղաքական կացությունը, որ վատթարացել էր մամլուքների, թուրքմեն-կարամանների և թաթար-մոնղոլների մշտական հարձակումների, ինչպես նաև ներքին եկեղեցադավան. պառակտումների պատճառով, նրա գահակալներին հարկադրել է տեղի տալ արտաքին միջամտություններին, քաղաքական նեցուկ որոնել Արևմուտքում: Օշին Ա-ն և Կոստանդին Գ Կեսարացին, պապի միջնորդությամբ եվրոպական պետություններից աջակցություն ակնկալելով, գումարել են Ադանայի եկեղեցական ժողով, որին մասնակցել են 18 եպիսկոպոս, 7 վարդապետ և 10 իշխան՝ մեծ մասամբ Կիլիկյան Հայաստանի ներքին թեմերից: Նրանք հաստատել են Հայ եկեղեցին Կաթոլիկ եկեղեցուն ենթարկելու որոշումը, որը վճռականորեն մերժել են արևելյան վարդապետները և ժողովուրդը: Ադանայի եկեղեցական ժողովի որոշումներն ու դրանց գործադրման փորձերը, հանդիպելով համառ դիմադրության հատկապես Հայաստանում, մնացել են անկատար: Արքունիքը փորձել է ճնշել հոգևորականության և ժողովրդի ընդվզումները, ինչը միայն խորացրել է պառակտումները և թուլացրել երկրի դիմադրողականությունը թշնամի մահմեդական պետությունների հանդեպ:

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 15:

 

 

Տես նաև՝ 

 

Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3,Վնտ., 1786

 Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am