ԱԴԻԱԲԵՆԵ, Հին Հայաստանին սահմանակից քրիստոնյա երկիր Տիգրիս և Փոքր Զավ գե-տերի միջև: Դեպի արլ. տարածվել է մինչև Զագրոսի լ-շղթան: Հս-ից սահմանակից էր Մեծ Հայքի Կորճայք և Պարսկահայք նահանգներին: Ըստ Ստրաբոնի, Ադիաբենեում մեծաթիվ ժողովուրդներն էին մարերը, հայերը և բաբելացիները: Գլխավոր  քաղաքներն էին Արբելան և Նինվեն: Ք. ծ. ա. IV–II դդ. Սելևկյանների թագավորության 72 սատրապություններից մեկն էր: Ք. ծ. ա. II դ. սկզբին (Սելևկյանների անկումից հետո) դարձել է առանձին թագավորություն: Ք. ծ. ա. 80-ական թթ. միավորվել է Հայաստանին, նրա զորքերը մասնակցել են Տիգրան Բ Մեծի վարած բոլոր մարտերին: Ք. ծ. ա. 66-ի Արտաշատի հաշտության պայմանագրով միացվել է Պարթևաստանին: Ք.ծ. հ. I դ. սկզբին այնտեղ հիմնվել է Մոնոբազյանների ժառանգական թագավորությունը (հիմնադիր Մոնոբազ Ա-ի անունով): Երկրորդ գահակալ Իզատեսի օրոք (35–59) թագավորությունն զգալիորեն ընդարձակվել է և հզորացել: Ադիաբենեի կիսանկախ թագավորությունը մոտ հինգ դար (ընդհատումներով)՝ մինչև Սասանյանների իշխանության գլուխ անցնելը (226) պահպանել է իր գոյությունը: VI դ. Ադիաբենեն հիշվում է որպես Սասանյան Պարսկաստանին ենթակա վարչական առանձին միավոր՝ Հեդայաբ անունով: Ասորական Եդեսիայի թագավորության նման Ադիաբենեն Արևելքում քրիստոնեության տարածման առաջին կենտրոններից է: Եկեղեցական ավանդությունը և պատմական աղբյուրները վկայում են, որ այստեղ դեռևս I դ. կեսին տարածվել է քրիստոնեության նախնական մի ձև: Դա տեղի էունեցել Մոնոբազ Ա-ի և նրա քույր Հեղինեի օրոք, երբ քրիստոնեական. վարդապետությունը պարարտ հող է գտել Ադիաբենեի հրեա քաղաքային բնակչության շրջանում և անգամ թափանցել թագավոր. ընտանիք: Հրեա պատմագիր Հովսեպոս Փլավիոսի վկայությամբ, Հեղինեն գալիլեացի Եղիազար քարոզչի շնորհիվ ընդունել է «հրեական դավանանք» (մովսեսականություն): Մովսես Խորենացին Հեղինեին համարել է Եդեսիայի թագավոր Աբգարի այրին, որին Հայոց Սանատրուկ թագավորն իբր աքսորել էր Խառան («Հայոց պատմություն», գիրք2-րդ, գլ. ԼԵ): Ադիաբենեի Մոնոբազյանների տան անդամները դարձել են Հայոց Տրդատ Ա թագավորի հենարանը: Հռոմեա-պարթևա-հայկական պատերազմների ավարտից հետո երկարատև խաղաղություն է հաստատվել, որը նպաստավոր պայմաններ է ստեղծել Արևելքում քրիստոնեական Գաղափարների հետագա զարգացման ու տարածման համար: Ենթադրվում է, որ այս տարածաշրջանում են հիմնադրվել Արևելքի անդրանիկ եկեղեցիները, որոնցից ամենաառաջինները Եդեսիայի, Մծբինի և Ադիաբենեի եպիսկոպոսություններն էին: Նրանց կազմավորման մասին մեզ հասած տեղեկությունները հիմնականում ավանդազրույցների բնույթի են: Դրանցից հնագույնը «Ադդայի վարդապետությունն» է, ըստ որի՝ամբողջ Արևելքի, այդ թվում Ադիաբենեի եկեղեցու հիմնադիրները Հիսուսի 72 աշակերտներից Ադդան և նրա հաջորդ Ագգան են եղել: Երկուսն էլ քարոզել են Արևելքի հրեա քաղաքային բնակչության շրջանում: Սակայն, սկսած I դ. 2-րդ կեսից, քրիստոնեական վարդապետությունն ընդգրկել է նաև ոչ հրեական տեղական տարրերը, որոնք էլ I դ. վերջին – II դ. Սկզբին սկսել են գերակշռող դեր խաղալ քրիստոնեական համայնքներում: Ասորի ժամանակագիր Մշիխա Չեխան վկայում է, որ Ադիաբենեի եպիսկոպոսության հիմնադիրը եղել է ոչ թե անձամբ Ադդան, այլ նրա հաջորդի՝ Ագգայի աշակերտ Պկիդան: Այս անհամաձայնությունը բացատրվում է նրանով, որ արլ. յուրաքանչյուր եկեղեցի ձգտել է ապացուցել իր հնությունն ու առաքելականությունը, և որ իրենց հայրապետները քահանայությունն անմիջաբար ստացել են առաքյալներից: Այդ միտումները հատկապես ակներև են դարձել V դ., երբ Բյուզանդիայի և Պարսկաստանի հրահրմամբ Արևելքի եկեղեցիների միջև անզիջում պայքար է ծավալվել նախաթոռության համար: Այդ պայքարում որոշակի դեր է խաղացել նաև Ադիաբենեի եկեղեցին: Ի տարբերություն Անտիոքի և Եդեսիայի եպիսկոպոսությունների, որոնք գրեթե միշտ եղել են հռոմեական ազդեցության տակ, Ադիաբենեի եկեղեցին կապված էր Տիզբոնի կամ Արևելքի եկեղեցու (Պարսկաստանի) հետ: Ըստ «Մար Մարիի Վարքի» և «Ադիաբենեի եկեղեցու պատմության», Ադիաբենեից է քրիստոնեական վարդապետությունը տարածվել Պարսկաստանի քաղաքներում և հատկապես Տիզբոնում: Հեդայաբի (հին Ադիաբենե) եպիսկոպոսությունը V դարից պատկանել է Տիզբոնի կամ Արևելքի կաթողիկոսությանը, իսկ ավելի ուշ նեստորականությունն այստեղ, ինչպես ողջ Պարսկաստանում, հռչակվել է պաշտոնական դավանանք: «Արևելյան ժամանակագրությունը» վկայում է, որ Մար Իսահակ կաթողիկոսի՝ 410-ին Տիզբոնում գումարած ժողովում Տիզբոնի կամ Արևելքի (իմա՝ Պարսկաստանի) եկեղեցին բաժանվել է 6 թեմերի: Երրորդ՝ Մծբինի թեմի կամ մետրոպոլիտության մեջ են մտել, ի թիվս այլոց, նաև Բեյթ-Մոկսայի (Մոկք), Կարդուի (Կորճայք), Բեյթ-Զաբդեի (Զավդեք-Ծավդեք) եպիսկոպոսությունները, իսկ հինգերորդ՝ Հեդայաբի կամ Արբելայի թեմին են պատկանել,ի թիվս այլոց, նաև Բեյթ-Նուհադրայի, Բեյթ-Դասենի, Բեյթ-Մահկարտի եպիսկոպոսությունները: Դրանք Մեծ Հայքի Նորշիրական (Նոշիրական) բդեշխության Նիխորական,Դասն և Մահկերտուն գավառներն էին, որոնք Հայաստանի 387-ի բաժանումից հետո կցվելեն Պարսկաստանին ենթակա Ադիաբենի կամ Հեդայաբի նահանգին: Արևելքի մետրոպոլիտությունների մեջ մտնող հայկական այս երկրամասերի և գավառների ասորական եպիսկոպոսությունները մրցակցել են Հայաստանի հունաբան թևի հետ: Արաբական նվաճումներից (VII դ.կես) հետո Ադիաբենեն ընդգրկվել է Ջեզիրեի (այժմ՝ Իրաքի տարածքում) կազմում, իսկ նրա անունն աստիճանաբար մոռացվել է:   

                                                                                                   Մարգարյան  Ե.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002 էջ 16-17:

Տես նաև՝

 

Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,Ե., 1997:

 Մելքոնյան Հ., Ադիաբենի պետությունը և Հայաստանը, Ե., 1980:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am