ԱԴՈՆՑ (Տեր-Ավետիքյան) Նիկողայոս Գևորգի [10.1.1871, գ.Բռնակոթ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) –27.1.1942, Բրյուսել], պատմաբան, բանասեր, ազգային-հասարակական գործիչ: Սանկտ Պետերբուրգի (1916–20) և Բրյուսելի (1931–42) համալսարանների դոկտոր, պրոֆ.: 1931–42-ին՝ Բրյուսելի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի գրականության և արլ. լեզուների բաժինները(1899): Ուսումնառությունը կատարելագործելու նպատակով հետևել է նաև Մյունխենի, Փարիզի, Օքսֆորդի համալսարանների բյուզանդագիտ. դասընթացներին, պարապել Վենետիկի, Վիեննայի և Ս. Էջմիածնի ձեռագրատներում (1899–1902): 1916–17-ին մասնակցել է Մուշի, Էրզրումի և Վանի հնագիտական արշավախմբերի աշխատանքներին: Տիրապետել է հին և նոր բազմաթիվ լեզուների, աշխատակցել պարբերական մամուլին («Հանդես ամսօրյա», «Արարատ», «Նոր դար», «Մշակ», «Բազմավեպ», «Սիոն» և այլ), ծավալել ազգային-հասարակական բուռն գործունեություն: Թողել է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն 100-ից ավելի աշխատություններ՝ նվիրված հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմությանը, գրականությանը, բյուզանդագիտությանն ու կովկասագիտությանը, Հայ առաքելական եկեղեցու և կրոնի պատմությանը, առասպելաբանությանը, ծիսագիտությանը, լեզվաբանությանը, արվեստին: Հայագիտության խոշորագույն նվաճումներից է Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուս., 1908, անգլ., 1969, հայ., 1987) կոթողային մենագրությունը, որտեղ մանրամասն տրված է Հայաստանի պատմաաշխարհագրական նկարագիրը, լուսաբանված են նախարարական կարգն ու հողատիրության ինստիտուտները, շինականների իրավական ու տնտեսական դրությունը, Հայաստանի քաղաքական կացությունը և հարակից այլ հարցեր: Հայ-հունական բանասիրության նշանակալից արժեքներից է Ադոնցի «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» (ռուս., 1915, ֆրանս.,1970) հետազոտությունը, որտեղ 30 ձեռագրերի բաղդատման հիման վրա հրատարակել է Դիոնիսիոս Թրակացու քերականության հայ. թարգմանությունը՝ կից հունարեն բնագրով: Ադոնցը հեղինակել է մենագրային փոքրածավալ բազմաթիվ աշխատություններ, որոնք վերաբերում են Հին Հայաստանի պատմության սակավ ուսումնասիրված խնդիրներին: Առանձնակի արժեք ունեն Ադոնցի բանասիրական բնույթի հետազոտությունները՝ նվիրված Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը, Կորյունին, Փավստոս Բուզանդին, Եզնիկ Կողբացուն, Մովսես Խորենացուն, Մովսես Կաղանկատվացուն, Ղևոնդ Վարդապետին և այլոց: Մաշտոց և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների՝ (1925) մենագրությունում բացահայտել է հայոց գրերի պատմության հետ կապված շատ առեղծվածներ: 1930-ական թթ. վերջին Ադոնցը ձեռնարկել է «Հայ ժողովրդի պատմություն» ֆրանսերեն քառահատոր աշխատության ստեղծումը, որի միայն առաջին հատորն է լույս տեսել (ֆրանս., 1946, հայ., 1972): Մյուս հատորների նյութերը՝ ձեռագիր ու անավարտ վիճակում, պահվում են նրա արխիվում: Ադոնցն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու պատմության բազմաթիվ խնդիրների, հեղինակել միայն եկեղեցուն, եկեղեցական մատենագրությանն ու արվեստին վերաբերող ուսումնասիրություններ: 1899-ին հրատարակության է պատրաստել հայոց Հայ սմավուրքներին, Ճառընտիրներին ու Ճաշոցներին նվիրված մենագրությունը, որտեղ վերլուծել է հայ եկեղեցական տոների համակարգը, տվել Հայսմավուրք ժողովածուների ծագման ու զարգացման ուղիները,տարորոշել դրանց խմբագրությունները: Հայ եկեղեցու պատմության առանձին մանրամասներ է շոշափել նաև «Հայոց առաքելությունը Հոնաց աշխարհում» (1902), «Հայ ծաթերի ծագման մասին» (ռուս., 1911), «Քերսոնի եպիսկոպոս Ամպելիոսը» (ռուս., 1913) ուսումնասիրություններում և հատկապես՝ Գրիգոր Լուսավորչին նվիրված հետազոտությունների շարքում: Ադոնցը փորձել է հերքել Գրիգոր Լուսավորչի ծագման մասին տիրապետող կարծիքները և սկզբնաղբյուրների քննական վերլուծության հիման վրա առաջարկել միանգամայն նոր տեսակետ: «Հայացած Աստվածաշունչն ու նրա պատմական տարողությունը» (1936) երկում վերլուծել է Աստվածաշնչի հայերեն թարգմանության գրական-գեղարվեստական առանձնահատկություններն ու արժանիքները: ԵզնիկԿողբացուն նվիրված քննական նշմարներում ճշգրտել է հեղինակի անձի, ժամանակի և գործի խճողված խնդիրները, քննել ու վերլուծել «Ճառք յանդիմանութեան» (1925–26), «Կանոն Սրբոյն Գրիգորի Պարթեւի» (1925–26), «Նշանագիր կարգաց բանից» (1938) բնագրերը և այլն: Ադոնցին հետաքրքրել են նաև հին հայկական դիցաբանության («Տորք աստված հին հայոց», 1911), նախաքրիստոնեական շրջանի հայոց պաշտամունքի ու գաղափարախոսության հարցերը («Հին հայոց աշխարհայացքը», 1926): Ձեռագիր վիճակում են «Տօնացույց» (600 էջ), «Ճաշոց» (150 էջ) ժողովածուները, «Պատկերների խնդիրը Հայոց եկեղեցու մեջ» (65 էջ), «Ասորա-պարսկական քրիստոնեական եկեղեցու աստիճանակարգությունը» (20 էջ) և այլ ուսումնասիրություններ (բոլորն էլ՝ Բեյրութի Համազգայինի գրական պահոցում):
Հովհաննիսյան Պ
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 17-18:
Տես նաև՝
Գյուզալյան Գ., Նիկողայոս Ադոնցը որպես պատմաբան, Բեյրութ, 1943:
Յուզբաշյան Կ.,Նիկողայոս Ադոնցի գիտական ժառանգությունը, ՊԲՀ, 1962, դ 4:
Ադոնց Ն., Երկեր, Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ, հատոր Բ, ԵՊՀ հրատ., Երևան, 2006:
Ադոնց Ն., Երկեր, Հայերենագիտական ուսումնասիրություններ, հատոր Գ, ԵՊՀ հրատ., Երևան, 2008:
Ադոնց Ն., Երկեր, Քննական պատմություն հայոց, հատոր Դ, ԵՊՀ հրատ., Երևան, 2009:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am