ԱՂ, անարյուն զոհաբերության նյութ կամ ընծա, որ կիրառվում է եկեղեցիներում: Հոգևոր առումով ունի մաքրագործիչ, պահպանիչ և զորացուցիչ նշանակություն: Ավանդված է դեռևս Հին կտակարանից, մովսիսական օրենքով. Ձեր ամեն մի զոհաբերությունը Տիրոջը թող աղով աղվի. ձեր զոհաբերություններից չպակասեցնեք Աստծու ուխտի աղը. «Բոլոր զոհաբերությունների ժամանակ ա՛ղ մատուցեցեք» (Ղևտ. 2.13): Աղը մատուցվում էր մյուս անարյուն զոհաբերությունների՝ ալյուրի,ձեթի, խունկի, ցորենի և այլ ընծայաբերումների շարքում, որպես երախայրիք Աստծո սեղանին կամ եկեղեցուն: Նոր կտակարանում Աղի խորհրդաբանությունը կապվում է առաքյալների և առհասարակ հավատացյալ մարդու հետ, ինչպես հավաստում է տերունական խոսքը. «Դո՛ւք եք երկրի աղը...» (Մատթ. 5.13, Մարկոս 9.49, Ղուկաս 14.34–35): Աղն օգտագործվում է մատաղի ժամանակ: Աղօրհնեք, Հայ եկեղեցում ընդունված խորհրդապաշտական արարողություն: Ըստ Սահակ Ա Պարթևի եկեղեցական կանոնների և Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականի», Աղի օրհնությունը հաստատել է Գրիգոր Ա Լուսավորիչը: Օրհնված Աղը զոհաբերվող (մատաղացու) կենդանուն տալով՝ վերացվում է նախնական մեղքը, քանզի Ադամի և Եվայի պատվիրանազանցության պատճառով անիծվել են իրենց հետ դրախտում եղած կենդանիները ևս, ինչպես նաև ողջ երկիրը:Քահանայի օրհնած աղը, մաքրելով տվյալ կենդանուն, արժանի է դարձնում նվիրաբերելու Աստծուն: Աղն օրհնվում է նաև Տնօրհնեքի (տես Հոգևոր բարեպաշտական արարողություններ) ժամանակ և այլ պարագաներում:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ.խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 31-32:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am