Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աղբակի Ս. Բարդուղիմեոս վանք

ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ,Դեյր, Դհեր, Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Մեծ Զաբ գետի աջ ափի բլրի գագաթին: Ըստ ավանդության՝ I դ. Բարդուղիմեոս առաքյալհիմնադրել է Սանատրուկ թագավորը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանի վրա, նրա մոտ գտնվող Կաթնաղբյուրի ջրով բորոտությունից բուժվելուց հետո: Վանքը հիշատակվում է XIII դարից:1316-ին Աղբակի  Ս. Բարդուղիմեոս վանքի վանահայր Հակոբը մասնակցել է Ադանայի եկեղեցական ժողովին, 1321-ին Հռոմի Հովհաննես XXII պապը նամակով նրան առաջարկել է ընդունել Կաթոլիկ եկեղեցու ծիսակարգը, 1339-ին վանքում ընդօրինակվել է Ավետարան, 1398-ին՝ Վարդան Արևելցու «Հնգամատյանի մեկնությունը»: Միջնադարում Աղբակի  Ս. Բարդուղիմեոս վանքը եղել է Աղբակ գավառի առաջնորդանիստ վանք, հռչակավոր սրբավայր ու ուխտատեղի: Վանքի եկեղեցին XIII դ. կառուցվել է հնագույն բազիլիկի հիմքերի վրա և ունի մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ ներսից բազմանիստ Ավագ խորանով:  Հս. Ավանդատանը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանն է հետևյալ արձանագրությամբ. «Այս է տապան հանգստեան սբ. Բարդուղիմէոսի սրբազան առաքելոյ առաջին լուսաւորչին Հայաստանեաց աշխարհի»: Եկեղեցուն արմ-ից կից է նրա հետ ծավալատարածական ամբողջություն կազմող և ոճական ընդհանրություն ունեցող գավիթը, որի խաչվող կամարներով իրականացված ծածկի կենտրոնում երդիկավոր գմբեթն է: Գավթի արմ. պատի վրա փոքր զանգ աշտարակ է կառուցված: Եկեղեցու և գավթի ճակատները զարդարված են որմնասյունիկներով, գմբեթի թմբուկի շարվածքում կիրառված է բազմագունություն: Գավիթն արմ.Հովհաննես 22 պապը ճակատում ունի պատի ողջ բարձրությամբ խոշոր շքամուտք, որի դռան վերևում քանդակված հեծյալը (համարվում է Բարդուղիմեոս առաքյալը) տեգը ձեռքին սպանում է վիշապին: Դռան երկու կողքերին, ողջ հասակով քանդակված են բուրվ առակիրներ և վանքի քարգործ վարպետները՝ շինարարական գործիքները ձեռքերին: Շքամուտքի վերևի կիսաշրջանաձև ճակատակալ քարին Ս.Երրորդության պատկերաքանդակն է. Գահին բազմած Հայր Աստվածը աջ ձեռքով պահում է Քրիստոսին, ձախով՝ աղավնակերպ Ս. Հոգուն, ոտքերի տակ զույգ առյուծներ են, շուրջը՝ հրեշտակներ: Աղբակի  Ս. Բարդուղիմեոս վանքի բարձրաքանդակն այս թեմայով հայկական  պատկերագրության լավագույն ստեղծագործություններից է: 1487-ին և 1490-ին վանքում Մարգար գրիչը ընդօրինակել է Ավետարան: 1647-ին Աղբակի  Ս. Բարդուղիմեոս վանքի և Վարագավանքը ընդհանուր միաբանություն են կազմել: 1651-ին վանքը նորոգել է վանահայր Կիրակոս վարդապետը:1715-ին երկրաշարժից քանդվել է վանքի եկեղեցու գմբեթը,խարխլվել են պատերը: 1755–60-ին Հովհաննես Մոկացին (Լիմ անապատից) վերականգնել է գմբեթը և նորոգել պատերը: XIX դ. Սկզբին վանքի ունեցվածքըվատնվել է, մենաստանը բարձիթողի արվել վանահայր Խաչատուր վարդապետի օրոք, ինչի համար կաթողիկոս Դավիթ Ե Էնեգեթցին նրան պաշտոնազրկել է և բանադրել: 1817-ին վանահայր Իսրայել եպիսկոպոսը ընդդիմացել է Ներսես Աշտարակեցու և գեներալ Պասկևիչի՝ արևմտահայերի գաղթը կազմակերպելու ծրագրին, համարելով այն ՙազգակործան՚: 1843-ին Ներսես Ե Աշտարակեցին դրվատել է Արտազի Ս.Թադե վանքի և Աղբակի  Ս. Բարդուղիմեոս վանքի առաջնորդ, ռուսամետ կողմնորոշում ունեցող Նիկողայոս եպիսկոպոսին, որը չէր ստորագրել հայերիպաշտպանությունը անգլիացիներին հանձնելու խնդրագիրը: XIX դ. վանքում բացվել էվարժարան: 1860-ին քանդվել է Աղբակի  Ս. Բարդուղիմեոս վանքի գմբեթը, որը 1878-ին վերակառուցել է վանահայր, ծայրագույն վրդ. Եղիազարը: 1897-ին երկրաշարժից քանդվել է եկեղեցու պատը: XIX դ. վանքը բավական հարուստ է եղել: Նրա թեմն են կազմել Աղբակ, Գավառ, Ջուլամերկ, Սալմաստ և Ուրմիա գավառները՝ 100-ի հասնող հայաբնակ գյուղերով: Վանքն ունեցել է նաև ագարակներ, հանդեր, արտեր, արոտավայրեր, անտառ: Եղել է սիրված ուխտատեղի, վանքին ավանդաբար նվիրաբերել են հազվագյուտ սպիտակ գոմեշներ, որոնց հպվելը համարվել է դիպչողի բաղձանքի կատարման առհավատչյան: 1905-ին վանքը կողոպտվել է, 1966-ին երկրաշարժից քանդվել են եկեղեցու գմբեթը և գավթի ծածկը, ոչնչացել շքամուտքի բարձրաքանդակը:

 

                                                                                                     

                                                                                            Հասրաթյան Մ.  


Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 34-35:


Տես նաև՝

Շերենց Գ., Սրբավայրեր, Թ., 1902: 

Էփրիկյան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 2, Վնտ., 1907:

Ոսկյան Հ., Վասպուրական  Վանի վանքերը, հ. 3, Վնն., 1947: 

Bachmann W., Kirchen und Moschen in Armenien und Kurdistan, Lpz., 1913; 

Strzygowski  J., Die Baukunst der Armenier und Europa, Wien, t. 1–2, 1918; 

Cuneo P., Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988; 

Thierry J.M., Monuments armeniens du Vaspurakan, P., 1989.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am