ԱՂԲԻԱՆՈՍՅԱՆՆԵՐ, հոգևորական տոհմ Հայաստանում, IV–V դարերում: Հիմնադիրն է Աղբիանոսը: Ըստ Ագաթանգեղոսի, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց (301) հետո քրմի որդի Աղբիանոսը կարգվել է եպիսկոպոս և ապա՝ վերակացու Եփրատի շուրջը եղած շրջանների ու Բագրեվանդ գավառի: Կալվածներ է ունեցել նաև Հարք և Բզնունիք գավառներում: Խոսրով Բ Կոտակ թագավորի օրոք (330–338) Աղբիանոսին է տրվել Մանավազյան նախարարների աթոռանիստ Մանազկերտը՝ շրջակա հողերով հանդերձ: Այնտեղ հիմնվել է Մանազկերտի եպիսկոպոսությունը, որն ավելի ուշ Հարք գավառի անունով կոչվել է նաև Հարքի եպիսկոպոսություն: IV–V դդ. Հայոց եպիսկոպոսապետության համար  մղվող մրցապայքարում Աղբիանոսյանները մնում էին Գրիգոր Ա Լուսավորչի տոհմի գլխավոր հակառակորդները և հաճախ գերակշռություն ձեռք բերում: Հայր ապետ. գահին Աղբիանոսյանների և Գրիգոր Լուսավորչի հետնորդների աթոռակալելը հիմնականում պայմանավորվել է Հայոց թագավորների վարած արտաքին քաղաքականությամբ՝ արլ. Հռոմեական կայսրության (Բյուզանդիայի) կամ Պարսկաստանի նկատմամբ ունեցած դիրքով: Լուսավորչի հետնորդները հակված էին դեպի Արլ. Հռոմեական կայսրությունը, անհամերաշխ էին Պարսկաստանի և հայ Արշակունի այն թագավորների հետ, որոնք փորձում էին Պարսկաստանի դաշնակիցը դառնալ: Աղբիանոսյանները ձգտել են համերաշխ մնալ դրացի Պարսկաստանի հետ և Հռոմեական կայսրության վերահսկողությունից ազատել Հայ եկեղեցին (հայ կաթողիկոսներին ձեռնադրել է Կեսարիայի մեծ եպիսկոպոսապետը): 373-ին Շահակ Ա Մանազկերտցին կաթողիկոս դարձավ Պապ թագավորի նախաձեռնությամբ, առանց Կեսարիայի մեծ եպիսկոպոսապետի ձեռնադրության՝ վերջ դնելով Հայ եկեղեցու կախվածությանը Կեսարիայի աթոռից: V դ. 2-րդ կեսին Աղբիանոսյանները կորցրել են իրենց քաղաքական  հեղինակությունը: Դրանից հետո Աղբիանոսյանների մասին տեղեկություններ չեն պահպանվել: Աղբիանոսյաններից էին՝ Փառեն Ա Աշտիշատցի, Շահակ Ա Մանազկերտցի, Զավեն Ա Մանազկերտցի, Ասպուրակես Ա Մանազկերտցի, Մելիտե Ա Մանազկերտցի և Մովսես Ա Մանազկերտցի կաթողիկոսները:

                                                                                         Կատվալյան Մ.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 35:
 
Տես նաև՝

Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Ե.,1983:

Փավստոս  Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1987:

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:


 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am