ԱՂՋՈՑ ՎԱՆՔ, Աղջոց Ս . Ստեփանոս վանք, ՀՀ Արարատի մարզում, Գեղարդավանքից 7 կմ հարավ-արևելք, լեռան լանջին: Ըստ ավանդության` հիմնադրել Աղջոց վանքի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու (1270) արմ. ճակատը:է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դ. սկզբին` որպես կուսանացվանք, Տրդատ Գ արքայի հալածանքներից փախած և այստեղ ապաստանած Ստեփանոս քահանայի նահատակման տեղում: Աղջոց վանքի ներկայիս կիսավեր համալիրը կառուցվել է XIII դ. և բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, նրանցից հս. գտնվող բնակելի ու տնտեսական շինություններից: Գլխավոր` Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցել է վանահայր ԱբելԳրիգոր Լուսավորիչ վարդապետը 1212–17-ին, իշխան Գրիգոր Խաղբակյանի օժանդակությամբ: Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք (գմբեթն ավերվել է երկրաշարժից): Արմ. կողմից կից է վանքի գավիթը (1217–34), որի ծածկն իրականացված է եղել երկու զույգ խաչվող կամարներով (պահպանվել են գավթի արլ. մասի պատերը): Ս.Ստեփանոս եկեղեցուն հս-ից կից է Երեմիա վանահոր օրոք իշխան Վասակ Խաղբակյանի 1270-ին կառուցած Ս. Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին` խորանի երկու կողմերում ավանդատներով և հվ. պատին կից սենյակներով: XIII դ. Աղջոց վանքը որպես նվեր ստացել է հողեր, այգիներ, դրամ: Վանքում XV դ. գրվել են ձեռագրեր (Ավետարաններ, Ճաշոց, Խազգիրք): Աղջոց վանքում են պահվել ս. Ստեփանոս քահանայի Աջը և Արիստակես Ա Պարթևի Աջը: XVII դ. սկզբին, շահ Աբբասի արշավանքի ժամանակ, Աղջոց վանքը կողոպտվել է, Արիստակես Ա Պարթևի Աջը  հափշտակվել ու տարվել Թավրիզ, որտեղ այն հետ է գնել բաղիշեցի մի հայվաճառական և վերադարձրել Աղջոց վանքին (այժմ գտնվում է Ս. Էջմիածնում): 1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից շատ վանքերի հետ ավերվել է նաև Աղջոց վանքը, Տրդատ Գբայց նորոգվել է ու գործել մինչև XVIII դ. կեսը` մինչև լեզգիների վերջին ասպատակությունը, որից հետո լքվել է ու ամայացել: Աղջոց վանքում կան Հին և Նոր կտակարանների թեմաներով կատարված արժեքավոր պատկերաքանդակներ: Ս. Ստեփանոս եկեղեցու արմ.մուտքի ճակատակալ քարին պատկերված է մի դրվագ Ահեղ Դատաստանից. վերևում փառքի պսակի մեջ Քրիստոսն է, ներքևում, երկու շարքով` ընտրյալները: Հվ. պատին քանդակված է կանգնած Դանիելը` առյուծների գբում, ներքևում` պատուհանի երկու կողմերում զույգ աղավնիներ են, խորանի ճակատի պատին, դեմ հանդիման պատկերված են երկու մարդկային գլուխներ` աքեմենյան խույր հիշեցնող գլխարկներով: Բազմազան են եկեղեցու զարդաքանդակները` բուսական, երկրաչափական մոտիվներով, իրականացված մեծ վարպետությամբ ու բարձր արվեստով: Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու արմ. մուտքի երկու կողմերում Պետրոս և Պողոս առաքյալների` մարդու բնական մեծությամբ հարթաքանդակներն են: Մուտքից աջ երկարամազ և մորուքով Պետրոսն է` աջ ձեռքը բարձրացրած, ձախում` բանալիներ, իսկ ձախ կողմում` Պողոսը, մորուքով և նույնպես երկարամազ, առանց ավանդ. ճաղատի (Պողոսի նման պատկերագրությունը հանդիպում է նաև հայկական մանրանկարչության մեջ): Առաքյալների այս հարթաքանդակներն իրենց կատարումով արմատապես տարբերվում են հայկական արվեստում մինչ այդ տիրապետող ոճական ուղղությունից (քանդակը ճարտարապետական ձևն ընդգծող տարրն է) և նոր մոտեցման` պատկերաքանդակներին ինքնուրույն նշանակություն տալու առաջին օրինակներից են:

 

                                                                                              Հասրաթյան  Մ.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002,  էջ 40-41:


Տես նաև՝
Հովսեփյան Գ., Խաղբակեանք կամ Պռոշեանք Հայոց պատմութեան մէջ, մաս 2, Երուսաղեմ, 1944:
Զաքարյան Լ., Աղջոց վանքը և նոր ուղղության զարգացումը հայ քանդակագործության մեջ XIII–XIV դդ., ՊԲՀ, 1985, դ 1:



ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am