ԱՂՈԹՔ, աղաչանք առ Աստված, օրհնություն, գոհություն, փառաբանություն, «խոսք ընդ Աստված», Աստծո հետ հաղորդակցվելու գլխավոր միջոց: Իր քարոզներից մեկում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում բառը. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը աղն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ: Իսկ ոթքը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը» (Մատենադարան, ձեռ. դ 2173, թ. 391 ա): Աղոթել նշանակում է Աստծո հետ միատեղվել, Աստծո շնորհը հագնել, աստվածայինով զգեստավորվել: Աղոթքը, որպես Աստծո հետ հաղորդակցության ձև, ունի իր միջոցը, որ է Սուրբ Հոգին: Քրիստոնեական հավատի համաձայն, Ս. Հոգին նաև աղոթողի ուսուցիչն ու օգնականն է Աղոթքի ժամանակ, նրա ներշնչման աղբյուրը.Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետև մենք աղոթում ենք...՝ (Հռոմ. 8.26): Ս. Գրքում տրված են Հիսուս Քրիստոսի երկու լրիվ Աղոթքները և Գեթսեմանիում նրա Աղոթքի (Մատթ. 26.36–46, Մարկ. 14.32–42, Ղուկ.22.39–46) որոշ մասերը: Առաջինը Տերունական աղոթքն է, մյուսը Հիսուսն արտասանել է այն ժամանակ, երբ, կանխավետելով իր հաղթանակը աշխարհի ու մահվան նկատմամբ, պատրաստվում էր վերադառնալ իր Հոր մոտ (Հովհ. 17.1–26): Հիսուսը հավատացյալ քրիստոնյային պատվիրում է հաճախակի աղոթել(Կողոս. 2.2), աղոթել ամենայն ժամ (Ղուկ.18.1, 21.36, Եփես. 6.16) և անդադար (Ա Թեսաղ. 5.17): Նա հանդիմանում է կեղծավոր,ի ցույց մարդկանց կատարվող Աղոթքները (Մատթ.6.5), պատվիրում է ծածուկ աղոթել (Մատթ.6.6) և աղոթելիս հեթանոսների պես շատախոս չլինել (Մատթ. 6.7): Ըստ եկեղեցու ս. հայրերի ուսուցումների,Աղոթքը մուտք է հոգևոր ոլորտ և հաղորդակցություն երկնային իրականության հետ, «մըտքի համբարձում երկրային իրողություններից» և «առաջընթաց առ աննյութականը և աստվածային բազմախորհուրդ ճանաչողությունը» (Նեղոս Սինայեցի,IV–V դդ.): Առանց հավատի Աղոթքը անուժ է,և միայն հավատից բխող Աղոթք է, որ կարող է ներգործություն ունենալ, լսելի լինել Աստծուն:Գրիգոր Տաթևացին տվել է Աղոթքի տասը հիմն. խորհուրդներ՝ վերցված Ս. Գրքից և ս. հայրերից, որտեղ նա Աղոթքի միջոցով շեշտել է մարդու կապը Բարձրյալի հետ՝ ներշնչված Ս.Հոգով, և կարևորել Աղոթքը՝ որպես կատարելության հասնելու միջոց: Ըստ Գրիգոր Տաթևացու, Աղոթքի սրբությունները երեքն են՝ սրտի, լեզվի և ձեռքերի, քանզի Աղոթքը դրանց միջոցով է կատարվում: Ձեռքերի սրբությունն այն է, որ ասել է առաքյալը. «Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմ. 2.8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահեն ագահությունից, զրկանք պատճառելուց, արյունից: Լեզվի սրբությունն այն է, որ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով խոսքի բարկությունից,հայհոյանքներից, աղաղակներից: Իսկ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է: Աղոթքը պետք է լինի սրտաբուխ, սիրտը մաքրելով բոլոր մեղքերից և չար խորհուրդներից, քանզի, ըստ քրիստ. մարդաբանության,սիրտը մարդու ներաշխարհի հոգևոր կենտրոնև Ս. Հոգու շնորհի ընդունարան է (Սաղմ.51.10, Առակ. 4.23), խորհուրդների շտեմարան, Սուրբ Հոգու տաճար (Գրիգոր Լուսավորիչ): Կան անհատ. և հրապարակային կամ հասարակական Աղոթքներ: Անհատի Աղոթքը հաճախ իրականացվում է ներքին խոսքի միջոցով, առանց բառեր արտասանելու: Իսկ «հրապարակային կամ հասարակական Աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը,... երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք» (Սիմեոն Ա Երևանցի, XVIII դ.): Ըստ բնույթի Աղոթքները լինում են հավատի և փառաբանության,զղջման և ապաշխարության, դավան., բարեխոսական ևն: Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խընդրվածքներ»«օրհնություններ» և «գոհություններ»: IV դ. եկեղեց. հայրերից Հակոբ Մծբնացին հակիրճ տվել է դրանց բնութագրերը. «խնդրվածքները» այն Աղոթքներն են,երբ գործած մեղքերի համար գթություն և ողորմություն են խնդրում Աստծուց, իսկ «օրհնություններն» ու «գոհությունները» նրանք են, երբ խնդությամբ գոհանում են երկնային Հորից և օրհնում նրան իր բոլոր գործերի համար: Գրիգոր Տաթևացին, խոսելով Աղոթքի տասը խորհուրդների մասին, որպես դրանցից մեկը նշում է գոհությունն ու օրհնությունը Աստծո երախտիքներին, որ արել է մարդկանց համար թե անցյալում, թե ներկայում: Աղոթքը մեծ տեղ և խորհրդապաշտ. Նշանակություն ունի ճգնակեցական կյանքում (տես Ճգնավորություն): Համաձայն արևելաքրիստ. և Հայ եկեղեցու ավանդության, աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում: Արևելքն իր հոգևոր և կրոն. հասկացությամբ խորհրդապաշտ. բով անդակություն է ստացել, և ավանդաբար ու սովորությունների կիրառումով օրենքի ու կանոնի ուժ է ստացել (բացի բողոքական եկեղեցիներից) նաև աղոթելիս մարդկանց հայացքը դեպի արևելք դարձնելը:

                                                                                          Ղազարյան Ա.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 39-40:

 

Տես նաև՝

Աղօթագիրք, Երևան, 2000:

Աղօթագիրք, Երևան, 1992:


 

 

                                                                                                               

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am