ԱՂԹԱՄԱՐԻ ՎԱՆՔ, Աղթամարի Ս. Խաչվանք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավ-արևելյան մասում, Աղթամար կղզում: Եղել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության հոգևոր կենտրոնը, Աղթամարի Ս. Խաչ եկեղեցիայդտեղ է գործել Աղթամարի կաթողիկոսությունը (XII–XIX դդ.), որի կաթողիկոսները միաժամանակ Աղթամարի վանքի առաջնորդներն էին: Աղթամարի վանքում է առժամանակ հանգրվանել Լուսավորչի Աջը: 915–921-ին ճարտարապետ Մանուելը, Գագիկ Արծրունի թագավորի հանձնարարությամբ, կառուցել է Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցին, որը քառախորան, խորանամերձ անկյուններում երեք քառորդ խորշերով, խաչաձև գմբեթավոր հորինվածքով կրկնել է Արծրունյաց տան տոհմական տապանատուն Զորադիրի Ս. Էջմիածին եկեղեցու ճարտարաը: 1280-ին Աղթամարի Ստեփանոս Գ Տղա Սեֆեդինյան կաթողիկոսը նորոգել է Ս. Խաչ եկեղեցու տանիքը և գմբեթի վեղարը: 1293-ին Ս. Խաչ եկեղեցու հվ-արլ. կողմում Հոռոմշահի որդիներ Ստեփանոսը և Սարգիսը կառուցել են Աղթամարի վանքիԱղթամարի Ս. Խաչ եկեղեցու արևելյան ճակատը Ս. Ստեփանոս միանավ, թաղածածկ եկեղեցին: 1296-ին Աղթամարի Զաքարիա Ա Սեֆեդինյան կաթողիկոսը կառուցել է Ս. Խաչ եկեղեցուն հս.-արլ.-ից կից Ս. Սարգիս միանավ մատուռը, ամառային ժամատուն, վերնատուն, դարպաս: 1431-ին Փերի բեկի հրոսակները ներխուժել են Աղթամար կղզի, կողոպտել Աղթամարի վանքի սպասքը, զարդերը, ոչնչացրել ձեռագրերը: 1556-ին նորոգվել է Ս. Խաչ եկեղեցու գմբեթը: Աղթամարի Գրիգորիս Գ Փոքր կաթողիկոսը (հիշատակվում է 1595–1605-ին) Աղթամարի վանքին է նվիրել ոսկեկազմ Ավետարան, վերանորոգել ժամատունը, ձիթհան կառուցել, Ս. Ստեփանոս եկեղեցուն նվիրել Երուսաղեմից բերված վարագույր, զգեստներ, ոսկե սկիհներ: Աղթամարի 
 Բաղդասար Բաղիշեցի կաթողիկոսի օրոք (հիշատակվում է 1735–36-ին) Աղթամարի Քրիստոսի բարձրաքանդակը (Աղթամարի Ս. Խաչ եկեղեցի)վանքն անկում է ապրել, միաբանների մեծ մասը ցրվել է: 1756-ին Աղթամարի Գրիգոր կաթողիկոսը պատվիրել է Ս. Խաչ եկեղեցու խաչկալը: 1763-ին Թովմա Բ Աղթամարցի կաթողիկոսը Ս. Խաչ եկեղեցու արմ. ճակատին կից, Նախապետ ուստայի ձեռքով, կառուցել է անշուք, պարզունակ և անարվեստ ճարտարապետությամբ քառամույթ գավթի շենքը: XVIII դ. վերջին – XIX դ.սկզբին Ախիջանը և Գևորգը Ս. Խաչ եկեղեցու հվ. ճակատին կից կառուցել են Ս. Համբարձում անվանակոչված երկհարկ զանգակատունը, ինչի համար քանդել են Արծրունիների թագավորական օթյակը տանող քարե բարձակային աստիճանները: Աղթամարի վերջին կաթողիկոս Խաչատուր Բ Շիրոյանը (1864–95) կառուցել է Վեհարանի, դպրոցի, թանգարանի շենքերը: Աղթամարի վանքի համալիրում են հվ-արլ. կողմում գտնվող Ս. Գևորգ և Ս. Աստվածածին (Կարմիր եկեղեցի կոչվող) մատուռները, Ս. Խաչ եկեղեցու արլ. կողմի XII–XIX դդ. գերեզմանատունը` Աղթամարի կաթողիկոսների տապանաքարերով և խաչքարերով: Աղթամարի վանքի ուխտագնացության օրն է Խաչվերացի տոնը: 1917-ին Աղթամարի վանքը լքվել է և ամայացել: Այժմ կանգուն է միայն վանքի Ս. Խաչ եկեղեցին` հայկական ճարտարապետության գոհարներից մեկը: Նրա գլխավոր առանձնահատկությունը, որով այն դասվում է ողջ քրիստոնեական արվեստի բացառիկ ստեղծագործությունների շարքը, ճարտարապետության հետ համադրված աստվածաշնչային և աշխարհիկ թեմաներով պատկերաքանդակներն են և որմնանկարները: Եկեղեցու պատերը ողջ պարագծով դրսի շրջառում են պատկերաքանդակների վեց գոտի: Ստորին գոտին նեղ ժապավեն է` ոճավորված բուսական զարդաքանդակներով: Երկրորդ` գլխավոր գոտին, Հին և Նոր կտակարանների, նաև որոշ աշխարհիկ թեմաներով ստեղծված մեծադիր հարթաքանդակների շարք է: Հին կտակարանի թեմաներից քանդակված են` Հովնանի ծով նետվելն ու հրաշքով ազատվելը, Դավիթն ու Գողիաթը, Սամսոնը, Ադամն ու Եվան, Դանիելը` առյուծների գբի մեջ, երեք մանկունքը` հնոցում: Նույն բարձրության վրա, արմ. ճակատին, խորանի լուսամուտի երկու կողքերին, Գագիկ Արծրունի թագավորն է` եկեղեցու մանրակերտը ձեռքին, և Քրիստոսը` օրհնական Աջով: Լուսամուտի տակ, կենտրոնում, երկու հրեշտակներ բռնել են «Փառքի նշանը»` խաչազարդ մեդալիոն: Նոր կտակարանի թեմաներից են գահավորակների վրա նստած Քրիստոսն ու Աստվածածինը, սուրբ զինվորները, Հայաստանում քրիստոնեություն քարոզող առաքյալները, Գրիգոր Ա Լուսավորիչը, արաբների դեմ ազատագրական պայքարում զոհված, սրբերի շարքը դասված Համազասպ և Սահակ Արծրունի իշխանները: Երրորդ գոտին կազմված է կենդանիների քանդակներից, չորրորդում, խաղողի չընդհատվող որթագալարի մեջ, աշխարհիկ կյանքի տարբեր տեսարաններ են, հինգերորդ` ենթաքիվային գոտին ներկայացնում է տոհմանշաններ, զինանշաններ, դիմաքանդակներ, իսկ վեցերորդը` գմբեթի թմբուկի ենթաքիվայինը, պատկերում է եղնիկների, այծյամների փախուստը առյուծների, հովազների հետապնդումից: Եկեղեցու ճակատներին տեղադրված են չորս ավետարանիչների խոշոր, ամբողջ հասակով բարձրաքանդակները: Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու պատերը ներսից ծածկված են X դ. բարձրարվեստ որմնանկարներով, որոնք մեծ կարևորություն ունեն արևելաքրիստոնեական արվեստի պատմության համար: Դրանք ոճական սերտ ընդհանրություն ունեն ճակատների պատկերաքանդակների հետ և հիմնականում նվիրված են ավետարանական թեմաներին: Պատկերների շարքը սկսվում է հվ. խորանից և շարունակվում արմ. և հս. խորանների երկարությամբ` ժամանակագրական կարգով, ըստ բարձրության տարբեր գոտիներով: Առաջին գոտում պատկերված թեմաներն են «Ավետումը»,  «Այցելությունը»,  «Ծնունդը»«Հովսեփի երազը»«Փախուստը դեպի Եգիպտոս»«Մանկանց կոտորածը»«Մկրտությունը»«Այլակերպությունը»«Կանայի հարսանիքը», երկրորդ գոտում` «Քրիստոսի քարոզը»«Մուտքը Երուսաղեմ»«Քրիստոսի օծումը Բեթանիայում»«Ոտնլվան»,  «Քրիստոսը Պիղատոսի առաջ»«Խաչելությունը»«Սուրբ կանայք գերեզմանի մոտ»«Քրիստոսը դժոխքում»«Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագդաղենացուն»«Սուրբ Կույսի ննջումը»: Հին կտակարանից կա մեկ թեմատիկ շարք` նվիրված Ադամի և Եվայի ամբողջ պատմությանը: Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարներն առնչվում են վաղ միջնադարյան հայկական  արվեստի հետ (Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի, Լմբատավանք), նաև` X–XI դդ. գեղարվեստական նոր ուղղությանը: Եկեղեցին արվեստների` ճարտարապետության, քանդակագործության և նկարչության համադրության փայլուն օրինակ է և եզակի` միջնադարյան հայկական մշակույթում: Նրա պատկերաքանդակներն ազդել են ինչպես հայկական քանդակագործության հետագա զարգացման, այնպես էլ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ձևավորման վրա: Աղթամարի վանքը նշանակալի դեր է ունեցել հայ մատենագրության ու գրչության զարգացման գործում: Վանքում X դ. կազմավորվել և XII դարից ծաղկել է Աղթամարի գրչության կենտրոնը, որը վերելք է ապրել հատկապես Աղթամարի Զաքարիա Ա Սեֆեդինյան կաթողիկոսի (1296–1336) օրոք: Գրիչ Դանիել Աղթամարցին Ստեփանոս արք. Օրբելյանի խորհրդով ընդօրինակել է Թովմա Արծրունու «Պատմությունը» (1303), իսկ 1330-ական թթ.` Անանուն մատենագրի գրած այդ պատմության հավելվածը: Դանիելի սերունդները շուրջ երկու դար զբաղվել են գրչությամբ. նրանց շնորհիվ մեզ է հասել մոտ 100 ձեռագիր: Աղթամարի գրչության կենտրոնի նշանավոր մանրանկարիչներից է Զաքարիա ծաղկողը (XIV դ. վերջ– XV դ. սկիզբ), գրիչներից` Թովմա Մինասենցը (XV դ.), Ներսես և Ստեփանոս Դ Տղա կաթողիկոս եղբայրները (XV դ.), Գրիգորիս Աղթամարցի (Մեծ) կաթողիկոսը (XVI դ.) և  ուր.: Կենտրոնը մեծ հռչակ է ունեցել. այնտեղ ձեռագրեր ընդօրինակելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից, նույնիսկ Գլաձորի համալսարանից ու Հերմոնի վանքից: Մեզ են հասել այստեղ ընդօրինակված պատմական և գեղարվեստական երկեր, բազմաթիվ նկարազարդ Ավետարաններ, Մաշտոցներ, Հայսմավուրքներ, Տաղարաններ և այլ ձեռագրեր: 


                                                                   Հասրաթյան Մ., Մաթևոսյան  Ա.  


Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 37-39:


Տես նաև՝

Թովմա  Արծրունի և Անանուն,

Պատմություն Արծրունյաց տան, Ե., 1999:

Լալայան Ե., Վասպուրական. նշանավոր վանքեր, Թ., 1912:

Տեր - Ներսեսյան Ս., Հայ արվեստը միջնադարում, Ե., 1975:

Մնացականյան Ստ., Աղթամար, Ե., 1983: 

Der Nersessian S., Vahramian H., Aght’amar, Milano, 1974 (Documenti di architettura armena, 8);

Thierry J. M., Monuments armeniens du Vaspurakan, P., 1989.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am