Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աղվանից կաթողիկոսություն

ԱՂՎԱՆԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ, Աղվանից  քահանայապետություն, եպիսկոպոսապետություն, հայրապետություն, Աղվանից եկեղեցու հոգևոր և եկեղեցավարչական գերագույն կենտրոնական իշխանությունը: Կազմավորվել է VI դ. 2-րդ կեսին: Ընդգրկել է բուն Աղվանքի և Մեծ Հայքի Ուտիք ու Արցախ նահանգների թեմերը, ընդունել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գահերեցությունը: Կառուցվածքով հար և նման էր Հայ, Վրաց, Ասորվոց և Արևելյան մյուս եկեղեցիների կաթողիկոսություններին: Գլխավորել է կաթողիկոսը (կոչվել է նաև քահանայապետ, արքեպիսկոպոս, եպիսկոպոսապետ, հայրապետ, հովվապետ), որն ընտրվել է եկեղեցական բարձրագույն ժողովում՝ թեմերի առաջնորդների ու հրավիրված բարձրաստիճան աշխարհականների կողմից և ձեռնադրվել Ամենայն հայոց հայրապետից: Նա կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը: Կաթողիկոսության կենտրոնը դարձել է մայրաքաղաք Պարտավը (462-ին հիմնել է Առանշահիկներից Վաչե Բ): Տարբեր ժամանակներում կաթողիկոսանիստ են եղել Կապաղակը, Ամարասի վանքը, Չարեքի բերդը, Բերդակուրը (ամառային նստավայր), Խամշի վանքը, Ճալեթը, Գանձակը, Գանձասարի վանքը: Աղվանից կաթողիկոսությունը առաջնորդվել է Աղվենի եկեղեցական ժողովի մշակած կանոններով: Առաջին գահակալն է եղել Աբասը (551–595): 591–626-ին, Բյուզանդական կայսրության գերիշխանության հզորացման հետ, տարածաշրջանում ուժեղացել է քաղկեդոնականությունը, որի դեմ հայ-աղվանական հոգևորականությունն անզիջում պայքար է մղել: Արաբական տիրապետության հաստատումով (VIII դ.) քաղկեդոնական եկեղեցու ազդեցությունը թուլացել է: Արլ. Անդրկովկասի անդրկուրյան գավառներում սկսվել է աղվանական ցեղերի բռնի մահմեդականացում: Արդեն ուշ միջնադարում բուն Աղվանքում զգալիորեն նոսրացել են հակաքաղկեդոնական եկեղեցու կենտրոնները: IX–XI դդ. Աղվանից կաթողիկոսության կենտրոն է դարձել Փառիսոսի թագավորության Միափոր գավառի Խամշի վանքը: XIII դարից Աղվանից կաթողիկոսությունը հետևողականորեն պայքարել է կաթոլիկության և այլ կրոնագաղափարախոսական հոսանքների դեմ: 1240-ից բարձրացել է Գանձասարի եպիսկոպոսության հեղինակությունն ու դերը, որտեղ ժառանգաբար գահակալել են Հասան-Ջալալյանները (իշխանական տոհմ Արցախ-Խաչենում): XIV դարից կաթողիկոսությունը տեղափոխվել է Գանձասարի վանք, սկսել է ավելի հաճախակի կոչվել ուղղակի Գանձասարի կաթողիկոսություն՝ ի հոգևորս ենթարկվելով Ս. Էջմիածնի Հայոց կաթողիկոսությանը: XVIIդ. կեսից Խաչենի Երից Մանկանց վանքում ստեղծվել է հակաթոռ կաթողիկոսություն, ինչը երկփեղկել է Աղվանից կաթողիկոսությունը մինչև XIX դ.: Աղվանից կաթողիկոսությունը (Գանձասարի) տնօրինել է բուն Աղվանքի (Կապաղակ, Շաքի, Բաղախատ), Աղվանից մարզպանության հս. հատվածի (Չող, Ցիր) և Մեծ Հայքի «Արևելից Կողմանց» (Պարտավ, Ամարաս, Ուտիք, Գարդման, Հաշու, Մեծկըվենք, Գանձասար, Բաղասական) թեմերը: Քաղաքական հանգամանքների բերումով թեմերի թիվը մշտապես փոփոխվել է՝ մե՛րթ ավելացել, մե՛րթ նվազել: Տարբեր ժամանակներում Աղվանից կաթողիկոսությանն են ենթարկվել նաև Հաբանդի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Դերբենդի և այլ եպիսկոպոսական թեմեր: Աղվանից կաթողիկոսությունը հոգևոր բնագավառից բացի գործուն մասնակցություն է ունեցել հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին: Գումարել է համընդհանուր եկեղեցական ժողովներ, որտեղ մշակել է հասարակական հարաբերությունները կարգավորող որոշումներ, ճշտել քաղաքական դիրքորոշման հարցեր, սահմանել եկեղեցական կանոններ: Աղվանից կաթողիկոսության անվանումը դարձել է սոսկ վերացական հասկացություն: Գանձասարի կաթողիկոսությունը, հատկապես Հասան-Ջալալյանների հայրապետությամբ, եղել է Արցախում հաստատված մահմեդական խաների բռնակալության դեմ մելիքների ընդդիմության, XVIII դ. 1-ին քառորդի հայ ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչը, ոգեշնչողն ու հոգևոր, քաղաքական կենտրոնը: Այն վերածվել է ռուսական կողմնորոշման ուղեցույցի և ռուսական արքունիքում թուրք-պարսկական լծից ազատագրվելու հայոց իղձերի թարգմանի: 1815-ին ցարական կառավարությունը Ամենայն հայոց կաթողիկոսության միջնորդությամբ լուծարել է Աղվանից կաթողիկոսությունը՝ փոխարենը հաստատելով մետրոպոլիտություն: Նախկին Աղվանից կաթողիկոսությանը ենթակա նահանգներում կազմվել են նվիրապետական տեսակետից Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա երկու առաջնորդական թեմեր և մեկ հաջորդական վիճակ: Այդ իրադրությունը վերջնականապես ամրապնդվել է «Պոլոժենիե»-ում (1836): Առաջին առաջնորդական թեմի (Շուշիի կամ Արցախի) մեջ մտել են Դիզակ, Վարանդա, Բերդաձոր, Խաչեն, Ջրաբերդ,Գյուլիստան, Շաքի, Կապաղակ, Հաջի, Խենի,Կամբեճան, Արաշ (Արեշ), Լենքորան (Լանքարան) գավառները: Երկրորդ առաջնորդական թեմը (Շամախի կենտրոնով) ընդգրկել է Դերբենդի (Դար-բանդ), Ղուբայի, Շամախու, Բաքվի, Սալյանի և հարևան գավառների հայկական եկեղեցիներն ու վանքերը: Հաջորդական վիճակի կենտրոնն էր Գանձակ (Ելիզավետպոլ) քաղաքը, որին ենթարկվել են Գարդման, Փառիսոս, Զավե գավառները: Հաջորդական վիճակն անմիջապես ենթակա էր Թիֆլիսի կոնսիստորիային: Աղվանից կաթողիկոսության վերջին՝ Սարգիս Բ կաթողիկոսը մինչև իր վախճանը (1828) եղել է մետրոպոլիտ:

Աղվանից  կաթողիկոսների անվանացանկ

Աբաս (551–595), Վիրո (595–629), Զաքարիա Բ (629–644), Հովհան Բ (644–671), Ուխտանես (671–683), Եղիազար (683–689), Ներսես Ա (689–706),Սիմեոն Ա (706–707), Միքայել (707–744), Անաստաս (744–748), Հովսեփ Ա (748–765), Դավիթ Բ(765–769), Դավիթ Գ (769–778), Մատթե Բ (778–779), Մովսես Բ (779–781), Ահարոն (781–784), Սողոմոն Ա (784), Թեոդորոս (784–788), Սողոմոն Բ (788–799), Հովհաննես Գ (799–824), Մովսես Գ (824), Դավիթ Դ (824–852), Հովսեփ Բ (852–877), Սամուել (877–894), Հունան (Հովնան, 894–902),Սիմեոն Բ (902–923), Դավիթ Ե (923–929), Սահակ Բ (929–947), Գագիկ Ա (947–958), Դավիթ Զ (958–965), Դավիթ Է (965–971), Պետրոս Ա (971–987),Մովսես Դ (987–993), Մարկոս Ա, Հովսեփ Գ, Մարկոս Բ, Ստեփանոս Ա (հաջորդաբար՝ 993–1079),Հովհաննես Ե (1079–1129), Ստեփանոս Բ (1129–1131), Գագիկ Բ (Գրիգորիս, 1139), Բեժգեն (1140),Ներսես Բ (1149–1155), Ստեփանոս Գ (1155–1195), Հովհաննես Զ (1195–1235), Ներսես Գ (1235–1262),Ստեփանոս Դ (1262–1323), Սուքիաս, Պետրոս Բ(հաջորդաբար՝ 1323–1331), Զաքարիա (1331), Դավիթ Ը (հիշատակվում է միայն ցանկերում), Կարապետ (1402–1420), Հովհաննես Զ (1426–1428),Մատթեոս Գ (1434), Աթանաս (ըստ ցանկերի, գահակալել է 1 տարի), Գրիգոր Բ (ըստ ցանկերի), Հովհաննես Է, որդի Ջալալի (1441–1470), Ազարիա (ըստ ցանկերի), Մատթեոս (1488), Արիստակես (ըստ ցանկերի), Թումա Սոկյութլվեցի (1471), Ստեփանոս (1476), Ներսես Դ (1478), Շմավոն Ա (1481),Առաքել Սոկյութլվեցի (1481–1497), Արիստակես Բ (1515–1516), Սարգիս Ա Ղշլաղեցի (1554), Գրիգոր, որդի Մեյրամբեկի (1559–1574), Պետրոս Գ(1571), Դավիթ Թ (1573), Փիլիպպոս Տումեցի (ըստ ցանկերի, գահակալել է 1 տարի), Հովհաննես Ը, որդի Մեյրամբեկի (1574–1586), Դավիթ (1584), Աթանաս (1585), Շմավոն Բ (1586–1611), Արիստակես Գ Քոլատակցի (1588), Մելքիսեթ Արաշեցի (1593), Սիմեոն Գ (1616), Պետրոս Խանձկեցի (1653–1675), Սիմեոն Դ Խոտորաշենցի (1675–1701),Երեմիա Բ Հասան-Ջալալյանց (1676–1700), Եսայի Հասան-Ջալալյանց (1702–1728), Ներսես Ե, հակաթոռ (1706–1736), Իսրայել (1728–1763), Ներսես (1763), Հովհաննես Ժ Գանձասարեցի (1763–1786), Սիմեոն Ե Խոտորաշենցի (1794–1810), Սարգիս Բ (1810–1815, 1815–1828-ին՝ մետրոպոլիտ):

                                                                                              Սվազյան Հ.


Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002,  էջ 42-44:

Տես նաև՝

Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983: 

Ալիշան Ղ.,Հայապատում, Վնտ., 1901: 

Շահխաթունյանց Հ., Ստորագրութիւն Կաթուղիկե Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 2, Էջմիածին, 1842: 

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1–2, ԿՊ, 1912–14:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am