Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ախթալայի Սուրբ Աստվածածին վանք

ԱԽԹԱԼԱՅԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ժայռապատ խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա: Վաղ միջնադարում բնակավայրը կոչվել է Ագարակ, 12–13-րդ դարերին՝ Պղնձահանք, իսկ Ախթալա անվանումն ստացել է ուշ միջնադարում: Ախթալայի Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքՍուրբ Աստվածածին վանքը եղել է հյուսիսային Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը, 12–13-րդ դարերին կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր: Վանքի տարածքը շրջապատված է 10-րդ դարի Կյուրիկյան Բագրատունիների օրոք կառուցված ամրոցի բրգավոր պարսպապատերով, որոնք ձգվում են հյուսիսից հարավ, հրվանդանի ամբողջ պարագծով: Գլխավոր մուտքը հյուսիսից է: Այն թաղակապ ձգված սրահ է, որից արևլք բարձրանում է շրջանաձև հատակագծով եռահարկ բրգաձև աշտարակը: 13-րդ դարին Իվանե Ա Զաքարյանը վանքը վերածել է քաղկեդոնիկ մենաստանի: Պղնձահանքը դարձել է Գուգարքի վրացադավան հայերի կրոնական կենտրոն, հայ-վրացական կրթարան: Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում 13-րդ դարին գործել է Սիմեոն Պղնձահանեցին: Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկական և վրացական մատենագրություն: Պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի վկայությամբ, Իվանե Ա Զաքարյանն այստեղ է պահել իշխան Վասակ Պռոշյանի ընծայած՝ Օրբելյանների «Աստվածընկալ Սուրբ Խաչը», որն էլ Իվանե Ա 1216-ին նվիրել է Նորավանքին: ՊատմիչներԱխթալայի Սուրբ Աստվածածին վանք Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, 1227-ին Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում՝ իր իսկ կառուցած եկեղեցու դիմաց է թաղվել Իվանե Ա-ն: 1250-ին վանքում, հոր կողքին է թաղվել նաև Իվանեի որդի Ավագ Զաքարյանը: Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին (13-րդ դար) գտնվում է ամրոցի կենտրոնում և ունի մեկ զույգ ութանիստ մույթերով գմբեթավոր հորինվածք: Եկեղեցու աղոթասրահն արևլքում ավարտվում է Ավագ խորանով, որի երկու կողմերում կրկնահարկ ավանդատներն են: Գմբեթը (չի պահպանվել) բարձրացել է երկու մույթի և խորանի եզրապատի հետհամատեղված որմնամույթերի միջև գցված կամարների վրա: Եկեղեցու ճակատների հարդարանքում առանձնանում են զույգ պատուհանների միջից բարձրացող մեծադիր քանդակազարդ խաչերն ու շքամուտքերը: Արևելյան Ճակատը մշակված է եռանկյունաձև խորշերով: Սուրբ Աստվածածին եկեղեցուն արևելքից կցված են սրահ և փոքր, արտաքին հարուստ զարդանախշային հարդարանքով թաղածածկ, ուղղանկյուն խորանով եկեղեցի (13-րդ դար): Վանքի բակի հյուսիս-արևմտյան կողմում կանգուն է միանավ, թաղածածկ եկեղեցին (13-րդ դար)՝ արևելյան ճակատից դուրս եկող կիսաշրջանաձև խորանով: Վանքն ունեցել է բնակելի և տնտեսական շինություններ, որոնցից պահպանվել են արևելյան պարսպապատին հարող կրկնահարկ կառույցի պատերը: 1976–78-ին Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը մասնակի վերանորոգվել է: Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսն ամբողջությամբ (բացի հյուսիս-արևմտյան մասից) նկարազարդված է: Պատերը, մույթերը, կամարները, խորանը ծածկված են Հին ու Նոր կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ բարձրարվեստ որմնանկարներով (13-րդ դար): Խորանի գմբեթարդին Աստվածածինն է՝ գահին նստած,նրանից ցած՝ «Հաղորդություն» տեսարանն է, ներքևում՝ երկու շարքով, ողջ հասակով սրբերը (Բարսեղ Մեծը, Հռոմի Սեղբեստրոս պապը, Հակոբ Մծբնացին, Գրիգոր Ա Լուսավորիչը,Եվսեբիոս Կեսարացին ևն): Հյուսիսային պատի վերին մասում Աստվածածնի պատկերագրության երեք դրվագներն են, եկեղեցու հարավ-արևմյան Կողմը նվիրված է սուրբ Հովհաննես Մկրտչին: Սյուներին, միջնապատերին, կամարներին տարբեր սրբերի դիմապատկերներն են, որոնց շարքում առավել տպավորիչ են սյունակյացները: Արտակարգ բազմազան են զարդանկարները: Տարբեր տոնայնությամբ ու հնչեղ գույները, կապույտ ֆոնի հետ զուգակցված, ուժեղացնում են որմնանկարների հանդիսավորությունը և ճոխությունը: Որմնանկարների ստորին շերտը, ավետարանական թեմաներով, անմիջական աղերսունի 11-րդ դարի հայկական մանրանկարչության, հատկապես «Մողնու Ավետարան»պատկերազարդման հետ: Այդ նմանությունն արտահայտվում է ոչ միայն որմնանկարների պատկերագրության մեջ, այլև մանրամասներում (դեմքերում, հագուստում ևն): Իսկ որմնանկարների վերին շերտը ոճով մոտ է բյուզանդական արվեստին: Հայկական մանրանկարչության հետ ոճական ընդհանրությունները, վրացական և հունական արձանագրությունները վկայում են, որ  Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները կատարել են քաղկեդոնական հայ նկարիչներ: 

                                                                         

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան, 2002, էջ 28-29:



 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am