ԱԿԻՆՅԱՆ Ներսես Հակոբի (ավազանի անունը՝ Գաբրիել, 10.9.1883, Արդվին – 28.10.1963,Վիեննա), բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ: Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1901), Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր (1954): Նախնական կրթությունն ստացել է Արդվինում, ապա 1895-ին ընդունվել Վիեննայի Մխիթարյանների վարժարանը: Առաջին ուսուցիչն է եղել Հ. Տաշյանը: Հետևել է Վիեննայի համալսարանի հունահռոմեական, բյուզանդական մշակույթի պատմության, հունարենի, լատիներենի, ասորերենի դասընթացներին, հմտացել աստվածաբանության, փիլիսոփայության մեջ, աշակերտել ավստրիացի արվեստաբան, հայ ճարտարապետության և արվեստի նշանավոր հետազոտող Յ. Ստրժիգովսկուն,հետագայում դարձել նրա խորհրդատուն, ապա և աշխատակիցը: Համալսարանի դասընթացներն ավարտելուց հետո 1907-ին ձեռնադրվել է քահանա և պաշտոնավարել Վիեննայի Մխիթարյանների Մայրավանքում. 1907-ին՝ուսուցիչ դպրեվանքում, 1908–11-ին՝ փոխտնօրեն, 1916–20-ին՝տնօրեն, 1909–63-ին՝ միաբանության մատենադարանապետ, միաժամանակ (ընդհատումներով)՝ «Հանդես ամսօրյայի» խմբագիր: 1931-ին ընտրվել է Մխիթարյան միաբանության ընդհանուր վարչության անդամ, 1931–37-ին՝ Մայրավանքի մեծավոր, հյուրընկալ: Հայ մշակույթն ուսումնասիրելու համար շրջել է «երկրէ երկիր»«բախել ամեն դուռ», հավաքել բազմահազար հայերեն ձեռագիր ու տպագիր գրքեր: 1912-ին Ս. Էջմիածնում մասնակցել է Գևորգ Ե Սուրենյանցի կաթողիկոսական օծմանը, այցելել Գառնի, Այրիվանք, Անի, ապա և ուրիշ հնավայրեր: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դրամ է հանգանակել, օգնել հայ տարագիրներին ու գերիներին: 1923–29-ին աշխատել է Ս. Էջմիածնի ձեռագրատանը: 1929-ին կալանավորվել է, 40 օր անց ազատվելով՝ ստիպված հեռացել է Հայաստանից: Այնուհետև շարունակել է իր ուսումնասիրությունները Բեռլինում, Մյունխենում, Տյուբինգենում, Փարիզում, Լեհաստանում, Հռոմում, Լիվոռնոյում, Երուսաղեմում: Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով յոթ տարի մնացել  է Բեյրութում, 1946-ի աշնանը վերադարձել Վիեննա: Ակինյանը թողել է ավելի քան 40 ուսումնասիրություն, որոնք վերաբերում են միջնադարյան մատենագրության ու հայագիտության տարբեր հարցերի վերլուծմանն ու բնագրագիտական խնդիրներին: Հայագիտությունը Ակինյանին է պարտական աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերեն բազմաթիվ ձեռագրերի բովանդակությանը ծանոթանալու համար: Նրա ջանքերով են հրատարակվել Կիպրոսի, Լեհաստանի, Ուկրաինայի հավաքածուների ձեռագրացուցակները,ստեղծվել Հայ և Վրաց եկեղեցիների բաժանման պատմության քիչ թե շատ ամբողջական պատկերը («Հայ-վրացական յարաբերութիւնք Դ-Էդարուն մէջ», 1907): Ակինյանին մշտապես հետաքրքրել է Հայ եկեղեցու հազարամյա (ըստ նրա, Հայ եկեղեցին սկզբնավորվել է III դ. 20-ական թթ.) և մատենագրության ողջ պատմությունը, որոնց համար հաճախ առաջարկել է ինքնատիպ ժամանակագրություն: «Դասական հայերէնը և Վիեննական Մխիթարեան դպրոցը» (1932) մենագրությունում թվագրել է հայ մատենագրության վաղ շրջանի երկերը, հունաբան դպրոցի թարգմանություններից առանձնացրել դասական հայերենով գրված գործերը: Անդրադարձել է Ընդհանրական եկեղեցու հայրերի և մատենագիրների՝ Տիմոթեոս Կուզի, Իրենիոսի,Դիոնիսիոս Արիոպագացու, Հովհան Ոսկեբերանի, Հովհաննես Աստվածաբանի, Եփրեմ Ասորու,Պրոկղ Դիադոխոսի, Հովհան Կլիմաքոսի, Հովհան Դամասկացու և այլոց երկերին, հայ մատենագրության մեջ հայտնաբերել, ուսումնասիրել ու հրապարակել է դրանք: Ակինյանի ուսումնասիրությունների հիմնական առարկաներն են հայ ինքնուրույն և թարգմանական գրականությունը, մատենագրական երկերի բնագրագիտական քննությունը: Նա փորձել է սպառիչ տեղեկություններ հաղորդել իրեն հետաքրքրող այս կամ այն երկի վերաբերյալ, սակայն միջնադարյան բնագրերը երբեմն վերաձևել է, հարմարեցրել իր տեսություններին, ինչին «զոհ» են դարձել Ագաթանգեղոսը, Եղիշեն,Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին,Ղևոնդը, Սեբեոսը, Կորյունը և այլք: Ակինյանն աշխատակցել է հայկական, գերմանական, անգլիական բազմաթիվ հանդեսների, իր շուրջը համախմբել նշանավոր գիտնականների, Եվրոպայի և Արևելքի մի շարք երկրներում դասախոսություններ կարդացել հայ ձեռագիր մշակույթի մասին, նպաստել հայագիտության զարգացմանը: Ակինյանի անտիպ աշխատությունները պահվում են Վիեննայի Մխիթարյանների մատենադարանում: 

                                                                                         
                                                                                                          Բոզոյան Ա.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 30-31:

Տես նաև՝

Մատենագրական հետազոտություններ, հ. 1–6, Վնն., 1922–64:

Քրիստոնեութեան մուտքը Հայաստան և Վրաստան, Վնն., 1949:

Ներսես Լամբրոնացի արքեպիսկոպոս Տարսոնի. կյանքը և գրական վաստակը..., Վնն., 1956:

Եվսեբիա եպիսկոպոսի Եմեսացւոյ ճառք, ՀԱ, 1956–59:

Դավիթ Հարքացի Անհաղթ փիլիսոփա. կյանքը և գործերը, Վնն., 1959:

Հրանտ Արմեն, Խորենացի, Եղիշե և Հ. Ներսես Ակինյան, Երուսաղեմ, 1951:

Ինգլիզյան Վ., Հ. Ներսես վրդ. Ակինյան – հայ բանասերը, Վնն., 1954:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am