Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ակոռիի Ս. Հակոբ վանք

 ԱԿՈՌԻԻ Ս. ՀԱԿՈԲ ՎԱՆՔ, Մեծ Մասիս լեռան հյուսիս-արևելյան լանջի վիհի եզրին, Ակոռի գյուղից վերև: Հիմնվել է IV դ., այն տեղում, որտեղ, ըստ ավանդության, ս. Հակոբ Մծբնացին հրեշտակից ստացել է Նոյյան տապանի մի կտոր: Ակոռիի Ս. Հակոբ  վանքի եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք, կառուցվել է սև որձաքարով: Պատերին ունեցել է XIII–XIV դդ. նվիրատվական արձանագրություններ: Վանքի ուղղանկյուն պարիսպներին ներսից կից են եղել միաբանների կացարաններն ու օժանդակ շինությունները: Ակոռիի Ս. Հակոբ  վանքում պահվել են ս. Հակոբ հայրապետի կարծեցյալ մատը և Նոյյան տապանի փայտի կտորը՝ միմյանց շղթայով ամրացված (այժմ գտնվում է Ս. Էջմիածնում): Վանքի մոտ բխել է սրբազան աղբյուր, որի ջրով հայ շինականները ցողել են արտերը՝ մորեխներից պաշտպանելու համար: Ակոռիի Ս. Հակոբ  վանքը կործանվել է 1840-ի հուլիսի 2-ի երկրաշարժից՝ գյուղի և Ակոռիի Ս. Առաքելոց վանքի հետ միասին ընկղմվելով լեռան խորխորատը: 

 

                                                                                          Հասրաթյան  Մ.  

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. Խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 31:

Տես նաև՝

Էփրիկյան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վնտ., 1903: 

Parrot F., Reiszum Ararat, Lpz., 1985.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am