ԱԼԻՇԱՆ Ղևոնդ (Ալիշանյան Քերովբե Պետրոս-Մարգարի) [6(18).7.1820, Կ. Պոլիս –9(22).11.1901, Ս. Ղազար, Վենետիկ], բանասեր,պատմաբան, աշխարհագրագետ, բանաստեղծ, թարգմանիչ: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1838-ից: Ծնվել է դրամագետ հնագետի ընտանիքում: Ուսանել է Կ. Պոլսի Չալըխյան վարժարանում (1830–32), Վենետիկի Մխիթարյանների վարժարանում (1832–41): 1841–50-ին, ապա 1866–72-ին՝ ուսուցիչ (1848-ից՝ տեսուչ) Վենետիկի Ռափայելյան, 1859–61-ին՝ Փարիզի Մուրատյան վարժարաններում, 1849–51-ին՝ «Բազմավեպի» խմբագիր, 1870-ից վարել է միաբանության աթոռակալի պարտականությունը, 1872-ից ամբողջովին նվիրվել գրական գործունեության: Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886), Իտալիայի Ասիական ընկերության (1887), Մոսկվայի հնագիտական Ընկերության (1894), Վենետիկի ակադեմիայի (1896),Սանկտ Պետերբուրգի հնագիտական ընկերության (1896), ԵնայիՂևոնդ Ալիշան փիլիսոփայության ակադեմիայի (1897) պատվավոր անդամ և դոկտոր: Ալիշանի գիտագեղ. գործունեությունն սկսվել է 1843-ից՝ «Բազմավեպում» տպագրված արձակու չափածո և գիտաճանաչողական գործերով, որոնց թվում է նրա բանաստեղծական ժառանգության բարձրակետը՝ «Նահապետի երգերը»«Սոփերք Հայկականք» մատենաշարով Ալիշանը ընդլայնել է հայ հին գրականության հրատարակման շրջանակն առավել պարզ շարադրանք ունեցող մատենագր. մանր երկերով, որոնք նպաստելու էին Հայ եկեղեցու և դպրության առաջին դարերի պատմության հարցերի լուսաբանմանը: Օսմանյան կայսրությունում հայության դեմ ուժեղացող հալածանքների պայմաններում, «Սոփերք Հայկականքի» հերոսների օրինակով, Ալիշանը այլաբանության ու փոխաբերության լեզվով և պատմական զուգահեռների միջոցով հորդորել է հավատարիմ մնալ հայրենատուր ավանդներին և նահատակների արյամբ ոռոգված հողին: Նույն նպատակին է ծառայել նաև Ալիշանի գեղարվեստական արձակը՝«Յուշիկք հայրենեաց հայոցը» (հ. 1–2, 1869–1870): Այստեղ հեղինակը, ըստ Հայ եկեղեցու Տոնացույցի, ներկայացրել է Հայոց պատմության ու մշակույթի նշանակալից 33 դրվագներ, որոնցում դիմել է Հայկ Նահապետի նորօրյա շառավղին՝ պատանի Հայկակին՝ պատգամելով հավատարիմ մնալ աստվածադիր օրենքներին և հայրենատուր ավանդներին: 1850-ական թթ. Ալիշանը, շարունակելով Մխիթարյան աշխարհագրագիտության ավանդները, ձեռնամուխ է եղել պատմական Հայաստանի նահանգների գավառ առ գավառ տեղագրությանը: Ալիշանը ծրագրել էր պատմական  Հայաստանի նահանգներն ու գավառները տեղագրել 20–22 մեծադիր հատորներով, սակայն մասնակիորեն է իրականացրել իր ծրագիրը՝ հրատարակված չորս հատորով՝ «Շիրակ» (1881), «Սիսուան» (1885), «Այրարատ» (1890) և «Սիսական» (1893): Դրանք ներկայացրել է համաձայն հին Հայաստանի նահանգների վարչական բաժանման՝ հանգամանորեն անդրադառնալով նաև պատմական հուշարձաններին, վանքերին ու եկեղեցիներին, հոգևոր-մշակութային կենտրոններին: Կյանքի վերջին շրջանում, ի մի բերելով հայագիտության տարբեր բնագավառներին վերաբերող նյութերը, Ալիշանը հրատարակել է «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» (1895)և «Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց» (1895) ուսումնասիրությունները: «Հին հաւատքում» միմյանցից հեռու բնակվող ժողովուրդների պաշտամունքային ընդհանրությունները և դրանք արտահայտող բառերի հաճախմիևնույն արմատից ծագելը բացատրում է այնհանգամանքով, որ սկզբնապես բոլորը պաշտելեն ճշմարիտ Աստծուն, այնուհետև շեղվել են ճշմարիտ հավատքից՝ կռապաշտական ու հեթանոսական մոլորություններով և այս խոտորումներով հանդերձ պահպանել սկզբնական հավատքի հեռավոր հիշողությունը: Ըստ Ալիշանի, ոչ թե հեթանոսական սովորություններն են քրիստոնեական վերիմաստավորման ենթարկվել, այլ պաշտամունքային յուրաքանչյուր ձև, լինելով ճշմարիտ հավատքի խաթարված վիճակ, իր նախասկզբին է գալիս քրիստոնեությամբ: Ալիշանի ավելի քան կեսդարյա գիտագեղարվեստական գործունեության ամփոփումն է «Հայապատումը» (1901): Երկի առաջին մասը՝ «Պատմիչք Հայոց»-ը, նվիրված է հայ պատմագրության պատմությանը, երկրորդը՝ «Պատմութիւնք Հայոց»-ը, տարբեր պատմիչներից ընտրված և դեպքերի ժամանակագրական կարգով խմբավորված 400 հատվածներով ներկայացնում է վաղագույն շրջանից մինչև XVII դ. Հայոց պատմությունը: Ալիշանն իր գիտական մեթոդաբանությունը խարսխել է հոգևոր աշխարհայացքի վրա: Համաշխարհային պատմությունից բխեցնելով հայոց պատմությունը, որի սկզբնավորումը, ըստ Ալիշանի, նույնանում է Ծննդոց գրքին, հեղինակն այն հասցրել է մինչև բաբելոնյան աշտարակաշինությունը, ապա շարունակել Հայկ Նահապետով: Ալիշանի անխախտ համոզմամբ՝ Դրախտը գտնվել է Հայաստանում: Այդ հավաստելու համար, ի տարբերություն իր նախորդների, չի բավարարվել միայն Աստվածաշնչի և Ընդհանրական եկեղեցու հայրերի խոսքերի վկայակոչմամբ, այլ դիմել է ժամանակի բնագիտության, երկրաբանության, բուսաբանության, հնէաբանության ու մյուս գիտակարգերի քննությամբ վեր հանված փաստական տվյալներին ու նյութերին: «Դրախտ Հայաստանիի» մխիթարյան ըմբռնումը, թե Դրախտը գտնվել է Հայաստանում, ու Ջրհեղեղից հետո կյանքը վերստին նորոգվել է Հայաստանից՝ Արարատի փեշերից, արտացոլվել է [Ալիշանի աշխարհագրական հատորներից և «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան» (հրտ. 1904) անավարտ գործից բացի] նաև նրա բանաստեղծություններում («Հայրունի») և գեղարվեստական արձակում: Հեղինակը ազգային հայրենասիրականի ու հոգևոր եկեղեցականի շաղկապվածության գաղափարը «Յուշիկների» վերջաբանում սահմանել է հետևյալ տողերով. «Հաւատարիմն Աստուծոյ և իր անձին՝ հաւատարիմ է և հայրենեաց: Անհաւատարիմն հայրենեաց՝ չէ հաւատարիմ և իր հոգւոյն և ոչ երկնից»: Եկեղեցու հայրերի ու տարբեր ստեղծագործողների հոգևոր-կրոնական խորհրդածությունների մի գեղեցիկ ծաղկաքաղ է Ալիշանի կազմած ու հրատարակած «Սնունդք սրտի եւ հոգու» (1888) գրքույկը: Կրոնական շեշտված դրոշմ են կրում նրա բանաստեղծական ժառանգությունն ամփոփող «Նուագքի» (հ. 1–5, 1857–58) հատորները («Մանկունի»«Մաղթունի»«Հայրունի»«Տերունի»«Տխրունի»): Հայաստանում առաքելական քարոզչությանը, քրիստոնեության տարածմանը և Հայոց դարձին է նվիրված «Արշալոյս քրիստոնեութեան հայոց» (1901) գիտագեղարվեստական երկը: Ալիշանն իր գրեթե բոլոր ստեղծագործությունների տարբեր հատվածներում անդրադարձել է եկեղեցուն, նրա նահատակներին և նշանավոր սրբերին:

                          

                                                                          Դևրիկյան  Վ.  

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 26-27:

 

Տես նաև՝ 

 Հայոց երգք ռամկական, Վնտ., 1852: Քաղաքական աշխարհագրութիւն, Վնտ., 1853: 

Շնորհալի եւ պարագայ իւր, Վնտ., 1873: Հայ-Վենետ, Վնտ., 1896:

Ճառք հոգեւորք վասն միանձանց, մաս 1, 2, Վնտ., 1904, 1927:

Երեմյան Ս., Կենսագրութիւն հ. Ալիշանի,Վնտ., 1902: 

Սարինյան Ս., Հայկական ռոմանտիզմ, Ե., 1966: 

Շտիկյան Ս., Ալիշանի գեղարվեստական ստեղծագործությունը, Ե., 1967:

                                                                                                     

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am