ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ, ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում: Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ: Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել էԱմարաս վանքի Ս. Գրիգորիս եկեղեցի (1858) Գրիգոր Ա Լուսավորիչը IV դ. սկզբին: Եկեղեցու արլ. կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելիս 338-ին նահատակված Գրիգորիսը: V դ. սկզբին Մեսրոպ Մաշտոցը Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը: 489-ին Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը, գտնելով Գրիգորիսի արդեն մոռացված գերեզմանի տեղը, վրան մատուռ է կառուցել՝ միաժամանակ ավարտելով եկեղեցու կառուցումը: V դարից Ամարասի վանքը դարձել է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ: 821-ին վանքն ասպատակել են արաբները: Ստեփանոս արք. Օրբելյանը հավաստում է, որ 1293-ին թաթար Բայտու (Բաթու) խանը կողոպտել է Ամարասի վանքը և ավարի առել ս. Գրիգորիսի գավազանն ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչ: 1387-ին Ամարասի վանքն ավերվել է Լենկթեմուրի արշավանքից: Բայց ամենածանր պայմաններում անգամ վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն: XV–XVI դդ. այստեղ գրվել են բազմաթիվ ձեռագրեր: XVII դ. 3-րդ քառորդին Գանձասարի Պետրոս կաթողիկոսը նորոգել է Վարանդայի եպիսկոպոսական կենտրոն Ամարասի վանքի և նրա միաբանությանԼենկթեմուր համար ամառանոց ծառայող Հերհեր գյուղում 1667–76-ին կառուցել Գրիգորիսի անվամբ նոր եկեղեցի: XIX դ.2-րդ քառորդին Արլ. Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Ամարասի վանքի համալիրը, որն ուներ XVII դ. կառուցված բավական ուժեղ պաշտպանական համակարգ, օգտագործվել է որպես ամրոց, իսկ 1832–47-ին եղել ռուս-պարսկական սահմանի մաքսատունը: 1848-ին Ամարասի վանքը ցարական իշխանությունից հետ է վերցրել Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարը: Խարխլված եկեղեցու տեղում 1858-ին շուշեցիների նյութական օժանդակությամբ կառուցվել է նորը, իսկ այնտեղ դրված Գրիգորիսի տապանաքարը 1898-ին պատրաստել է շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցը: XIX դ. վերջին վանքն ուներ կալվածքներ՝ վարելահողեր, այգի, ջրաղաց: Լքվելով և ամայանալով XX դ., Ամարասի վանքը 1992-ին վերաբացվել է որպես Արցախի թեմի գործող վանք: Հարթ Գրիգոր Լուսավորիչտեղանքում կառուցված վանքն ունի կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ (59x85մ)՝ չորս անկյուններում շրջանաձև բուրգերով ուժեղացված, հրակնատներով բարձր պարիսպներով, որոնց ներսից ողջ պարագծով կից են բնակելի և օժանդակ շինությունները: Բնակելի խցերի շարքով անջատվող երկու ներքին բակերից արլ-ը տնտեսական նշանակության է (նրա շուրջն են խմբավորված վանքի գոմը, ախոռը, մթերանոցները): Արմ.՝ ավելի ընդարձակ բակի կենտրոնում բարձրանում է Ս. Գրիգորիս երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը: Եկեղեցու բեմի տակ պահպանվել է ս. Գրիգորիսի մատուռ-դամբարանը՝ արլ-ից արմ. ձգվող ուղղանկյուն (1,90x3,75 մ), պայտաձև կտրվածքով թաղով միանավ դահլիճը, որն արլ-ում ունի խորշ և երկայնական պատերում՝ մեկական մուտք: Նախամուտքերի արլ. պատերին քանդակված են ոճավորված արմավենիներ: Գրիգորիսի դամբարանն ունի նույն հորինվածքը, ինչպիսին ունեն Էջմիածնում Գայանեի և Օշականում Մեսրոպ Մաշտոցի V դ. դամբարանները, և կարևոր է Հայաստանում հուշակոթողային ճարտարապետության այդ կառուցվածքների ստեղծման և զարգացման պատմության ուսումնասիրման համար:

                                                                                         Հասրաթյան Մ.  
 
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002,  էջ  44-45:

Տես նաև՝
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1997: 
Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1987: 
Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983: Բարխուդարյանց Մ., Արցախ, Բաքու, 1895:
Ջալալանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփխիս, 1858: 
Լալայան Ե., Վարանդա, ԱՀ, գիրք 2, Թ., 1897: 
Հասրաթյան Մ.,Ամարասի ճարտարապետական համալիրը, ԼՀԳ, 1975,դ 10:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am