Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան Թեմ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԹԵՄ.  Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1927-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետական կոնդակով: Առաջնորդանիստը՝ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցի: Մինչ այդ ԱՄՆ-ի հայ համայնքը միավորված էր մեկ թեմի մեջ՝ ստեղծված 1898-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով: Կենտրոնն էր Ուստր քաղաքը (Մասսաչուսեթս նահանգ), 1923-ից՝ Բոստոնը, իսկ 1927-ից՝ Նյու Յորքը: Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով (1927) ԱՄՆ-ի արևմտյան նահանգներն ընդգրկվելեն նոր՝ Արևմտյան Թեմի մեջ, իսկ արևելյան, հարավային, հարավ-արևմտյան և կենտրոնական նահանգները մնացել Արևելյան թեմի իրավասության ներքո: Կենտրոնը մնացել է Նյու Յորքը: Այժմ (2001) ԱՄՆ Արևելյան թեմն ընդգրկում է ԱՄՆ-ի 21 նահանգների 64 եկեղեցական համայնքներ: Թեմի տարածքում է գտնվում ԱՄՆ-ի առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Փրկիչը, որը կառուցվել է 1891-ին, Ուստրում: 1902-ին Մկրտիչ Ա Վանեցին հաստատել է «ի գործադրութիւն հայ ժողովրդեան Ամերիկայի» սահմանադրությունը, որն այժմ հայտնի է որպես Կանոնադրություն Ամերիկայի (Արևելյան թեմ) Հայաստանյայց եկեղեցու: 1898-ից ցայսօր թեմն ունեցել է 11 առաջնորդ: Առաջինը Հովսեփ արքեպիսկոպոս Սարաճյանն էր, 1939–44-ին՝ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս), 1966–90-ին՝ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը (այժմ՝ Երուսաղեմի հայոց պատրիարք): 

Թեմի առաջնորդանիստ Մայր տաճարը՝ Սուրբ Վարդանը, 1968-ին օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը: Թեմին են պատկանում շուրջ 42 եկեղեցիներ՝ Յունյըն Սիթիում՝ Սուրբ Խաչ (1907), Ուոթըրվլիթում՝ Սուրբ Պետրոս (1916), Չելթենհեմում՝ Սուրբ Երրորդություն (1917), Սաութ Միլուոքիում՝ Սուրբ Հարություն (1924), Նյու Բրիթընում՝ Սուրբ Հարություն (1925), Չիկագոյում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (1926), Սաութֆիլդում՝ Սուրբ Հովհաննես (1931), Վաշինգտոնում՝ Սուրբ Մարիամ (1963) ևայլն: Թեմի հովանու ներքո հիմնվել են մի շարք կրթական հաստատություններ: Նյու Յորքում 1961-ից գործում է Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի նախաձեռնությամբ ստեղծված Սուրբ Ներսես ընծայարանը (ճեմարանը), որը պատրաստում է հոգևոր սպասավորներ (դաստիարակ, ծխատեր քահանա ևայլն): Ընծայարանն ունի ԱՄՆ-ի Արևելյան, Արևմտյան և Կանադայի թեմերի կողմից ընտրված խնամակալ մարմին, որի նախագահն է Արևելյան թեմի առաջնորդը: Կրոնական դաստիարակության բաժանմունքը և Հայ դպրոցների կրթական կենտրոնը ստեղծում են դասագրքեր և պատրաստում ուսուցիչներ թեմի դպրոցների համար: Կրտսերների և պատանիների համար կրոնական դաստիարակության բաժանմունքն ունի ամառային ճամբար (Սուրբ Վարդան ճամբար): Գրիգոր և Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնն ունի արխիվային նյութեր, մամուլի հավաքածուներ, գրքեր, քարտեզներ ևայլն: Կազմակերպում է դասախոսություններ և գիտաժողովներ՝ նվիրված հայոց պատմության և մշակույթի խնդիրներին: Միջեկեղեցական հարաբերության բաժանմունքի միջոցով սերտ կապեր են պահպանվում Առաջնորդարանի և ԱՄՆ-ի կրոնական այլ հարանվանությունների միջև: Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը մասնաճյուղեր ունի ծխերում, կազմակերպում է տարեկան մարզական մրցախաղեր և համագումարներ: Տիկնանց միության կենտրոնական խորհուրդը ևս մասնաճյուղեր ունի ծխերում, աշխատանք է կատարում հայ հավատքի պահպանման համար: ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) 1988-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, գործակցելով բարեգործական, հայրենակցական և այլ կազմակերպությունների հետ, զգալի օգնություն է ցուցաբերել աղետյալ բնակչությանը: Միջոցներ է տրամադրել Ստեփանավան քաղաքի վերականգնման համար, բազմաթիվ ծրագրեր իրականացրել մշակույթի, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, մարդասիրական օգնություն կազմակերպել նաև Արցախի բնակչությանը: Հայաստանում և Արցախում գործում են ՀՕՖ-ի մասնաճյուղերը: Թեմը հրատարակում է «Հայաստանեայց եկեղեցի» կրոնաբարոյախոսական և պատմագեղարվեստական պաշտոնաթերթը (1939–76-ին՝ ամսաթերթ,1976-ից՝ եռամսյա): Նյութերի մի մասը տպագրվում է անգլերեն: ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդն է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը (1990-ից):

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002, էջ 45-46:                                                               

 

Տես նաև՝

Ավագյան Ք, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ գաղութի պատմությունը (սկզբնավորումից մինչև 1924 թ.), Երևան, 2000:

 

The Torch was Passed. The Centennial History of the Armenian Church of America, New York, 1998.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am