Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան թեմ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԹԵՄ. Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, կազմավորվել է 1927-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետական կոնդակով: Առաջնորդանիստը՝ Լոս Անջելեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Մինչ այդ ԱՄՆ-ի հայ համայնքը (ձևավորվել է 19-րդ դարի վերջին) միավորված էր մեկ թեմի մեջ՝ ստեղծված 1898-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով: Կենտրոնն էր Ուստր քաղաքը (Մասսաչուսեթս նահանգ), 1923-ից՝ Բոստոնը, իսկ 1927-ից՝ Նյու Յորքը: ԱՄՆ Արևմտյան թեմի գործունեությունը տարածվում է ԱՄՆ-ի արևմտյան նահանգների վրա՝ իր մեջ ընդգրկելով 25 ծուխ: Առաջնորդարանը սկզբում Ֆրեզնոյում էր, 1957-ից՝ Լոս Անջելեսում: Թեմի առաջին առաջնորդն էր Գարեգին եպիսկոպոս Խաչատուրյանը (հետագայում՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք): Տարբեր տարիներ ԱՄՆ Արևմտյան թեմը գլխավորել են Շնորհք եպիսկոպոս Գալուստյանը (1953–56, հետագայում՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք), Թորգոմ եպիսկոպոս Մանուկյանը (1962–66, այժմ՝ Երուսաղեմի հայոց պատրիարք) և ուրիշներ: Թեմի տարածքում գործող հին հայկական եկեղեցիներից են Սուրբ Պողոսը (Ֆրեզնո, հիմնված 1900), Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (Ֆաուլեր՝ 1910-ին), Սուրբ Աստվածածինը (Կոստա-Մեսա՝ 1911-ին), Սուրբ Հովհաննեսը (Սան Ֆրանցիսկո,1924-ին), Սուրբ Վարդանը (Օկլենդ՝ 1926-ին) և 20 այլ եկեղեցիներ տարբեր քաղաքներում: ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանին կից գործում են Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական կազմակերպության, Տիկնանց միության, կիրակնօրյա վարժարանների կենտրոնական խորհուրդները՝ իրենց մասնաճյուղերով, և այլ կազմակերպություններ: 1987-ին թեմը Ֆրեզնոյի շրջանում (Կալիֆոռնիա) գնել է մի մեծ ճամբար, որն ամռանը օգտագործվում է թեմի զանազան ծխերից ավելի քան 500 աշակերտների հայեցի դաստիարակության, իսկ ձմռանը՝ չափահասների կրոնական և կրթական դաստիարակության համար: Ճամբարին օգնություն են ցույց տալիս ծխական և համայնքային տարբեր կազմակերպություններ: Առաջնորդարանին կից գործում է հանձնախումբ, որը մշակում է ճամբարի գործունեության ծրագրերը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջնորդարանը թեմում ծառայելու է հրավիրել մի շարք հոգևոր հովիվների, հատկապես՝ Երուսաղեմից և Հայաստանից: 1999-ին թեմի հոգևորականների ընդհանուր թիվը շուրջ 30 էր: Նրանց մի մասը հոգևոր կրթություն է ստացել Նյու Յորքում Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի հիմնած Սուրբ Ներսես ընծայարանում, որը շարունակում է նոր սպասավորներ պատրաստել եկեղեցու համար: ԱՄՆ Արևմտյան թեմն իր գործուն բաժինն ունի Սուրբ Ներսես ընծայարանի հոգևոր առաքելության մեջ: Լոս Անջելեսում կան 15 ամենօրյա հայկական վարժարաններ: Առաջնորդարանի հովանավորությամբ գործում են Ալֆրեդ և Մարգրիթ Հովսեփյան ամենօրյա հայկական վարժարանը (Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից), ՀԲԸՄ Մարի Մանուկյան նախակրթարան և ՀԲԸՄ Սարգիս և Սեդա Դեմիրճյան երկրորդական վարժարանները (Քանոգա Փարք), Թեքեյան մշակութային միության Արշակ Տիգրանյան վարժարանը (Հոլիվուդ): Թեմը յուրաքանչյուր եկեղեցուն կից ունի կիրակնօրյա և շաբաթօրյա հայոց լեզվի վարժարաններ: 1979-ից լույս է տեսնում ԱՄՆ Արևմտյան թեմի «Մայր եկեղեցի» պաշտոնաթերթը՝ հայերեն և անգլերեն բաժիններով: ԱՄՆ Արևմտյան թեմի զգալի նյութական օգնություն է ցույց տվել 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանին և մարտնչող Արցախին: Ստեփանավան քաղաքում թեմի նյութական օժանդակությամբ կառուցվել է 750 աշակերտի համար վարժարան՝ անհրաժեշտ հարմարություններով: ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդն է Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը (1971-ից):

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002, էջ 46-47:

                                                        

Տես նաև՝

Ավագյան Ք, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ գաղութի պատմությունը (սկզբնավորումից մինչև 1924 թ.), Երևան, 2000:

 

The Torch was Passed. The Centennial History of the Armenian Church of America, New York, 1998.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am