ԱՄՐԴՈԼՈՒ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում, Բաղեշ (Բիթլիս) քաղաքի հարավային ծայրամասում: Ըստ ավանդության՝ անվանումը ստացել է վանքը նորոգած եղբայրներ Ամիրի և Դոլուի անուններից: Ունեցել է երեք եկեղեցի՝ Ս. Աստվածածին, Ս. Հովհաննես, Ս. Ստեփանոս: Համալիրի մեջ են մտել նաև մի քանի օժանդակ շինություններ: Հիմնադրման ժամանակն անորոշ է: XIV դարից հիշվել են հայ եպիսկոպոսներ: XV դարից եղել է գրչության խոշոր կենտրոն: Նույն դարում Գրիգոր Տաթևացու աշակերտ Դանիել վարդապետը Ամրդոլու վանքում հիմնել է հոգևոր դպրոց: Դասավանդել են կրոնագիտություն, աստվածաբանություն և տրամաբանություն: Կրթական գործը շարունակել են Հովհաննես Համշենցին, Գրիգոր Արճիշեցին, Ներսես Մատաղը, Ներսես Բաղիշեցին, Ներսես Ամկեցին, Հովհաննես Տարոնեցին: Բարսեղ Աղբակեցին վերծանել է վանքի մատենադարանի իմաստասիրական գրքերը, ընդարձակել դասատունը, բարեփոխել ուսումնական ծրագրերը, դասավանդվող առարկաներին ավելացրել իմաստասիրությունը, ճարտասանությունը, քերականությունը: Դպրոցը մեծ համբավ է ձեռք բերել Ներսես Մոկացու ժամանակ: Այստեղ սովորելու են եկել Հայաստանի տարբեր մասերից: Ամրդոլու վանքը ծաղկում է ապրել հատկապես XVII դ. պատմիչ-գիտնական Վարդան վրդ. Բաղիշեցու 42 տարիների արգասավոր առաջնորդության ժամանակաշրջանում: Նրա օրոք սկսել են դասավանդել նաև հայ մատենագրություն, մանրանկարչություն, որմնանկարչություն, և վանքի դպրոցը վերածվել է համալսարանի: Վարդան Բաղիշեցու վախճանվելուց հետո (1704) Ամրդոլու վանքի դպրոցը չի գործել: Վանքում բարձր մակարդակի է հասել գրչության արվեստը, ձեռք են բերվել հին ձեռագրեր, որոնք նորոգվել են: Այդտեղ են ընդօրինակվել Փավստոս Բուզանդի, Կորյունի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, Ղևոնդ Երեցի, Ասողիկի, Արիստակես Լաստիվերցու, Թովմա Մեծոփեցու և այլոց երկերը: Մեծ հռչակ է վայելել Ամրդոլու վանքի մեծարժեք մատենադարանը: Պահպանվել է Վարդան Բաղիշեցու կազմած վանքի գրացուցակը: Ամրդոլու վանքի նշանավոր սաներից են Կ. Պոլսի պատրիարք Հովհաննես Կոլոտ Բաղիշեցին, Երուսաղեմի պատրիարք Գրիգոր Շղթայակիրը և այլք: Ամրդոլու վանքի եկեղեցում են ամփոփվել Բարսեղ վարդապետը, Վարդան վրդ. Բաղիշեցին և այլ նվիրյալներ: Ամրդոլու վանքը ավերվել և ամայացել է 1915-ին. ձեռագրերի մի մասը և ունեցվածքը կողոպտել են թուրքերը:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 47-48:
Տես նաև՝
Ակինյան Ն., Բաղեշի դպրոցը, Վնն., 1952:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am