ԱՆԱՆԻԱ Ա ՄՈԿԱՑԻ [ծ. թ. անհտ, գ. Փաս (Մոկք նահանգում) – մոտ 968], Ամենայն հայոց կաթողիկոս 946-ից: Հաջորդել է Եղիշե Ա Ռշտունուն: Նախնական կրթությունն ստացել է Աղթամարի և Վարագա վանքերում, ապա եղել Վարագավանքի առաջնորդ: Անանիա Ա Մոկացու գահակալման սկզբնաշրջանում խիստ սրվել են Սյունյաց և Աղվանից եկեղեցիների հետ Հայոց կաթողիկոսի հարաբերությունները: Օգտվելով Հայոց կաթողիկոսանիստը Աղթամարում՝ Արծրունիների թագավորությունում գտնվելու հանգամանքից՝ Սյունյաց եպիսկոպոսները և Աղվանից կաթողիկոսը ձգտել են անջատվել Մայր աթոռից՝ սպառնալով Հայ եկեղեցու միասնությանը: Նրանց անջատողական նկրտումներին հակահարված տալու նպատակադրումով 949-ին Անանիա Ա Մոկացին Աղթամարից ժամանել է Բագրատունիների թագավորության Կարս մայրաքաղաք՝ Աբաս թագավորի մոտ, և քայլեր ձեռնարկել Սյունյաց և Աղվանից եկեղեցիները Հայոց Մայր աթոռի հետ միաբանելու համար: Այդ նպատակով Անանիա Ա Մոկացին կաթողիկոսական աթոռն Աղթամարի մեկուսացած կղզուց տեղափոխել է Անիի մոտ՝ Արգինա գյուղաքաղաք (տես Արգինայի կաթողիկոսարան)՝ սկիզբ դնելով վերջինիս վանքի համալիրի շինարարությանը: Անանիա Ա Մոկացին մեկնել է Սյունիք և Ճահուկ գավառի Արդախ գյուղում գումարած ժողովում պաշտոնանկ արել Սյունյաց եպիսկոպոսին ու Աղվանից կաթողիկոսին: Սակայն վերջիններս տեղացի իշխանների զորակցությամբ շուրջ ինը տարի շարունակել են ըմբոստանալ Անանիա Ա Մոկացու դեմ՝ քամահրելով նրա հորդորները: 958-ին Անանիա Ա Մոկացին վերստին ժամանել է Սյունիք և նրա եպիսկոպոս կարգել Ջիվանշիր իշխանի որդի Վահանին, ապա անցել է Աղվանք և ձեռնադրել Դավիթ կաթողիկոսին (958–965): Անանիա Ա Մոկացու օրոք Հայաստանում լայնածավալ դավանաբանական շարժում է ծավալվել Բյուզանդական կայսրության, քաղկեդոնական եկեղեցու դեմ: Այդ ընթացքում Հայ եկեղեցին և Բագրատունիների թագավորությունը գործել են համադաշն: Քաղկեդոնական կայսերականացված եկեղեցու դեմ անզիջում պայքարի դրսևորումներից մեկը 960-ական թթ. Անանիա Ա Մոկացու հրապարակած օրենքն էր կրկնամկրտության մասին, որով սահմանվում էր վերստին մկրտել քաղկեդոնական ծեսով մկրտվածներին: Անանիա Ա Մոկացու օրոք կառուցվել են Հոռոմոսի (Անիի մոտ), Սանահինի, Նարեկա և այլ վանքեր, նորոգվել բազմաթիվ եկեղեցիներ: Անանիա Ա Մոկացին Անիում կայացած ժողովում Բագրատունյաց Հայաստանի բոլոր իշխանների խնդրանքով օծել է Աշոտ Գ Ողորմած թագավորին: 950-ական թթ. Անանիա Ա Մոկացին Վասպուրականի Անձևացիք գավառի Խոսրով եպիսկոպոսին հորդորել է հրաժարվել աղանդամետ քայլերից, բայց մերժում ստանալով՝ 954-ին բանադրանքի է ենթարկել նրան և դատապարտել հատուկ թղթով: Անանիա Ա Մոկացու պատվերով իր երբեմնի ուսումնակից Անանիա Նարեկացին գրել է «Գիր խոստովանութեան» և «Հակաճառութիւն ընդդէմ թոնդրակեցւոց» երկերը: Անանիա Ա Մոկացու եկեղեցանպաստ, ազգաշահ գործունեությունը նպաստել է Հայ եկեղեցու հինավուրց ավանդների հարատևմանը, նրա դիրքերի ամրապնդմանը, երկրի ներքաղաքական կացության կայունացմանը: Անանիա Ա Մոկացու հեղինակած բազմաթիվ թղթերից պահպանվել են միայն չորսը («Արարատ», 1896–97), որտեղ տեղ են գտել ժամանակի ներեկեղեցական կյանքին, ինչպես նաև Հայաստանի, Աղվանքի ներքին հարաբերություններին առնչվող արժեքավոր վկայություններ: Ստեփանոս արք. Օրբելյանի հավաստմամբ՝ Անանիա Ա Մոկացին կազմել է «Հաւատո նամակ» վերտառությամբ թղթերի ժողովածու (չի պահպանվել): Կաթողիկոսական գահին Անանիա Ա Մոկացուն հաջորդել է Վահան Ա Սյունեցին:

                                                                                                 Վարդանյան Վ.  
 
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002,  էջ  49-50:
 

Տես նաև՝ 

Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986: 

Տեր - Մկրտչյան Գ., Անանիա Մոկացի, «Արարատ», 1897, դ 2, էջ 91–96: 

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:



 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am