ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ, Շիրակունի, Շիրակավանցի [մոտ 605–610, գ. Շիրակավան կամ Անեանք (Շիրակի գավառ) – մոտ686–690], գիտնական, մատենագիր, տոմարագետ, մանկավարժ, երաժշտագետ, ճշգրիտ գիտությունների հիմնադիրը Հայաստանում: Ծնվել է շինականի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Շիրակավանի Դպրեվանքի դպրոցում, որտեղ դասավանդել են օտար լեզուներ, Անանիա Շիրակացի (քանդակագործ՝ Ա. Ղարիբյան, 1999 թ.)ճարտասանություն, գրչություն, մանրանկարչություն: Սովորելով «զդպրութիւն մերոյ ազգիս Հայաստանեայց»՝ երազել է ուսումնասիրել «համրողական արվեստը», մտածելով, որ առանց թվի ոչինչ չի հիմնավորվում, և որ թիվն է «մայր ամենայն իմաստից»: Ուսումը լրացնելու նպատակով եղել է Բյուզանդիայի մի շարք քաղաքներում, հաստատվել Տրապիզոնում և ութ տարի ուսանել հույն գիտնական Տյուքիկոսի մեծահամբավ դպրոցում: Հմտանալով տիեզերագիտության, տոմարագիտության, աշխարհագրության, պատմության, փիլիսոփայության բնագավառներում՝ «համարողը» (այդպես են կոչել նրան), «մեծահանճար ուսուցչապետը» 661-ին վերադարձել է հայրենի Շիրակավան, բացել դպրոց, որի հռչակը շուտով տարածվել է ամբողջ երկրում: Մանկավարժական գործունեությանը զուգընթաց զբաղվել է գիտական աշխատանքով, գրել իր բազմարժեք երկերը: Անանիա Շիրակացու աշխատություններից ամենաինքնատիպը թվաբանության դասագիրքն է: Այն բաղկացած է երկու մասից՝ թվաբան. աղյուսակներից և խնդրագրքից: Մաթեմատիկայի պատմության համար ուշագրավ են նաև խորանցյալում ժողովրդի ստեղծած խրախճանականները (զվարճալի խնդիրներ), որոնք նա է առաջինը գրի առել և, նկատի ունենալով դրանց բարդությունը, զետեղել իր դասագրքի վերջում: Անանիա Շիրակացու այս աշխատությունն այն բացառիկ դասագրքերից է, որի թվաբանական գործողությունների աղյուսակներն ամենահնագույնն են: Տիեզերագիտության բնագավառում Անանիա Շիրակացին քննել է Արևի, Լուսնի, երկնային համաստեղությունների, աստղերի հետ կապված շատ հարցեր և շարադրել իր ուրույն տեսակետները տիեզեր. կարևոր երևույթների մասին: Անանիա Շիրակացին ոչ միայն Հայոց Մեծ թվականի, այլև «Արարչության» կոչվող թվականներից մեկի հիմնադիրն է: Տոմարի պատմության համար բացառիկ արժեք ունի «Պատճէն տումարի» աշխատությունը, որտեղ նա զուգահեռ է անցկացրել հայկ. տոմարի և հարևան ժողովուրդների տոմարական համակարգերի միջև, մեջբերել 14 ժողովուրդների (եբրայական, ասորական, հունական, հռոմեական, եգիպտական, վրացական, իրանական ևն) ամսանունները և նրանց տոմարական հաշվումները: Անանիա Շիրակացու շնորհիվ տեղեկություններ են պահպանվել նաև անհետացած որոշ ժողովուրդների (օր., աղվանների) տոմարի մասին: Տոմարական աշխատություններից ամենակարևորը «Քրոնիկոնն» է: Այն պարունակում է 532 տարիների զուգացանկը [հայտնի է «ՇԼԲ (532) աղյուսակներ» անունով], որտեղ տվյալներ են բերված պարբերաշրջանի յուրաքանչյուր Ամանորի, յոթներյակի, վերադրի, քրիստոնեական կարևոր տոների և տոմարական այլ հաշվումների վերաբերյալ: Աշխատության մեջ մի շարքարժեքավոր տեղեկություններ կան նաև հին հայկական նախաքրիստոնեական տոմարի մասին: Անանիա Շիրակացու զուգացանկը հիմք է ծառայել հետագա դարերում կազմված այլ զուգացանկերի: Տոմարական բովանդակություն ունեն նաև Լուսնի պարբերաշրջանի նրա կազմած աղյուսակները: Անանիա Շիրակացին «Տոմարի մեկնության» մեջ հանգամանոր են անդրադարձել է արարչության, հռոմեական, հրեական, ասորական և այլ ժողովուրդների թվականներին և ծանոթացրել դրանք հաշվելու սկզբունքներին, կազմել մեր ժողովրդի պատմության կարևոր իրադարձությունների թվականները՝ քրիստոնեության մուտքը, գրերի գյուտը, տիեզերական ժողովները ևն: Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին հանձնարարել է Անանիա Շիրակացուն կարգավորել Հայոց տոմարը՝ կազմել անշարժ տոմար, որը, սակայն, կաթողիկոսի վախճանվելուց հետո չի ընդունվել: ԱնանիաԱնանիա Շիրակացու արձանը Մատենադարանի առջև Շիրակացին տոմարագիտական իր աշխատություններով հայ իրականության մեջ դրել է տոմարի՝ որպես գիտության հիմքը: Այդ աշխատությունները ուղենիշ են հանդիսացել տոմարական բարդ հաշվումների համար և դասավանդվել հայ գրչության դպրոցներում: Տոմարագիտական բնույթի աշխատություններ են նաև Ծննդին և Զատկի տոներին նվիրված Հայտնության և Զատկի ճառերը, որտեղ նա ջանացել է հիմնավորել հիշյալ տոների ամսաթվերը: «Թիւք որչափութեանն» մատենագիտական ցանկում թվարկել է Հին և Նոր կտակարանների գրքերը, յուրաքանչյուրիդիմաց նշել տների քանակը (Մատենադարան, ձեռ. դ 2188): Անանիա Շիրակացին նախ կարևորել է եկեղեցու հայրերին, նրանց ուսուցումները, ապա և «բարի փիլիսոփաներին», քանի որ նրանք իրենց ընդունած աստվածության և կենցաղավարության սկզբունքներով հանգունակ են եղել քրիստոնյաներին: Աստծո և բնության հարաբերության հարցերում առաջնայինը համարել է Աստծուն: Նա է ստեղծել ամեն ինչ և նա է կառավարում տիեզերքը: Աշխարհի բոլոր գոյացությունների նախանյութը համարել է Աստծո ստեղծած չորս տարրերը (կրակ, օդ, հող, ջուր): Ըստ նրա, այդ տարրերից յուրաքանչյուրն ունի երկու հատկություն.մեկը հատուկ է տվյալ տարրին,մյուսը՝ իրեն և իրեն զուգակցող (համագոյ) նյութին (օր.՝ օդն ունի ջերմություն և խոնավություն, ջուրը՝ խոնավություն և ցրտություն):Աշխարհը, եզրակացրել է նա, ոչ այլինչ է, եթե ոչ՝ այս չորս տարրերի խառնուրդից բաղկացած միացություն: Բացի այս չորս տարրերից նա ընդունել է և հինգերորդի գոյությունը, որը երկնքում է և կոչվում է եթեր: Ըստ նրա՝ տիեզերքում ամեն ինչ շարժվում է, փոփոխվում: Բնությանը վերագրելով ստեղծարար մեծ ուժ՝ շարժումն է համարել ստեղծագործական ուժի ազդակ: Մարմնի շարժվելով ու փոփոխվելով բնության մեջ ոչինչ չի կորչում, այլ մի ձև կամ որակ փոխվում է մի այլ ձևի ու որակի: Հետևելով հերակլիտյան փիլիսոփայությանը՝ ընդունել է հակադրությունների միասնության և բացասման բացասումի օրենքը: Ամեն մի ծնունդ իր մեջ պարունակում է ոչնչացման սաղմը, ամեն մի ոչնչացում իր հերթին նոր ծննդի սկիզբն է.այս հատկությունների հիման վրա է երկիրը շարունակում պահել իր հավերժական գոյությունը: Անանիա Շիրակացու համար բնությունը նույնպես այնքան ռեալ է և ստեղծագործող, որքան Աստված: Ընդունելով, որ երկրի վրա կյանքը (կենդանական աշխարհը) ստեղծել է Աստված, գտնում է, որ կենդանիներից մինչև մարդը, մարդկային ուղեղը ստեղծագործական շարժման մեջ գտնվող ռեալ գոյություններ են: Զգացողության հարցում նա այն կարծիքն է պաշտպանել, որ նախնիների (նկատի ունի անտիկ գիտնականներին) մտածողությունը ավելի զարգացած է եղել, քան իր ժամանակակիցներինը: Անանիա Շիրակացին քննադատել է նախապաշարումները, սնոտիապաշտությունը, կախարդությունը: Անանիա Շիրակացին հայ իրականության մեջ և ողջ Մերձավոր Արևելքում առաջինն է ամբողջական գծերով ներկայացրել երաժշտական հնչականության մասին ալեքսանդրյան գիտնականների առաջավոր ուսմունքը: Կազմել է ձայնագիտության բացառիկ արժեքավոր ալեքսանդրյան «տասնակարգեան աղիւսակի» հայկական տարբերակը, որով մեծապես հարստացրել է հայ երաժշտագիտությունը՝ ձայների, ձայնամիջոցների և ձայնաշարերի կառուցվածքին վերաբերող նոր գաղափարներով: Հեղինակել է Հինանց ժամանակամիջոցում կատարվող Հարության Աձ-Դկ ութ ծավալուն հարցնակարգերի մեծ մասը, Հոգեգալստյան ու Վարդավառի առաջին օրերի շարականները: Նա հայտնի է եղել հայ շարականերգության ու ժամագրքի երգեցողությունների հետ կապված հին ու իր ժամանակի ավանդույթների խոր իմացությամբ, ստեղծագործաբար օգտվել դրանցից և նախանշել զարգացման նոր ուղիներ:


Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002,  էջ  51-52:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am