Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Անարատ հղության հայ քույրերի միաբանություն

 ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կաթոլիկական ուսումնակրթական հաստատություն: Հիմնադրվել է 1843-ին, Կ. Պոլսում՝ Սրբուհի Հաջի-Անտոնյանի առաջնորդությամբ: Պաշտոնապես վավերացվել է 1847-ին՝ Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Անտոն Պետրոս Թ-ի (Անտոն արք. Հասունյան) կոնդակով: Ստեղծման օրից իր հիմնական նպատակն է հռչակել հայուհիների կրթությունն ու դաստիարակությունը քրիստոնեական և ազգային արժեքներով: Մինչև 1914-ը միաբանությունը Թուրքիայի հայաբնակ վայրերում հիմնել է 30-ից ավելի օրիորդաց դպրոցներ, որբանոցներ, արհեստանոցներ, որոնք փակվել են Մեծ եղեռնի օրերին:  Հայ քույրերից շատերը զոհվել են Դեյր էզ Զորի ճանապարհին: Ողջ մնացածները շարունակել են իրենց առաքելությունը՝ պատսպարելով և խնամելով հարյուրավոր հայ որբերի՝ Կ. Պոլսում, Հալեպում, Բեյրութում, Հռոմում բացված որբանոցներում: Անարատ հղության հայ քույրերի միաբանության Մայրավանքն ու Ընծայարանը 1922-ից փոխադրվել են Հռոմ: Միաբանությունը, իր շուրջ հարյուր միանձնուհիներով, գործում է սփյուռքի բոլոր մեծ համայնքներում, ունի դպրոցներ, մանկամսուրներ, վարժարաններ, երկսեռ որբանոցներ: 1965-ից գործում է ԱՄՆ-ում, 1992-ից՝ Հայաստանի և Վրաստանի հայ կաթոլիկներով բնակեցված շրջաններում: ՀՀ-ում գործում է Անարատ հղության հայ քույրերի միաբանության մասնաճյուղը՝ «Տիրամայր Հայաստանի Կուսաստան» անունով: Պատասխանատուն է մեծավորուհի քույր Արուսյակ Սաճոնյանը: 1998-ի սեպտեմբերին բացվել է Կուսաստանին կից Գյումրու «Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթական համալիրը», որտեղ ներկայումս (2000) ուսանում են 52 ծնողազուրկ և կարիքավոր երեխաներ, սովորում արհեստներ, պարապում անգլ-ի, համակարգչային և երգի խմբերում: Շիրակի մարզի Արևիկ, Փանիկ,Լանջիկ գյուղերում, Տաշիրի (Լոռու մարզում) մի քանի դպրոցներում մայրապետները դասավանդում են կրոնի պատմություն, աշակերտուհիներին սովորեցնում կարուձև և ժանյակագործություն: Շուրջ 600 ծնողազուրկ և կարիքավոր երեխաների համար ամեն տարի Ծաղկաձորում կազմակերպվում է ամառային ճամբար:Կուսաստանը, նյութական աջակցություն ստանալով Պողոսյան եղբայրներից (Շվեյցարիա, Բելգիա), Ջինիշյան Հիշատակի հիմնադրամից,տեր և տիկին Բաղչյաններից (Ֆրանսիա),ԱՄՆ-ի CNEWP կազմակերպությունից, ինչպես նաև այլ անհատ բարերարներից ու հաստատություններից, բազմաթիվ բարեգործ. և կրթ. ծրագրեր է իրագործում Հայաստանի և Վրաստանի հայ կաթոլիկներով բնակեցված գյուղերում:

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 58-59:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am