ԱՆԻ, Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը 961–1045-ին, Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռանիստը 992–1046-ին (տես Անիի կաթողիկոսարան): Հեթանոսության շրջանում հայերի կրոնական կենտրոններից էր: Ներկայումս անբնակ է, ավերված: Ավերակները գտնվում են Թուրքիայի Կարս նահանգում, հայ-թուրքական սահմանի մոտ, Գյումրի քաղաքից 30 կմ հվ-արմ., Ախուրյան գետի աջ ափին: Անին իր անունն ստացել է Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բերդաքաղաքից: Քաղաքն ունեցել է մինչև 100 հզ. բնակիչ: Անին առաջին անգամ հիշատակվում է V դարից (Եղիշե, Ղազար Փարպեցի): Պատկանել է Շիրակի և Արշարունիքի տեր Կամսարական իշխաններին: IX դ. սկզբին Հայաստանի կառավարիչ Աշոտ Բագրատունի Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիքի և Շիրակի գավառները՝ Անի ամրոցի հետ, և միացրել իր հողերին: Հայոց միջնադարում Անին նշանակալից դեր է կատարել որպես կաթողիկոսական աթոռանիստ, եպիսկոպոսանիստ, հոգևոր-եկեղեցական կյանքի կենտրոն, ազգային-եկեղեցական ժողովների գումարմանվայր (969, 971, 1038, 1207): Հայ իրականության մեջ Անին եղել է ամենից մեծաթիվ եկեղեցիներ ու առավել բազմամարդ հոգևորականություն ունեցող քաղաք: Հայոց պետության մայրաքաղաք և հատկապես կաթողիկոսական աթոռանիստ հռչակվելուց հետո դարձել է ոչ միայն քաղաքական, այլև՝ հոգևոր մայրաքաղաք, որի այս նշանակությունն ընդգծելու համար Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսը X դ. վերջին Վաղարշապատից այստեղ է փոխադրել Հռիփսիմյան կույսերի նշխարների մի մասը՝ հատուկ այդ նպատակով եկեղեցի կառուցելով Անիում: Բացի այդ, ավանդաբար, Անիի հնագույն քաղաքամասի՝ Ներքին բերդի եկեղեցու հիմնադիր է համարվել Գրիգոր Ա Լուսավորիչը: Հավանաբար այս և այլ հանգամանքներ նկատի ուներ Ներսես Շնորհալին, երբ Անին անվան եռատառ լինելն առնչում էր Ս. Երրորդության խորհրդի հետ: Անիում են աթոռակալել կաթողիկոսներ Սարգիս Ա Սևանցին (992–1019), Պետրոս Ա Գետադարձը, որից հետո բյուզանդացիները բռնությամբ քաղաքից հեռացրել են կաթողիկոս.աթոռը: Կաթողիկոսական աթոռի տեղափոխումից հետո եկեղեցական կյանքում մեծ դեր է կատարել Անիի եպիսկոպոսությունը: Անին և Շիրակի եպիսկոպոսությունը, որպես Հայ եկեղեցու առանձին հոգևոր և վարչատարածքային միավոր, կազմավորվել է 1072-ին՝ Բարսեղ Անեցու ձեռնադրության ժամանակ: 1072-ից մինչև Սարգսի աթոռակալությունը (վերջին անգամ հիշվում է 1220-ին) Անիի եպիսկոպոսական աթոռը գտնվել է Պահլավունիների հետ խնամիացած Ապիրատյան զորեղ տոհմի ներկայացուցիչների ձեռքին, ապա անցել Պահլավունիներին (Գրիգոր, Հովհաննես): XII դ. Անիի եպիսկոպոսները հորջորջվել են «արքեպիսկոպոս թագաւորանիստ քաղաքին Անւոյ», «եպիսկոպոս յարեւելս հիւսիսոյ», համարվել Հս. Հայաստանի ողջ հայ հոգևորականության առաջնորդ, գլխավոր դեր կատարել Հռոմկլայում հաստատված կաթողիկոսական աթոռի հետ հարաբերություններում: XIII դ. քաղաքն ունեցել է երկու եպիսկոպոս, որոնցից մեկը կոչվել է առաջնորդ, մյուսը՝ երեցապետ եպիսկոպոս: Մեծաթիվ է եղել Անիի քահանայական դասը՝ երեցանին, որը XII դ., Շեդդեդյան ամիրաների տիրապետության շրջանում, կարևոր դեր է կատարել՝ գլխավորելով քաղաքի հայ բնակչության ազատագր. պայքարը: Դա շեշտել են նաև արաբ պատմիչները: Անիի քահանայական դասը XIII դ. արձանագրություններում հիշվում է «երեցանի» («իրիցանի») ընդհանուր անվան տակ՝ որպես որոշակի արտոնություններ ու շահեր ունեցող սոց. խավ: Մոնղոլական տիրապետության շրջանում նա թեև ամբողջովին չի կարողացել խուսափել հարկահավաքների կամայականություններից, սակայն շարունակ պայքարել է իր իրավունքների պաշտպանության համար և ժամանակ առ ժամանակ հաջողության հասել: Անիի եկեղեց. կյանքի հետաքրքիր կողմերից էր քահանաների պայմանական բաժանումը բնիկների ու եկվորների: «Եկվորների» հոսքը հավանաբար սկսվել է XIII դ. սկզբին, երբ Զաքարյանների տիրապետության տակ անցած քաղաքը բուռն ծաղկում է ապրել, և կտրուկ մեծացել է նրա բնակչության թիվը:XI դ. կեսից քաղաքում երևան են եկել կրոնական փոքրամասնություններ (քաղկեդոնականներ, մահմեդականներ): Անիի քաղկեդոնականներին XIII դ. սկզբին գլխավորել է Դավիթ եպիսկոպոսը, որը մեծ համարում է ունեցել Վրաց արքունիքում: Անին հայ և օտար մի շարք աղբյուրներում կոչվում է «1001 եկեղեցիների քաղաք»: Այստեղ եկեղեցիներ են հիմնել թագավորական ընտանիքի անդամները, ազնվականները, հոգևորականները, քաղաքացիները: X–XI դդ. Անիում մեկը մյուսի հետևից վեր են խոյացել վեհաշուք եկեղեցիներ, որոնք հաճախ կրկնել են հայ եկեղեցական ճարտարապետության դասական շրջանի ձևերը՝ դրսևորվելով որպես տվյալ տիպի տարբերակված կամ կատարելագործված օրինակներ: Առավել հայտնի էին Անիի Մայր տաճարը, զվարթնոցատիպ Գագկաշեն Ս. Գրիգոր, էջմիածնատիպ Ս. Առաքելոց, Աբուղամրենց (Ս.Գրիգոր), Ս. Փրկիչ, Տիգրան Հոնենցի (Ս. Գրիգոր Լուսավորիչ), Հովվի եկեղեցիները: Անիի մերձակայքում ժամանակին բարգավաճել են Հոռոմոսի, Բագնայրի, Արջո Առիճի, Խծկոնքի վանքերը՝ հանդիսանալով հոգևոր ու մշակութ.առաջնակարգ կենտրոններ: Թե՛ քաղաքի եկեղեցիներում, թե՛ նրա մոտակա վանքերում ու մենաստաններում ծաղկել է հայ քրիստոնեական մշակույթը, գործել են դպրոցներ, ստեղծվել մատենագրական երկեր, ընդօրինակվել բազմաթիվ ձեռագրեր: Քաղաքը հայտնի էր իր բազմաթիվ մատուռներով, որոնք կառուցվել են պարիսպների բուրգերի մեջ, խաչքարերով: Այդ ամենը մայրաքաղաքին հաղորդել է «քրիստոնեական միջնաբերդի», «աստվածապահ» քաղաքի խորհուրդ: Անիում XI–XIII դդ. գործել է բարձրագույն իմաստասիրական դպրոց, որը ծաղկել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Հովհաննես Սարկավագի, Մխիթար Անեցու (XII դ.) օրոք: Անիի իմաստասիրական դպրոցը, մյուսների համեմատ, ավելի աշխարհիկ բնույթ է կրել, դասավանդվող առարկաների մեջ գերակշռել են հատկապես փիլիսոփայական և բնական գիտությունները: Դպրոցն ունեցել է հարուստ մատենադարան: Մատենադարաններ կային նաև արքունիքում, կաթողիկոսարանում, վանքերում ու եկեղեցիներում:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 60-61:
Տես նաև՝
Հակոբյան Թ. Խ., Անի մայրաքաղաք, Երևան, 1988:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am