Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Անիի կաթողիկոսարան

 ԱՆԻԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ, Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռանիստը 992–1046-ին: 961-ին Անին Հայոց մայրաքաղաք հռչակած Աշոտ Գ Ողորմած թագավորը քաղաքական և հոգևոր մեկ կենտրոն ունենալու մտադրությամբ Աղթամարից Անի է հրավիրել Անանիա Ա Մոկացի կաթողիկոսին, որը եկել է Շիրակ, բայց հաստատվել Անիի մերձակա Արգինայում: Կարճ ժամանակով Անիում աթոռակալել է Անանիա Ա Մոկացու հաջորդներից Ստեփանոս Գ Սևանցին, բայց հետո, Խաչիկ Ա Արշարունու օրոք կրկին աթոռանիստ է դարձել Արգինան, որտեղ կառուցվել են համապատասխան եկեղեցի և այլ անհրաժեշտ շինություններ: Սմբատ Բ Տիեզերակալ թագավորի ժամանակ կրկին դրվել է կաթողիկոսական աթոռը Անի փոխադրելու հարցը, և սկսվել քաղաքի մեծ Կաթողիկեի՝ Մայր տաճարի շինարարությունը (մինչ այդ Աշոտ Գ Ողորմածը կաթողիկոսարանի համար կառուցել էր եկեղեցի, որն աղբյուրներում հիշատակվում է որպես «զփոքր Կաթողիկէն Անւոյ»): Սմբատ Բ-ին հաջորդած Գագիկ Ա Բագրատունին և նրա կինը՝ Կատրանիդեն (վերջինս ստանձնել է անավարտ Կաթողիկեի շինարարության հովանավորութունը), խոստացել են իրականացնել դեռևս Աշոտ Գ Ողորմածի ժամանակ ծրագրված նպատակը, և 992-ին Գագիկ Ա-ի կամքով կաթողիկոս ձեռնադրված Սարգիս Ա Սևանցին վերջնականապես թողել է Արգինան ու հաստատվել Անիում: Քաղաքում շուտով ավարտվել է Կաթողիկեի շինարարությունը (1001), իսկ կաթողիկոսը նրա հարևանությամբ հիմնել է Ս. Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը: Անիի նորահաստատ կաթողիկոսարանը դարձել է երկրի հոգևոր ու եկեղեցական կյանքի առաջատար կենտրոնը: Արգինայից այստեղ են տեղափոխվել կաթողիկոսարանի բարձրագույն հոգևոր դպրոցը՝ վարդապետարանը, հարուստ դիվանն ու մատենադարանը: Անիի կաթողիկոսարանում են գտնվել ժամանակի նշանավոր վարդապետներից շատերը (Արիստակես Լաստիվերցին անվանապես նշում է նրանցից երեքին՝ Սարգսին, Տիրանունին, Ենոքին): Սարգիս Ա կաթողիկոսի աթոռակալության տարիներին Հայաստանյայց առաքելական եկեղեցին բարգավաճել է, կարգավորվել են եկեղեցական կյանքի զանազան խնդիրներ, վերականգնվել Սյունյաց մետրոպոլիտությունը, անհրաժեշտ պայքար է մղվել աղանդավորական շարժումների դեմ: 1019-ին ծերացած Սարգիս Ա Սևանցին իր փոխարեն կաթողիկոս է ձեռնադրել Պետրոս Ա Գետադարձին: Նրա օրոք սկիզբ է առել Բագրատունիների թագավորության քաղաքական ճգնաժամը, որը խիստ բացասական հետևանք է ունեցել նաև կաթողիկոսական աթոռի համար: Ինքը՝ Պետրոս Ա Գետադարձը, բացահայտ միջամտելով քաղաքական խնդիրներին, ավելի է բարդացրել իրավիճակը: Արդյունքը եղել է այն, որ նա 1037-ին Անիում աթոռանկ է արվել, և թագավորի կամքով կաթողիկոս է ձեռնադրվել Սանահինի վանահայր Դիոսկորոսը, բայց մեկ ու կես տարի անց կրկին վերականգնվել է նախկին վիճակը: Դրությունն ավելի է ծանրացել Բագրատունիների թագավորության անկումից (1045) հետո, երբ բյուզանդացիները, Հայոց քաղաքական իշխանությունը վերացնելով, պայքար են սկսել նաև եկեղեցական իշխանության դեմ: Նախ Անիից հեռացրել են Պետրոս Ա Գետադարձին (1046-ի վերջ), ապա՝ նրա տեղապահ Խաչիկ Անեցուն (1047-ի սկիզբ) և իրենց տիրապետության օրոք այլևս թույլ չեն տվել, որ Հայոց հայրապետները ոտք դնեն նախկին աթոռանիստ: Որոշ ժամանակ Պետրոս Ա Գետա-դարձին Պոլսում պահելուց հետո թույլատրելեն հաստատվել Սեբաստիայում, որտեղ և նավախճանվել է, իսկ Խաչիկ Բ Անեցու ժամանակ կողոպտել են Անիի կաթողիկոսարանի գանձերը, ճնշում գործադրել կաթողիկոսի վրա և վերջապես բնակության տեղ հատկացրել Փոքր Հայքում՝ Թավբլուրում: Խաչիկ Բ Անեցու մահից հետո բյուզանդացիները փորձել են ընդհանրապես խափանել նոր կաթողիկոսի ընտրությունը, ինչը, սակայն, չի հաջողվել: Անիի կաթողիկոսարանը դադարել է գործել բյուզանդացիների անհանդուրժող. քաղաքականության հետևանքով: Անիի կաթողիկոսական աթոռը կարճ ժամանակով վերականգնվել է 1081-ին, Հաղպատում կաթողիկոսի աթոռակից ընտրված Բարսեղ Ա Անեցու շնորհիվ: Սակայն 1105-ին նա տեղափոխվել է Քեսունի Կարմիր վանք (Կիլիկիա) և ազգ քաղաքական նկատառումներով այլևս չի վերադարձել: Անեցիները մի երրորդ անգամ փորձել են կաթողիկոսական աթոռը վերականգնել XII դ. վերջին, երբ, ի հակակշիռ Հռոմկլայի կաթողիկոսական Աթոռի (Կիլիկիա), 1195-ին կաթողիկոս են ձեռնադրել Անիի և Շիրակի արքեպիսկոպոս Բարսեղ Բ-ին, բայց նրա իշխանությունը սահմանափակվել է միայն Հս. Հայաստանի մի քանի շրջաններով, իսկ մահից հետո Անիում այլևս նոր կաթողիկոս չի ձեռնադրվել: Չնայած համեմատաբար կարճատև գոյությանը, Անիի կաթողիկոսարանը նկատելի հետք է թողել Հայ եկեղեցու պատմության մեջ: Բագրատունիների շրջանում լայն հնարավորություններ է ունեցել և համայն երկրում առաջնային հեղինակություն վայելել: Պատահական չէ, որ հայկական տարբեր թագավորությունների միջև ծագած վեճերն ու բախումները սովորաբար հարթվել են կաթողիկոսների միջնորդությամբ: Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ, Անիի կաթողիկոսական աթոռը ոչնչով չի զիջել Հայոց թագավոր. գահին: Կաթողիկոսարանում մշտապես գտնվել են տասներկու եպիսկոպոս, չորս վարդապետ, վաթսուն կուսակրոն և հինգ հարյուր աշխարհական (ամուսնացած) քահանաներ, մեծաթիվ պաշտոնեություն: Ճամփորդությունների ժամանակ կաթողիկոսին սովորաբար ուղեկցել է 300 հեծյալից բաղկացած զինված պահակազոր: Մեծ էր նաև Անիի կաթողիկոսարանի հոգևոր-մշակութային դերը: Այն ուներ վարդապետարան, գրատուն (որը ոչ միայն մատենադարան, այլև գրչության կենտրոն էր): Մատենադարանապետներից նշանավոր էր հատկապես Սարգիս վրդ. Անեցին՝ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ուսումնակիցն ու բարեկամը, որը 1041-ի մի հիշատակարանում ակնարկում է այդ «գրանոցի» նկատմամբ ցուցաբերած իր խնամքի մասին: Իսկ Բարսեղ Ա Անեցու ժամանակ կաթողիկոսարանի վարդապետարանի ուսուցչապետությունն ստանձնել էր ժամանակի հռչակավոր վարդապետներից Հովհաննես Սարկավագը: Նրա անեցի սաներից Գրիգորը հետագայում դարձել է 1124-ին վերստին օծված Մայր տաճարի առաջին ավագ երեցը, նրան հաջորդել է Հովհաննես Սարկավագի մյուս շնորհալի սանը՝ Սամուել Անեցի պատմագիրը: Կաթողիկոսական աթոռի հեռացումից հետո Անին դարձյալ կարևոր դեր է խաղացել Հայաստանի եկեղեցական կյանքում՝ շնորհիվ իր մեծատոհմիկ ու գործուն եպիսկոպոսների և բազմանդամ հոգևոր դասի:

                                                                      Մաթևոսյան Կ.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  62-63:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am