ԱՆՏԻՈՔ, քաղաք Ասորիքում (Սիրիա), Որոնտես գետի ափին: Հելլենիստական, այնուհետև՝ քրիստոնեական մտքի և մշակույթի կենտրոններից, ընդհանրական եկեղեցու հինգ տիեզերական աթոռներից: Իր մեծությամբ և կարևորությամբ եղել է երրորդ քաղաքը Հռոմից և Ալեքսանդրիայից հետո: Սելևկյանների աթոռանիստ Անտիոքը հիմնել է Սելևկիոս I Նիկատորը Ք.ծ.ա. 301-ին և կոչել հոր՝ Անտիոքոսի անունով: Սելևկյանների կառուցած մյուս Անտիոքներից տարբերակելուՍելևկիոս I Նիկատոր: Լուվր (Ֆրանիսա): համար հաճախ անվանվել է Ասորիքի Անտիոք (հայկական աղբյուրներում՝ Ավագն Անտիոք): Հայոց արքա Տիգրան Բ Մեծը, Ասորիքը նվաճելուց հետո, Ք.ծ.ա. 83–69-ին Անտիոքը դարձրել է Հայոց տերության հվ. թագավորանիստը, որտեղ նրա անունով ու պատկերով արծաթե դրամներ են հատվել: Ք.ծ.ա. 64-ին քաղաքը հռոմեցի  զորավար Պոմպեոսի գրավելուց հետո՝ մինչև Կոստանդնուպոլսի կառուցումը (IV դ.) եղել է Հռոմեական կայսրության արլ. մասի մայրաքաղաքը: 538-ին Պարսից թագավոր Խոսրով I Անուշիրվանը ավերել է Անտիոքը, բնակչության զգալի մասին կոտորել կամ գերեվարել: Բյուզանդական Կայսր Հուստինիանոս I-ը (527–565) վերաշինել է այն և տվել Աստծո քաղաք անունը, որը պահպանվել է քաղաքի պատրիարքների տիտղոսաշարում: Հետագա դարերում Անտիոքը մի քանի անգամ անցել է մե՛րթ արաբներին, մե՛րթ բյուզանդացիներին: XI դ. քաղաքի կառավարիչներ են եղել նաև հայեր (Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին՝ Վասակ Պահլավունին, զորավար Փիլարտոս Վարաժնունին):1084-ին Անտիոքը գրավել են սելջուկ թուրքերը: 1098-ի հունիսի 3-ին, 9-ամսյա պաշարումից հետո, խաչակիրները գրավել են Անտիոքը և հիմնել Անտիոքի դքսությունը: 1268-ին քաղաքը նվաճել և հիմնովին ավերել է Եգիպտոսի սուլթան Բեյբարսը: Անտիոքում Տիգրան Մեծ (մետաղադրամ)քրիստոնեության տարածման և առաջին քրիստոնեական համայնքների մասին վկայում է Գործք Առաքելոցը: Այստեղ գործել են Բառնաբե, Պողոս և Պետրոս առաքյալները: Անտիոքի եկեղեցու հիմնադիրը համարվում է Պողոս առաքյալը: Անտիոքից քրիստոնեությունը տարածվել է Արևելք: Անտիոքում է գտնվել Արևելքում (Փոքր Ասիա) Հռոմեական կայսրության չորս արքեպիսկոպոսություններից (էքզարխատ) մեկը՝ Կեսարիայի, Եփեսոսի, Հերակլեայի հետ: Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովի (381) երրորդ կանոնով Անտիոքի աթոռը ճանաչվել է չորրորդ տիեզերական աթոռը Հռոմից, Կ. Պոլսից և Ալեքսանդրիայից հետո: IV դ. վերջին Բյուզանդական կայսրության Արևելքի դքսության 15 մարզերի վրա ստեղծվել է Անտիոքի պատրիարքությունը, որի իշխանության տակ էին Փյունիկիան, Արաբիան, Պաղեստինը: Պատրիարքները կրել են Համայն Արևելքի պատրիարք տիտղոսը: Անտիոքի պատրիարքությունից հետագայում առանձնացվել են Կիպրոսը, Պարսից եկեղեցին և Երուսաղեմի պատրիարքությունը: 451-ի Քաղկեդոնի ժողովը պառակտում է առաջ բերել Անտիոքի եկեղեցում և քրիստոնեական համայնքում: V դ. Անտիոքի պատրիարքությունից բաժանվել է նեստորական եկեղեցին, իսկ VI–VII դդ. Անտիոքում ձևավորվել են քաղկեդոնական-մելկիտ, միակամ-մարոնիտ (մարունի) և հակաքաղկեդոնական հակոբիկ հոսանքները: Սրանք կազմել են առանձին եկեղեցիներ իրենց համայնքներով և պատրիարքներով: Երեք եկեղեցիների հոգևոր պետերն էլՀուստինիանոս I (խճանկար Ռավեննայի Սան-Վիտալե եկեղեցում) իրենց անվանում են Անտիոքի պատրիարք, չնայած XI–XII դարերից հետո նրանցից ոչ մեկի նստավայրը Անտիոքում չի գտնվել:1182-ին Մարոնիտ եկեղեցին ճանաչել է Վատիկանի գերագահությունը, իսկ ասորական Հակոբիկյան եկեղեցին մնացել է անկախ՝ մաս կազմելով Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքի: Արաբական նվաճումից հետո (VII դ.) երեք եկեղեց. համայնքներում գործածության մեջ է մտել արաբերենը, որը դուրս է մղել հունարենը (XIII դարից), այնուհետև՝ ասորերենը (XVII դարից):X–XII դդ. Բյուզանդական կայսրությունը Արաբական խալիֆայությունից կրկին նվաճել է Անտիոքի պատրիարքության տարածքը, իսկ Խաչակրաց առաջին արշավանքից (1098) հետո այդտեղ հաստատվել է Կաթոլիկ եկեղեցին, որը մարոնիտների և մելկիտների եկեղեցական կազմակերպության հիմքի վրա ժամանակի ընթացքում ստեղծել է սեփականը: XII–XIII դդ. Անտիոքի պատրիարքության համար անզիջում պայքարը հիմնականում ընթացել է Էլ Գրեկո <<Պողոս առաքյալ>>: Գրեկոյի թանգարան (Իսպանիա):Կ. Պոլսի աթոռիև Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջև: Անտիոքի պատրիարքության տարածքների վրա ստեղծվել են խաչակրաց Արևելքի պետությունները (Եդեսիա, Անտիոք, Տրիպոլի ևն): Անտիոքի պատրիարքության տարածքի վրա է ձևավորվել նաև Կիլիկիայի հայկական իշխանությունը (1198–1375-ին՝թագավորություն), իսկ պատրիարքության թեմերի մի մասը մնացել է սելջուկներին, ապաանցել Եգիպտոսի մամլուքների տիրապետության տակ (Հալեպ, Համա, Հոմս, Բաալբեկ, Դամասկոս, Խառան ևն): Հայ եկեղեցին անմասն չի մնացել կաթոլիկ և Արևելքի մյուս քրիստոնյա համայնքների միջև միջեկեղեցական պայքարից: ՀռոմկլայիՀին հռոմեական ճանապարհ Անտիոքում կաթողիկոսարանի որոշ գործիչներ, Ներսես Լամբրոնացու ղեկավարությամբ, արդեն XII դ. 70-ական թթ-ից իրենց առջև նպատակ էին դրել Կիլիկիայում վերականգնել ոչ միայն հայոց պետականությունը, այլև Հայոց կաթողիկոսի իշխանությունն ընդունելի դարձնել տարածաշրջանի բոլոր քրիստոնյա համայնքներին՝ առաջարկելով Անտիոքի պատրիարքի իշխանությամբ օժտել Հռոմկլայի հայոց կաթողիկոսներին: Այդ առաջարկը 1178-ի Հռոմկլայի ժողովում ներկայացվել է բյուզանդական եկեղեցուն, իսկ արդեն XIII դ. մի շարք վավերագրերում Հայոց կաթողիկոսն անվանվում է նաև Անտիոքի պատրիարք: 

                                                                                   Բոզոյան Ա. 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  66-67:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am