Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Անվանակոչություն

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ, խորհրդաբանական երևույթ`  հավասարազոր օծմանը«Կոչումն կամ դրութիւն անուանն»

1. Հայաստանյայց առաքելական եկեղեցու Տերունական անշարժ տոներից` Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը («Տօն անուանակոչութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»): Նշվում է հունվարի 13-ին:

Ծնունդ (Ճաշոց, 1460 թ.)Ըստ Ղուկաս ավետարանչի, մարդեղացյալ Աստվածորդուն, նրա ծննդյան 8-րդ օրը, Հովսեփն ու Մարիամ Աստվածածինը տանում են Տաճար՝ Աբրահամի և Աստծո միջև դրված ուխտի (Ծննդ. 17.4–14) համաձայն թլփատելու: Թլփատության ժամանակ մանկանն անվանում են Հիսուս (եբրայերեն բառ, որը նշանակում է փրկիչ). «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2.21):

2. Նվիրական ավանդույթի համաձայն, Մկրտության ժամանակ խորհրդակատար քահանան մկրտվողին տալիս է նոր անուն, քանի որ մկրտության սուրբ ավազանից վերստին ծնվածն այլևս նոր մարդ է (հմմտ. Հովհ. 3.3, 5–6): Ինչպես ձեռնադրության և օծման ընթացքում՝ նվիրյալին, նույնպես և Մկրտության ժամանակ մկրտվողին որպես նոր անուն շնորհվում է որևէ սրբի (սրբուհու) կամ ականավոր եկեղեցական-ազգային գործչի անունը:

3. Հայ եկեղեցու հայրավանդ կանոնների համաձայն, քահանայանալԱստվածամայրը մանկան հետ (նկարիչ՝ Կիրակոս, Ավետարան, 1351 թ.) ցանկացող ընծայյալին ձեռնադրության խորհրդի ժամանակ ձեռնադրող և սրբալույս Մյուռոնով օծող եպիսկոպոսը շնորհում է նոր անուն: Նոր Անվանակոչությունը օծյալ այդ սպասավորին խորհրդաբար դարձնում է նոր անձ, նոր՝ աստվածային առաքելության տեր. «հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. Նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4.22–24):

4. Հայ եկեղեցու հնավանդ կանոնների համաձայն, նորակառույց եկեղեցու նավակատիքինհանդիսապետ եպիսկոպոսը, եկեղեցին օծելու ժամանակ Աստծո նորակառույց տաճարն անվանակոչում է ի պատիվ որևէ սրբի (սրբուհու) կամ Տերունական որևիցե տոնի (Ս. Գայանե, Ս. Սարգիս, Ս. Հարություն ևն):

                                                                                               Կարապետյան Ա.


Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 65:

Տես նաև՝

Գրիգոր Տաթեվացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, ԿՊ, 1740: 

Կարգ Աստուածապաշտութեան Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ, [ժող.], Թ., 1907:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am