ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ, Գրիգոր Ա Լուսավորչի սահմանած պահք, որը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Լինում է Մեծ պահքից 3 շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում թույլատրվել է ուտել միայն աղ ու հաց: Այդ օրերին չի արտոնվում Պատարագ մատուցել, եկեղեցում ընթերցել Սուրբ Գիրք կամ Ավետարան:
Տարբեր մեկնությունների համաձայն, այս պահքը «Առաջավորաց» է կոչվել իբրև ազդարար Մեծ պահքի կամ, իբրև Հայոց պահք՝ նշանակ Հայաստանի հոգևոր լուսավորության: Ըստ մեկ այլ բացատրության, Աստված 6-րդ օրը մարդուն ստեղծելուց հետո միայն 5-րդ օրն է ուտելու հրաման տվել (Ծննդ. 1.29–30), և չուտիքի հենց այդ 5 օրն է ակնարկում «Առաջավորաց»-ը:
Առաջավորաց պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է ս. Հովնանի քարոզությունն ու Նինվեի ապաշխարությունը, բայց ոչ իբրև Հովնան մարգարեի տոն, այլ իբր մեծ ապաշխարության և ծոմապահության օրինակ:
Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից, ադամական մեղքից մարդկային 5 զգայարանների սրբումն է: Հին եկեղեցում սովորություն կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել: Գրիգոր Ա Լուսավորիչը նույնպես սահմանում է, որ Տրդատ Գ թագավորն ու մյուսները մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահեն, ինչի շնորհիվ էլ նրանք փրկվում են այսահարությունից: Այստեղից էլ Առաջավորաց պահքը կոչվել է նաև Փրկության պահք:
Առաջավորաց պահքը միջնադարում թյուրիմացաբար անվանվել է ս. Սարգսի պահք՝ ելնելով այն հանգամանքից, որ Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է ս. Սարգսի տոնը:
Հայ մատենագիրների վկայությամբ, Առաջավորաց պահքը հնում գոյություն է ունեցել նաև հույների ու լատինների մոտ:
եպս. Պետրոսյան Ե.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 75:
Տես նաև՝
Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Ե.,1992:
Մանուկյան Ա., Հայ եկեղեցու տոները, 6 հրտ., Թեհրան, 1999:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am