Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աշտիշատի եկեղեցական ժողովներ

 ԱՇՏԻՇԱՏԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ, գումարվել են IV–V դարերում, Մեծ Հայքի Տարոն գավառի Աշտիշատ ավանում, դավանական, եկեղեցականոնական խնդիրների քննարկման համար: Փավստոս Բուզանդի վկայությամբ, Աշտիշատը եկեղեցական  ժողովների գլխավոր վայրն էր IV դ.: Ներսես Ա Մեծ կաթողիկոսը Փավստոս ԲուզանդԿեսարիայում օծվելուց հետո հրամայել է բոլոր եպիսկոպոսներին հավաքվել Աշտիշատում, ինքն էլ գնացել է այնտեղ: Թե ի՞նչ հարցեր է քննարկել ժողովը, պատմիչները տեղեկություններ չեն հաղորդում: Երկրորդ ժողովը գումարվել է 356-ին, Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ, Հայոց Արշակ Բ թագավորի (350–368) օրոք: Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ: Որոշ չափով սահմանափակել է ժողովրդից գանձվող հարկերը, ամրապնդել եկեղեցու տնտեսական և քաղաքական ազդեցությունը: Հայաստանում քրիստոնեական կրոնն արմատավորելու համար սահմանել է բոլոր գավառներում հիմնել հունական և ասորական դպրոցներ (Հայաստանում IV դ. Ուսուցումը կատարվել է այդ լեզուներով), արգելել պարսկերենի ուսուցումը, փակել զրադաշտական ատրուշաններն ուՆերսես Ա Մեծ կաթողիկոս մոգության դպրոցները: Ժողովը կանոնադրությամբ արգելել է հեթանոսասական որոշ սովորույթներ՝ մերձավոր ազգականների ամուսնությունը, մեռելների վրա մոլեգին լացն ու կոծը ևն: Նախատեսել է բացել որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ, որոնց խնամատարությունը կատարվելու էր ավաններից ու ագարակներից գանձվող հատուկ հարկերի հաշվին:

Երրորդ ժողովը գումարվել է 435-ին, Սահակ Ա Պարթև կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ՝ Եփեսոսի Գ տիեզերական ժողովի (431) որոշումները պաշտոնապես ընդունելու, ինչպես նաև Հայաստանում տարածվող նեստորականության հետ կապված մի շարք խնդիրներ լուծելու համար: Ըստ Կորյունի, Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները Եփեսոսից իրենց հետ բերել են ժողովի որոշումներն ու կանոնները, Աստվածաշնչի հայերեն թարգմանության օրինակը և ներկայացրել ժողովին: Ժողովը նախ ընդունել է Եփեսոսի Գ տիեզերական ժողովի դավանական որոշումներն ու վեց կանոնները, ապա զբաղվել նեստորականության խնդրով: Եփեսոսի ժողովում բանադրված նեստորականները, Բյուզանդական կայսրությունում հալածվելով, ամրապնդվել էին Պարսկաստանում, որտեղ շուտով նեստորականությունը հռչակվել է Պարսից եկեղեցու պաշտոնական Ֆրանչեսկո Մագիոտտո <<Կաթողիկոս Սահակ Պարթև>>դավանանք: Նեստորի կողմնակիցները եռանդուն գործունեություն են ծավալել նաև Հայաստանում. նեստորականության հիմնադիր հայրեր համարվող Դիոդորոս Տարսոնացու և Թեոդորոս Մոպսուեստացու գրվածքները թարգմանել են հայերեն, ասորերերեն, պարսկերեն և տարածել: Մելիտինեի Ակակիոս և Եդեսիայի Ռաբուլաս եպիսկոպոսները գրով զգուշացրել են Հայոց կաթողիկոսին, եպիսկոպոսներին ու նախարարներին չընդունել հերձվածող և նեստորական վարդապետության ուսուցիչ Մոպսուեստացու գրքերը: Մինչդեռ Կիլիկիայի եպիսկոպոսներն ամբաստանել են Ակակիոսին և Ռաբուլասին՝ նրանց այդ վարվելակերպը համարելով ոչ ճշմարիտ և անձնական վրեժխնդրությունիցՄեսրոպ Մաշտոց մղվող արարք: 435-ի ժողովը որոշել է դիմել Կ. Պոլսի Պրոկղ պատրիարքին և կաթողիկոսի թղթով ու Մոպսուեստացու գրվածքներով նրա մոտ ուղարկել երեցներ Ղևոնդին ու Աբելին՝ կամենալով պարզել ճշմարտությունը: Պրոկղը նույն թվին Անտիոքի Հովհաննես պատրիարքի նամակի հետ ուղարկել է նեստորական վարդապետությունը դատապարտող և եփեսոսյան դավանությունը պաշտպանող իր պատասխան թուղթը, որն էլ ընդունել են հայերը: Աշտիշատի 435-ի ժողովը մեծ նշանակություն է ունեցել Հայաստանում նեստորականությունը պաշտոնապես մերժելու և կյուրեղեփեսոսյան դավանության դիրքերի վրա կանգնելու գործում:

                                                                                                    Ղազարյան  Ա.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  69-70:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am