ԱԹՈՌ, եկեղեցական իմաստով՝ 1. առաքելական շնորհով հաստատված կամ փոխանցված եկեղեցու նվիրապետական իշխանության խորհրդանիշ: Նվիրապետական Աթոռները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու վարչական կառուցվածքի բաղկացուցիչ մասն են: Հայ եկեղեցում գոյություն ունեն կաթողիկոսական,պատրիարքական և եպիսկոպոսական Աթոռներ: Կաթողիկոսական Աթոռները երկուսն են՝ Ամենայն հայոց ընդհանրական կաթողիկոսությունը՝ Ս. Էջմիածնում (Մայր աթոռ, տես Կաթողիկոսություն ամենայն հայոց) և Կիլիկիո Աթոռ՝ Անթիլիասում (տես Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո): Պատրիարքական Աթոռները Հայ եկեղեցում ևս երկուսն են (տես Երուսաղեմի հայոց պատրիարքություն և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն): Առաջնորդական Աթոռ հասկացությունը ներկայումս գործածվում է հիմնականում եպիսկոպոսական Աթոռի համար,իսկ նախկինում գործածվել է նաև վանական առաջնորդությունների կամ վանական առաջնորդական Աթոռի պարագայում (տես Թեմ հոդվածում):

2. Եկեղեցական կահավորանքի մաս, գահ, գահավորակ, որի վրա բազմում է եկեղեցու նվիրապետը, աթոռակալը (կաթողիկոս, պատրիարք, թեմական առաջնորդ): Գոյություն ունեն հաստատուն և շարժական Աթոռներ: Հաստատուն Աթոռը հատուկ է նվիրապետին կամ աթոռակալին, Մայր եկեղեցիներում (առաջնորդանիստ) այն անշարժ դրվում է եկեղեցու աջակողմյան դասի գլխավերևում և, աթոռակալի աստիճանի մեծության համեմատ, կարող է ունենալ մեկ, երկու կամ երեք աստիճանբարձր պատվանդան: Հաստատուն Աթոռին բացի նվիրապետից ուրիշ բարձրաստիճան եկեղեցականներ չեն կարող նստել: Շարժական Աթոռ եկեղեցում գործածվում է ըստ անհրաժեշտության՝ բեմից քարոզելու, ատյանի (եկեղեցու բեմի և դասի մեջտեղը) համար, ձեռնադրությունների ժամանակ և այլ առիթներով: Աթոռները զարդարվում են նվիրապետության խորհրդանշանով, նվիրական զարդերով, վերին մասում՝ սյուների վրա, կարող է լինել Մայր եկեղեցու կամ կաթողիկեի մանրակերտը:
 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 23:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am