ԱԶԱՐԻԱ ՋՈՒՂԱՅԵՑԻ (ծ. և մ. թթ. անհտ), XVI դարի տոմարագետ: Ապրել և գործել է Ջուղայում: Նրա անունով «Ազարիայի թվական» է կոչվել տոմարական երրորդ պարբերաշրջանը: Հայոց Մեծ թվականից երկու 532-ամյա պարբերաշրջանը վերջանալուց հետո (1616) Ազարիա Ջուղայեցին կազմել է նոր (երրորդ) պարբերաշրջանի բարեփոխված, անշարժ աղյուսակ:Այն ունեցել է 12x30+5 կառուցվածքը: Չորս տարին մեկ 12-րդ ամիսը 30-ի փոխարեն 31օր էր: Ամսանուններն են՝ Շամս, Ադամ, Շբաթ,Նախայ, Ղամարյ, Նադար, Թիրայ, Դամայ, Համերայ, Արամ, Օվդան, Նիրհան, Ավելյաց: Տարեսկիզբը համապատասխանել է գիշերահավասարին՝ Շամսի 1-ը = մարտի 21-ին: Լուսնի զատկական բոլոր լրումները տեղի են ունեցել Շամս ամսին: Ջուղայեցիների կամ, ինչպես ձեռագրերում է հաճախ օգտագործվել, Նոր կամ Փոքր թվականը գտնելու համար Հայոց Մեծ թվականից անհրաժեշտ է հանել 532-ամյա երկու պարբերաշրջան. ընդ որում, հարկ է հիշել, որ Հայոց Մեծ թվականով տարեսկիզբը Նավասարդի 1-ին էր, իսկ Նոր կամ Փոքր թվականով՝ Շամսի 1-ին (մարտի 21-ին): Ազարիա Ջուղայեցու կազմած տոմարը շուրջ երկու հարյուրամյակ օգտագործվել է Պարսկաստանի և Հնդկաստանի հայկական գաղթավայրերում: Ազարիա Ջուղայեցու «Պատճէն տօմարին Ազարիայի» տոմարագիտական երկը տպագրվել է «Գիրք տօմարաց Հայոց...»-ի մեջ (1685, էջ 22–39):
Էյնաթյան Ջ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 19:
Տես նաև՝
Անասյան Հ., Հայկական մատենագիտություն,հ. 1, Ե., 1959, էջ 272–276, 1177–86:
Թումանյան Բ., Հայ աստղագիտության պատմություն, [գիրք 1], Ե., 1964:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am