ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 1860, Ազգային սահմանադրություն հայոց, արևմտահայերի կրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրություն: Ընդունել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը 1860-ի մայիսի 24-ին: Սակայն սուլթանական կառավարությունը մոտ 3 տարվա ձգձգումից հետո և էական կրճատումներով (հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների, հատկապես՝ գավառները ներկայացնողների քանակը և այլն) այն վավերացրել է միայն 1863-ի մարտի 17-ին (թուրքերեն կոչվում էր «Հայ ազգի կանոնադրություն»):1853-ին Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մարմինների՝ Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովների համաձայնությամբ կազմվել է Ուսումնական խորհուրդ, որի անդամներ Ն. Ռուսինյանը, Գ. Օտյանը, Ն. Պալյանը, Ս. Վիչենյանը (Սերվիչեն), Կ. Ութուճյանը, Մ. և Գ. Աղաթոն եղբայրները 1857-ին մշակեցին կրոնական, ազգային, մշակութային, հասարակական կյանքին վերաբերող կանոնադրություն: «Սահմանադրություն» է կոչվել Ն. Ռուսինյանի առաջարկով, քանի որ գրվել էր բելգիական սահմանադրության գլխավոր սկզբունքների հիման վրա՝ միաժամանակ կրելով 1848-ի Ֆրանսիական հեղափոխության գաղափարների ազդեցությունը: Կազմված էր ներածությունից («Հիմնական սկզբունք»), 5 գլուխներից, որոնք իրենց հերթին բաժանվում էին առանձին ենթագլուխների, և 99 հոդվածներից (նախնական տարբերակում՝ 150): Որպես հիմնական սկզբունք Կ. Պոլսի հայոց պատրիարքը հայտարարվում էր «ազգի ղեկավար», իսկ «մասնաւոր պարագաներու մէջ» միջնորդ օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերություններում: Նշված էր նաև, որյուրաքանչյուր հայ անհատ որոշակի պարտականություններ ունի ազգի հանդեպ, ինչպես և ազգը՝ ամեն մի անհատի: Հետևաբար, ազգն ու անհատը կապված են «փոխադարձ պարտեօք»: Առանձնակի կարևորություն էր տրվում Հայ առաքելական եկեղեցու դավանանքն ու ավանդույթներն անաղարտ պահելու, առանց սեռի խտրության հայ մանուկներին անհրաժեշտ կրթություն ու դաստիարակություն ապահովելու, հասարակական կարիքների համար նախատեսված դրամական միջոցներն ըստ անհրաժեշտության օգտագործելու հարցերին ևն: Ազգային սահմանադրությունը կարգավորում էր Կ. Պոլսի հայոց պատրիարքի գործունեությունը՝ զգալիորեն սահմանափակելով վերջինիս իրավունքները և նշելով պարտականությունները: Պատրիարքը պարտավոր էր հավատարիմ մնալ Ազգային սահմանադրության սկզբունքներին, հետևել դրանց ճիշտ և ժամանակին կիրառմանը, որոշումներն ընդունել միայն իրեն կից ստեղծված ազգգային կրոնական և քաղաքական ժողովների անդամներից կազմված ընդհանուր ժողովի հետ համատեղ ևն: Պատրիարքն իրավունք չուներ ինքնակամ փոփոխել Ազգային սահմանադրության դրույթները, լուծարել վերոհիշյալ մարմինները: Նշված սկզբունքները խախտելու համար նա կարող էր ենթարկվել պատասխանատվության, իսկ ծայրահեղ դեպքում՝ պաշտոնանկ արվել: Նոր պատրիարքի ընտրությունների նախապատրաստումը գտնվում էր ազգային, կրոնական և քաղաքական ժողովների հաստատած տեղապահի իրավասության ներքո: Պատրիարք կարող էր ընտրվել 35 տարին լրացած, օսմանյան կայսրության տարածքում Հայ առաքելական եկեղեցու թեմերի համազգային հեղինակություն վայելած յուրաքանչյուր եպիսկոպոս: Պատրիարքին կից գործելու էին ազգային կրոնոական (կազմված 14 հոգևորականներից) և քաղ. (կազմված 20 աշխարհիկանձանցից) ժողովներ: Ազգային կրոնական ժողովի իրավասությանն էին հանձնված եկեղեցական տարաբնույթ հարցերի քննությունն ու լուծումը: Քաղաքական ժողովը տնօրինելու էր աշխարհիկ բնույթի գործերը: Նրա գերատեսչության ներքո ստեղծվելու էին ուսումնական, տնտեսական, դատաստանական և վանորեից խորհուրդներ, ինչպես նաև՝ 3 հոգաբարձություններ (ելևմտից, կտակաց, հիվանդանոցների, բոլորն էլ ենթարկվելու էին տնտեսական խորհրդին): Ինչպես ազգային կրոնական,այնպես էլ քաղաքական ժողովների անդամները վերընտրվելու էին 2 տարին մեկ՝ փակ, գաղտնի քվեարկությամբ: Ա գլխի 3-րդ մասը վերաբերում էր Երուսաղեմի հայոց պատրիարքարանին: Տեղի պատրիարքն ընտրվելու էր Ս. Հակոբյանց վանքի միաբանության անդամ, 35 տարին լրացած եպիսկոպոսներից, ցմահ՝ ազգային կրոնական և քաղաքական ժողովների համատեղ նիստում:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 19-21:
Տես նաև՝
Սարուխան, Հայկական խնդիրն և Ազգային սահմանադրութիւնը Թուրքիայում (1860–1910), հ. 1, Թ., 1912:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am