ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ,
Մեծ պահոց քառասնօրյա շրջանին նախորդող կիրակի օրը: Յուրատեսակ տոն, որն ուղղակիորեն չի առնչվում աստվածաշնչյան որևէ հրահանգի կամ դրվագի հետ: Առավելապես ժողովրդական տոնախմբության, խրախճանքի, ազատության օր է, որը կարծես հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախնի դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը: Եվրոպայում կոչվում է պարզապես կառնավալ: Հայոց մեջ Բուն Բարեկենդան  անվանվել է նաև Աբեղաթող քահանայական դասին տրվող որոշ ազատությունների պատճառով, իսկ ժողովրդախոսակցական լեզվով կոչվել է նաև Բարեկենտանք, Բարիկեանք (տես նաև Բարեկենդան):

Բուն Բարեկենդանի նախորդող շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում, վարագուրվում է եկեղեցու խորանը և այդպես մնում մինչև ս. Զատիկ տևող քառասնօրյա պահքի ավարտը. վարագույրը բացվում է միայն բացառիկ դեպքերում, երբ եկեղեցու անվանակոչության կամ սրբոց տոների առթիվ հարկ է լինում Պատարագ մատուցել: Բուն Բարեկենդանի օրը Պատարագը մատուցվում է վարագուրված խորանի հետևում. երգվում են շարականներ, որոնց բովանդակային առանցքն Ադամի դրախտային-երանական վիճակն է, երբ առաջին՝ դեռևս անմեղանչական մարդը, տեսնելով Աստծուն՝  «ցնծայր զուարճացեալ անտխրական խնդութեամբ»:

Բուն Բարեկենդանը շարժական տոն է, նշվում է ս. Զատկից քառասուն օր առաջ՝ կիրակիներն ու շաբաթները չհաշված. այս շրջանն էլ հենց կազմում է Մեծ պահքը:

Իբրև ժողովրդական  տոնախմբության օր իր մեջ պարունակում է հեթանոսական շրջանից ավանդված տարրեր՝ կերուխում, այլևայլ խաղեր՝ ձիարշավ, սրախաղ ևն, դիմակավորում՝ տարբեր կենդանիների դիմակներով (ըստ հեթանոսական հավատալիքի, դիմակ հագած մարդը լցվում է տվյալ՝ սրբազան համարվող կենդանուն հատուկ գերբնական զորությամբ): Դիմակավոր խաղերի ու խրախճանքների ավանդույթը գալիս է դիոնիսյան ու սադուռնական (սատուռնական) կոչվող տոներից (որոնք կատարվել են Եվրոպայում) և հեթանոսական Հայաստանում նշվող նավասարդյան տոներից: Հայկական տարբեր գավառներում ծիսակարգային որոշ փոփոխակներով նշվել է Բուն Բարեկենդանը՝  որպես ժողովրդական թատերականացված հանդիսություն, կերուխումի և ծիծաղի օր:

Ներկայումս Բուն Բարեկենդանի ժողովրդական տոնախմբությունը կրում է առավել զուսպ բնույթ: Հայ եկեղեցին Բուն Բարեկենդանը նշում է փետրվարի 1-ից մարտի 7-ը ընկած ժամանակահատվածում:                                  

 

                                                                                           

Աղբյուրը՝  

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 185-186:


 

Տես նաև՝

Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Ե.,1992: 

Մանուկյան Ա., Հայ եկեղեցու տոները, 6 հրտ., Թեհրան, 1999:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am