ՀԱՄԲԱՐՁՈՒՄ, սուրբ Համբարձման տոն, Հայ առաքելական եկեղեցու Տերունի տոներից:Հիսուս Քրիստոսի հարության օրվանից քառասուն օր հետո` հինգշաբթի օրը, Հայ եկեղեցին տոնում է Հիսուսի երկինք համբարձվելու հիշատակը: Համբարձման տոնը Զատկի հետ 35 օրվա շարժականություն ունի և նշվում է ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում:

Հոգիների փրկությունը, Հարություն (նկարիչ՝ Զաքարիա Աղթամարցի, Ավետարան, 1357 թ.)Քրիստոսը, հարությունից հետո քառասուն օր երկրի վրա մնալով, քառասուներորդ օրը Ձիթենյաց լեռան վրա իր վերջին պատգամները, հորդորներն ու օրհնություններն է տվել իր առաքյալներին, համբարձվել երկինք ու նստել Հայր Աստծո աջ կողմում (Մարկ. 16.19–20, Ղուկ. 24.50–53, Գործք 1.9–11): Ըստ Գործք առաքելոցի, մինչ աշակերտները զարմացած ու այլայլված երկինք էին նայում, նրանց երկու սպիտակազգեստ հրեշտակներ են երևում և ասում.«Ով գալիլիացիներ, ինչու կանգնած նայում եք երկնքին, այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրա երկինք գնալը» (Գործք 1.11): Համբարձումը նշանավորում է Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության ավարտը:

Համբարձման տոնը Հայաստանում, իր մեջ ներառելով հեթանոս. շրջանի մի շարք սովորություններ ու ավանդություններ, վերածվել է ժողովրդական տոնակատարության: Համբարձման օրը ժողովուրդը կոչում է նաև «Վիճակ»«Ծաղիկ գովել»«Ջան գյուլում»: Այդ օրը աղջիկները, գույնզգույն, հատկապես կարմիր ու կանաչ զգեստներ հագած, գարնանային ծաղկած դաշտերում կամ այգիներում կազմակերպել են զբոսանք և վիճակախաղ: Անցյալում Համբարձման «Ջան Գյուլումը» մեծ տոնախմբություն է եղել և միայն աղջիկներին վերաբերող տոն համարվել: Այդպես է կոչվել, որովհետև վիճակի համար երգվող տաղերը վերջացել են «Ջան գյուլում»-ով, ինչը ծաղկի, մասնավորապես` վարդի փառաբանությունն էր: Համբարձման նախընթաց օրը (չորեքշաբթի) աղջիկները դաշտերից, այգիներից հավաքել են 7 գույնի ծաղիկ և փնջեր կապել, որոնցից մեծը և խաչաձևը կոչվել է Ծաղկամեր: Ապա 7 աղբյուրի ջրից լցրած կժի մեջ յուրաքանչյուրը որևէ իր է գցել: Կուժը ծաղիկների հետ պահել են և հսկել, որ տղաները չգողանան: Մյուս օրը` Համբարձման տոնին, նստել են բոլորակ` իրենց առաջ դնելով կուժն ու ծաղկեփնջերը, և սկսվել է վիճակը (վիճակահանությունը): Երգել են մի-մի տուն ժող. երգ, որի մեկ տողն էր «Ջան գյուլում, ջան, ջան», մյուս տողը` «Ջան ծաղիկ, ջան, ջան»: Ամեն մի տունը երգելուց հետո միՀամբարձում (Մողնու ավետարան, XI դարի կեսեր) փոքրիկ աղջիկ կժից հանել է մի իր: Այդ իրի տիրոջ բախտը որոշվել է երգի կամ արտասանված քառյակի բովանդակությամբ: Այս արարողությունը կոչվել է «Ծաղիկ գովել»: Ծաղիկների, ծառերի, տերևների միջոցով հմայություն և գուշակություն են արել, իսկ ծաղիկներն ու տերևները գործածել որպ ես բուժիչ դեղ: Բոլոր ծաղիկները բաժանելուց հետո Ծաղկամերը նվիրել են եկեղեցուն:

«Վիճակը»«Ջան գյուլումը»«Ծաղիկ գովելը» հայկական սովորությունների և կենցաղի մաս են կազմել: Դրանք, ինչպես Կանաչ և Կարմիր կիրակիները և գարնանային այլ տոներ, սերտորեն կապվել են գարնան զարթոնքի, բնության զարդարանքի և ծաղկումի հետ: Այդ օրերին եփել են կաթնապուր, և տոնը կոչվել է նաև կաթնապուրի տոն:

Համբարձում (Ավետարան, XIII դարի կես)Երաժշտություն: Շարակնոցում Համբարձման կանոնը, որի հեղինակն է Ներսես Լամբրոնացին, երկուպատկեր ունի: Առաջին` «Համբարձաւ Տէրըն մեր» (7 մաս) և երկրորդ` «Ծագումն Միածնի» 2 Հարց և 2 Տէր երկնից ունեցող 9 միավորից բաղկացած պատկերը: Համբարձմանը նվիրված բազմաթիվ տաղեր են ստեղծվել. մի քանիսը («Այսօր անդրանիկ»«Եւ ի յերկինս վերացեալ») մեղեդիներով հանդերձ հարատևել և երգվում են եկեղեցում առ այսօր:

Պատկերագրություն: «Համբարձման» պատկերները հայտնի են IV դարից: Հայկական արվեստում հնագույն օրինակները Պտղնիի, Օձունի (VI դ.) եկեղեցիների բարձրաքանդակներն են, «Էջմիածնի Ավետարան»-ի կազմի փոր ագրությունը: «Համբարձման» տեսարանում Քրիստոսը պատկերվում է մանդոռլայի (Աստծո փառքի առարկայական արտահայտություն) մեջ (ավելի հաճախ` էլիպսաձև) նստած կամ կանգնած, որին դեպի երկինք են տանում հրեշտակները: Ներքևում կանգնած է առաքյալներով շրջապատված Տիրամայրը, ում աջ և ձախ կողմերում սովորաμար լինում են հրեշտակներ,նրանց կողքին` Պողոս և Պետրոս առաքյալները: Տիրամայրն առաքյալների հետ պատկերվում է նաև առանց հրեշտակների: «Համբարձման» տեսարանը հայկ. արվեստում մեծ տարածում ունի: Ինքնատիպ են Կիլիկիայի վարպետների, «Մողնու Ավետարան»-ի, Մոմիկի պատկերազարդած «Պատերազմի Ավետարան»-ի պատկերումները:

 

                                Ղազարյան Ա.,  Արևշատյան Ա. Միքայելյան Մ.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 532-533:

 

Տես նաև՝

Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Ե., 1992

 Մանուկյան Ա., Հայ եկեղեցու տոները, Թեհրան, 1999

Մաթեվոսյան Կ., Ավետիսյան Ա., Ավետարանական պատկերներ, Ե., 1993 

Քյոսեյան Հ., Դրվագներ հայ միջնադարյան արվեստի աստվածաբանության, Ս. Էջմիածին, 1995:

 Schiller  G., Iconography of Christian Art, v. I, L., 1971.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am