ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ [Հիսուս < եբր. Հեշուա– Փրկիչ: Քրիստոս < հուն. χριστοvς – Օծյալ, եբրայերեն` Մաշիյահ, հունարեն μεσσιας – Մեսիա],Մեկն Ամենասուրբ Երրորդությունից, Հոր և Սուրբ Հոգու համագոյակիցը, Աստծո Միածին Որդին և անժամանակ Ծնունդը, Աստված՝ Աստծուց, նախահավիտյան Բանը, որ մարդկանց Ավետումն (Ավետարան, XIII  դարի 80-ական թթ.)փրկության համար ճշմարտապես մարդացավ ս. Կույս Մարիամից:  Մարմնացյալ Աստծո Որդին, ճշմարիտ Աստված ու ճշմարիտ Մարդը, Աստծո Օծյալը և աշխարհի Փրկիչը, որի սուրբ մարդեղությամբ հաստատվեց Եկեղեցու թագավորությունը: Նա, որ չարչարվեց, խաչվեց, երրորդ օրը հարություն առավ մեռելներից, նույն մարմնով համբարձվեց երկինք և նստեց Հոր աջ կողմում՝ ազատագրելով մարդուն մեղքի դատապարտվածությունից ևցույց տալով փրկության ճանապարհը: Հանուն նրա Աստված երկիր ուղարկեց Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը, Աստծո Հոգին, որը եկեղեցագործում է աշխարհում Հոգեգալստի օրվանից և առաջին աշխարհամատուռն եկեղեցին (Վերնատունը) հաստատելուց ի վեր՝ մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը՝ զորությամբ և բազում փառքով: Տես նաև Հավատո հանգանակ:

Սուրբ Գրքում Հիսուս Քրիստոսն անվանվում է և բնութագրվում՝ Աստծո Որդի  (Հովհ.1.34), Որդի (Ա Հովհ. 4.14), կենդանի Աստծո Որդի (Մատթ. 16.16), Աստծո միածին Որդի (Հովհ. 3.18), միածին Որդի, որ Հոր ծոցում է (Հովհ. 1.18), պատկերն աներևույթ Աստծո և բոլոր արարածների սկիզբը (Կողոս. 1.15), Հոր սիրելի Որդի (Կողոս. 1.13), օրհնյալ Աստծո Որդին (Մարկ. 14.61), Բարձրյալի Որդին (Ղուկ. 1.32) ևն: Հիսուս Քրիստոսին որպես Աստծո Որդի են վկայում Հայրը՝ «Եվ ահա մի ձայն երկնքից [Հայր Աստված՝ ձայնով], որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3.17, տես նաև Մարկ. 1.9–11, Ղուկ. 3.21–22), «Դա՛ է իմ սիրելի Որդին,... դրա՛ն լսեցեք» (Մատթ. 17.5, տես նաև Մարկ. 9.2–12, Ղուկ.Ծնունդ և մոգերի երկրպագությունը (Ավետարան, 1332 թ.) 9.28–36), ինքը Հիսուսը՝ «Աստծու Որդի եմ» (Հովհ. 10.36), Սուրբ Հոգին՝ «Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու Ավետարանի..» (Մարկ. 1.1: Սույն վկայությունը տրված է Սուրբ Հոգով, ինչպես ամբողջ Աստվածաշունչը), հրեշտակը՝ «Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու Որդի կկոչվի» (Ղուկ. 1.35), մարդիկ՝ Հովհաննես Մկրտիչը («Եվ ես տեսա ու վկայեցի, թե սա՛ է Աստծու Որդին» Հովհ. 1.34), Հովհաննես առաքյալը («Այլ այսքանը գրվեց, որ դուք հավատաք, թե Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին», Հովհ. 20.31), նավակում եղած աշակերտները («Արդարև Աստծու Որդին ես դու», Մատթ. 14.33), Պողոս առաքյալը (Գործք 9.20), Նաթանայելը (Հովհ. 1.49), Մարթան (Հովհ. 11.27) և մյուսները: Հիսուսից զարհուրելով՝ նրան որպես Աստծո Որդի են ճանաչում նաև անմաքուր, դիվական ոգիները («Եվ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում. «Դու Աստծու Որդի Ես». Մարկ. 3.11), դևերի բազմությունը, որ կոչվում էր լեգեոն («Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսու՛ս, բարձրյալ Աստծու Որդի...», Մարկ. 5.7):

Մկրտություն (Անհայտ նկարիչ, Ավետարան, XV դ., Խիզան (?))Սուրբ Գիրքը նաև վկայում է, որ Հիսուս Քրիստոսն Աստված է, Երկնային արքայության հավիտենական թագավորը և Տերը. Նա կոչվում է Աստված (Հովհ. 1.1, Մատթ. 1.23, Եսայի 40.3), որի աթոռը հավիտենական է (Եբր.1.8), հավիտենական Տեր Աստված (Եսայի 40.28), ճշմարիտ Աստված (Ա Հովհ. 5.20), հզոր Աստված (Եսայի 9.6), Տեր և Աստված (Հովհ. 20.28), Աստված և Փրկիչ (Ղուկ. 1.47), բոլորի վրա իշխող օրհնյալ Աստված (Հռոմ. 9.5), համայն երկրի Աստվածը (Եսայի 54.5), Աստված, որ հայտնվեց մարմնով (Ա Տիմոթ. 3.16, մեր Աստվածն ու Փրկիչը (Բ Պետրոս 1.1), Էմմանուէլ, որ նշանակում է Աստված մեզ հետ (Մատթ. 1.23), Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը (Ելք 3.16), Բարձրյալ (Ղուկ. 1.76), Տեր Աստված (Եսայի 40.10), Զորությունների Տերը (Եսայի 6.3), Փառքի արքա, հզոր և պատերազմում զորեղ Տեր (Սաղմ. 23.8), Փառքի Տերը (Ա Կորնթ. 2.8) ևն:

Որպես Սուրբ Երրորդության համագո (նույնաբնույթ) Անձերից նա, ով Հոր և Սուրբ Հոգու հետ արարել է տիեզերքները՝ դուրս և առաջ է ժամանակներից, անժամանակ Երրորդությամբ փառավորված և կոչվում է նաև հավիտենության հայր (Եսայի 9.6), սկիզբը և վախճանը, ալֆան ու օմեղան (Հայտն. 1.8), ամենայն ինչի արարիչը (Կողոս. 1.16), կյանքը (Ա Հովհ. 1.2) և հավիտենական կյանքը (Ա Հովհ. 5.20), Կենաց Բանը և կյանքը, որ «Հոր մոտ էր և հայտնվեց մեզ (Ա Հովհ. 1.1–2), Բանը (Հովհ. 1.1), Բանն Աստված (Հովհ. 1.1), մարմնացած Բանը («Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ...», Հովհ. 1.14), «Նա, որ լույսն է նրա [Հոր] փառքի և բուն պատկերը նրա էության» (Եբր. 1.3), Աստծո իմաստությունը և զորությունը (Առակ. 8.12, Ա Կորնթ. 1.24), Ուխտի հրեշտակը կամ պատգամաμերը (Մաղաք. 3.1), Տիրոջ հրեշտակը (Ծննդ. 22.15), Աստծո հրեշտակը (Ծննդ. 31.11) և Աստվածը (Ծննդ. 31.13) ևն:

Քանի որ Հիսուս Քրիստոսը, Հայր Աստծո կամքի համաձայն ճշմարտապես մարդացավ՝հանուն մարդու փրկության, ուստի և կոչվում է մարդու Որդի (Մատթ. 12.8, Մարկ. 10.33), Դավթի որդի՝ մարմնով Դավթի թագավորական ազգատոհմից լինելու համար (Մատթ. 1.1), Աբրահամի որդի (նույն տեղում), Երկրորդ մարդը՝ Տերը երկնքից (Ա Կորնթ. 15.47), Հիսուս Քրիստոս՝ Մարդը (Ա Տիմոթ. 2.5), Մարիամի որդին (Մարկ. 6.3), կնոջ սերունդը, որ ջախջախելու է օձի (սատանայի) գլուխը (Ծննդ. 3.15):

Հիսուսը եկավ, որպեսզի կատարի Հայր Աստծո կամքը՝ «Ահա՛վասիկ գալիս եմ քոՀարսանիքը Կանայում  (Անհայտ նկարիչ, XV դ., Խիզան (?)) կամքը կատարելու ով Աստված»  (Եբր. 10.7, 9): Գրվածքներն Աստծուց եկած Հիսուսին անվանում են Հոր կողմից սրբացված և աշխարհ Առաքված (Հովհ. 10.36), Ուղարկված (Եբր. 3.1), մեծ մարգարե (Ղուկ. 7.16), մարգարե (Գործք3.22–23), ծառա Աստծո (Փիլիպ. 2.7), Նազովրեցի՝ Նազարեթում բնակված լինելու պատճառով (Մատթ. 2.23) ևն:

Մարդանալով՝ Աստծո Որդին՝ Հիսուսը, իր վրա վերցրեց Ադամի սերնդին վիճակված արարչական անեծքը (տես Նզովք), անարգանքների և չարչարանքների մատնվեց, յուրայիններին երևալով իբրև օտար և կողմնակի՝ հյուր (Սաղմ. 68.9), «հարվածների ենթակա մի Մարդ» (Եսայի 53.3), քանի որ, ինչպես ասում է Պողոս առաքյալը՝ «Քրիստոս մեզ վերստին գնեց օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է, թե՝ «Անիծյալ է այն մարդը, որը կախված է փայտից»), որպեսզի Աբրահամի օրհնությունը Քրիստոս Հիսուսով գա հեթանոսների վրա, և որպեսզի Սուրբ Հոգու խոստումը մենք ընդունենք հավատով» (Գաղատ. 3.13–14):

Եվ քանի որ Հիսուսն իր Անձով փառավորեց Հայր Աստծո անունը, դրա համար Հայրը «...նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների, և ամեն լեզու խոստովանի,թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու» (Փիլիպ. 2.9–11): Ուստի և նա կոչվում է նաև Հիսուս Քրիստոս՝ մեր Տերը (Հռոմ. 5.21), Տեր Հիսուս (Գործք 7.58), Օծյալ (Սաղմ. 2.2), Աստծո Քրիստոսը (Ղուկ. 9.20), Քրիստոս, օրհնյալ Աստծո Ղազարոսի հարությունը (նկարիչ՝ Մարգարե (?), Ավետարան, 1315 թ., Խորդեանց անապատ)Որդին (Մարկ. 14.61), Փրկիչն աշխարհի (Հովհ. 4.42): Որպես Նոր Ուխտի (Արյան Ուխտի) միջնորդ, որն իր քավչարար և սուրբ արյունը հեղեց Գողգոթայի խաչի վրա՝  հանուն մարդկության փրկության, նա անվանվում է Աստծո Գառը (Հովհ. 1.29), «անբիծ և անարատ, ինչպես մի գառ» (Ա Պետրոս 1.19), մորթված Գառը (Հայտն. 5.12), հաղթող Գառը (Հայտն. 17.14), Գառը, որպես քաղաքի՝ երկնային Երուսաղեմի տաճար (Հայտն. 21.22), Գառը, որպես քաղաքի ճրագ (Հայտն. 21.23): Որպես երկնային Երուսաղեմի՝ եկեղեցու Տերը, նա հոգևորապես անվանվում է Փեսա (տես Մատթ. 9.15, Հայտն. 21.9), որպես եկեղեցու Տերը և Առաջնորդը՝  կոչվում է Հովիվ (Հովհ.10.16), Աստծո հովիվը, որի վրա արթնանալու է սուրը (Զաքարիա 13.7), բարի հովիվ, որն իր կյանքն է դնում ոչխարների համար (Հովհ.10.11), հոգիների Հովիվը և Տեսուչը (Ա Պետրոս2.25), «...հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծ հովիվն» է, որը հարություն է առել մեռելների միջից (Եբր. 13.20), Հովվապետ, որը երևալու է դարձյալ (Ա Պետրոս 5.4), Ճանապարհը (Հովհ. 14.6), ոչխարների դուռը (Հովհ. 10.7): Ինքը՝  Հիսուս Քրիստոսն է հարությունը և կյանքը («Ես իսկ եմ հարություն և կյանք...», Հովհ. 11.25), կենաց ծառը, «որ գտնվում է Աստծու դրախտիՔրիստոսի հրաշքը ծովում (նկարիչ՝ Ծերուն, Ավետարան, 1391 թ., Ոստան) մեջ» (Հայտն.2.7), Շառավիղը (Զաքարիա 6.12), Դավթի արմ ատը (Հայտն. 5.5), ճշմարիտ որթատունկը (Հովհ. 15.1), ճշմարիտ հացը՝  Աստծուց և երկնքից (Հովհ. 6.32–33), կենաց հացը (Հովհ. 6.35), կենդանի հացը (Հովհ. 6.51), թաքցված մանանան (Հայտն. 2.17): Ի տարբերություն Ադամին ու Եվային խոստացված սատանայական կեղծապատիր լույսի, Հիսուս Քրիստոսն ինքն է աստվածային Լույսը (Հովհ. 12.35), ճշմարիտ Լույսը (Հովհ. 1.9), աշխարհի Լույսը (Հովհ. 8.12), Լույս՝ հեթանոսների կամ ազգերի համար (Եսայի 42.6), աստղը (Թվեր 24.17), առավոտյան աստղը (Հայտն. 2.28), բարձունքից այցելող արեգակը (Ղուկ. 1.78):

 Որպես եկեղեցու փրկության անփոփոխելի հիմք Հիսուս Քրիստոսը կոչվում է վեմ կամ հիմք (Ա Կորնթ. 3.11, Ա Կորնթ. 10.4), անկյունաքար (Ա Պետրոս 2.6): Հիսուս Քրիստոսի սրբության, տնօրինական փրկագործության, անդրանկության, քավչարար զոհագործության, երկնային ու երկրային հավիտենական իշխանության և աստվածային մյուս հատկանիշների ու գործառույթների մասին են վկայում հավիտ ենական Քահանայապետ (Եբր. 8.1), «միջնորդ՝ Աստծու և մարդկանց միջև» (Ա Տիմոթ. 2.5), բարեխոս (Ա Հովհ. 2.1), Աստծո ընտրյալը (Ղուկ. 23.35), Աստծո փրկությունը (Ղուկ. 2.30), Ճանապարհը և Ճշմարտությունը (Հովհ. 14.6), Հավատարիմը և Ճշմարիտը (Հայտն.19.11), հավատարիմ և ճշմարիտ վկան (Հայտն.3.14), հաղթական առյուծը, որ Հուդայի ցեղից է (Հայտն. 5.5), Իսրայելի Սուրբը (Եսայի 49.7), Աստծո Սուրբը (Մարկ. 1.24), Սուրբ և Արդար (Գործք 3.14), Սու՛րբ, Սու՛րբ Սու՛րբ (Եսայի 6.3) անվանումներն ու հաստատումները: Այս վերջին անվանումը, որ Աստծո նկատմամբ կիրառել է Եսային, հիշատակում է Հովհաննես ավետարանիչը. «Եսային այս ասաց, որովհետև տեսավ նրա [Հիսուսի] փառքը և խոսեց նրա մասին» (Հովհ. 12.41): Քրիստոսը նաև Աստծո ստեղծածների սկիզբն է (Հայտն. 3.14), անդրանիկը՝  մեռելների միջից (Կողոս. 1.18), վերջին Ադամը (Ա Կորնթ. 15.45), Հարությունը (Հովհ. 11.25), եկեղեցու [Քրիստոսի մարմնի] գլուխը (Կողոս. 1.18), ամենայն պետության և իշխանության Հիսուսի քարոզը ծովի վրա (նկարիչ՝ Զաքարիա Աղթամարցի, Ավետարան, 1371 թ., Աղթամար)գլուխը (Կողոս. 2.10), փրկության առաջնորդը (Եբր. 2.10), հավատի զորագլուխն ու կատարելագործողը (Եբր. 12.2), տերերի Տերը և թագավորների Թագավորը (Հայտն. 17.14), շաբաթ օրվա [հանգստյան կամ խաղաղության] տերը (Ղուկ. 6.5), իշխան (Միքիա 5.2), մեռյալներին ու կենդանիներին հավասարապես տիրող (Հռոմ. 14.9), բոլորի Տերը (Գործք 10.36), կյանքի Առաջնորդը (Գործք 3.15), Դատավորը (Գործք 17.31), թագավորի [Աստծո] որդին (Սաղմ. 71.2), ամբողջ երկրի թագավորը (Զաքարիա 14.9), խաղաղության թագավոր (Եբր. 7.2), փառքի արքան և զորությունների Տերը (Սաղմ. 23.10), Տերը, որ պիտի թագավորի հավիտյան (Սաղմ. 28.10), Հավատարիմը և Ճշմարիտը, որն «արդարությամբ է դատում ու պատերազմում» և իր գլխին կրում է «բազում պսակներ» (Հայտն.19.11–12):

Հին կտակարանում ամենայն մանրամասնությաբ մարգարեացված է Հիսուս Քրիստոսի՝ սպասված Մեսիայի հայտնությունը: Ստորև բերվում են և՛ հինկտակարանային, և՛ նորկտակարանային տեղիները (ոչ բոլորը)՝ ցույց տալու համար համապատասխան մարգարեությունը և դրա իրականացումը՝ Նոր Ուխտի մեջ:

1. Առաջին գալուստը («Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև: Նա [գալիք Հիսուսը] պիտի ջախջախի քո [Օձի] գլուխը, իսկ դու պիտի խայթ ես նրա գարշապարը», Ծննդ. 3.15, Գաղատ.4.4: «Քո եղբայրների միջից քո Տեր Աստվածը ինձ նման մարգարե պիտի մեջտեղ հանի, նրա՛ն կլսեք, քանի որ, երբ Քորեբում հավաքվել էիք, ձեր Տեր Աստծուն խնդրելով՝  ասում էիք. «Այլև՛ս չլսենք մեր Տեր Աստծու ձայնը, այդ մեծ կրակն այլևս չտեսնենք, որպեսզի չմեռնենք»: Այն ժամանակ Տերն ինձ ասաց. «Ճիշտ է այն ամենը, ինչ նրանք ասացին. ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ, իմ պատգամները կդնեմ նրա բերանը, և նա նրանց կասի այն, ինչ ես կպատվիրեմ նրան: Այն մարդը, որ չի լսի իմՀիվանդների բուժումը, Այրու որդու հարությունը (Ավետարան, 1368 թ., Աղթամար) անունից խոսող մարգարեին, նրանից վրեժ կլուծեմ», Բ Օրենք 18.15–19, Գործք 3.20–23: «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատվական ու ազնիվ անկյունաքար՝ նրա հիմքում, և ով որ հավատա նրան [Հիսուսին]՝ չի ամաչի», Եսայի 28.16, Ա Պետրոս 2.6, 7: Տես նաև Եսայի 42.6, 49.1–3, 55.4, Եզեկիել 34.23–24, Դանիել 2.44, Միքիա 4.1, Զաքարիա 3.9): 2. Գալստյան ժամանակը («Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա կողերից, մինչև որ գա նա [Հիսուսը], ում պատկանում են հանդերձյալները: Նրա՛ն են սպասում ժողովուրդները», Ծննդ. 49.10: «Ես ցույց եմ տալու նրան [Հիսուսին], բայց ոչ հիմա...», Թվեր 24.17: «Մեկ յոթանասունյոթնյակ է սահմանված..., որպեսզի վերջ գտնեն մեղքերը, ավարտվեն անօրենությունները, ջնջվեն անիրավութունները, ներվեն ամբարշտությունները, և գահավիտենական արդարությունը...» [հանձին Հիսուսի], Դանիել 9.24, Ղուկ. 2.1–20: «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և նա կտեսնի իմ ճանապարհները՝  իմ առաջ. և հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին կամենում եք դուք», Մաղաքիա 3.1): 3. Հիսուսի Աստվածությունը («Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ..»,  Սաղմ. 2.7, Ղուկ. 1.32, տես նաև Սաղմ. 44.7ևն: «Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի. նա պիտի կոչվի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստված հզոր, Իշխան, Հայր հանդերձյալ աշխարհի», Եսայի 9.6, տես նաև Երեմիա 23.6, Միքիա 5.2 ևն): 4. Հիսուսի կատարյալ մարդ լինելը («քո [Աբրահամի] սերնդի [Հիսուսի] շնորհիվ պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ազգերը...», Ծննդ. 22.18, Գաղատ. 3.16, Բ Թագ. 7.14, Սաղմ. 17.51, 21.21–23 ևն): 5. Հիսուսի Մուտք Երուսաղեմ (նկարիչ՝ Խաչեր, Ավետարան, 1294 թ., Բերկրի)գալստյան նախապատրաստումը («Անապատում կանչողի [Հովհաննես Մկրտչի] ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծու շավիղները», Եսայի 40.3, Հովհ. 1.23, Մաղաքիա 3.1, 4.5): 6. Հիսուսի ծնունդը (ՙԴրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուէլ [Աստված մեզ հետ]»,  Եսայի 7.14, Մատթ. 1.18, 23): 7. Ծննդյան վայրը («Եվ դու՛, Բեթղեհէ՛մ, Եփրաթայի սակավամարդ տուն...», Միքիա 5.2, Մատթ. 2.1 ևն): 8. Մոգերի երկրպագությունը մանուկ Հիսուսին (Սաղմ. 71.10–11, Մատթ. 2.1–11, Եսայի 60.6): 9. Փախուստը դեպի Եգիպտոս (Օսէէ 11.1,Մատթ. 2.13–15): 10. Մանուկների կոտորածը (Երեմիա 31.15, Մատթ. 2.16–18): 11. Նրա՝ Հիսուսի դեսպանորդությունը կամ առաքելությունը (Ծննդ. 12.3, 49.10, Եսայի 59.20 ևն): 12. Քահանայությունը՝ ըստ Մելքիսեդեկի կարգի (տես Քահանա): 13. Մարգարե՝ Մովսեսի նման (Բ Օրենք 18.15, Գործք 3.20–22): 14. Հեթանոսներին դիմելը (Եսայի 11.10, Հովհ.10.16, Գործք 10.45, 47, Բ Օրենք 32.43, Սաղմ.17.50 ևն): 15. Ծառայությունը Գալիլիայում (Եսայի 9.1–2, Մատթ. 4.12–16): 16. Կատարած հրաշքները (Եսայի 35.5–6, 42.7, 53.4, Մատթ. 11.4–6): 17. ՀոգևորԴատաստան Պիղատոսի, Երեսուն արծաթ (Ավետարան, 1397 թ.,  Խիզան) կատարելությունը (Սաղմ. 44.7, Եսայի 11.2 ևն): 18. Քարոզչությունը (Սաղմ. 77.1–2, Եսայի 2.3, Միքիա 4.2 ևն): 19.Տաճարի մաքրագործումը (Սաղմ. 68.10, Հովհ. 2.17): 20. Հիսուսի չարչարանքները, հուդայականների և հեթանոսների կողմից  մերժվելը («Ինչո՞ւ խռովություն արեցին հեթանոսները, և ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին: Հավաքվեցին երկրի թագավորները, և միավորվեցին իշխաններն ընդդեմ Տիրոջ ու նրա օծյալի...», Սաղմ. 2.1–2, 40.6 ևն, Գործք 4.25–28, Եսայի 6.9, 10 ևն): 21. Հետապնդում և անարգանք  (Սաղմ. 34.7 ևն, Եսայի 49.7, Հովհ. 15.23–25 ևն): 22. Հանդիսավոր մուտքը Երուսաղեմ («Ուրախացի՛ր խնդությամբ, դու՛ստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծությամբ, դու՛ստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագավորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրա», Զաքարիա 9.9, Մատթ. 21.1–10): 23. Մատնվելն ընկերոջ կողմից՝  անհավատ հրեաների ձեռքը (Սաղմ. 40.10, 54.13–15, Զաքարիա 13.6, Մատթ. 26.31, 56): 24. Մատնությունը՝ 30 արծաթ դրամի դիմաց (Զաքարիա 11.12, Մատթ. 26.15): 25. Մատնիչի [Հուդա Իսկարիովտացու] մահը (Սաղմ. 54.16, 24, 108.8–9, Մատթ. 27.3–5, Գործք 1.18–19): 26. Բրուտի ագարակի ձեռքբերումը (Զաքարիա 11.13,Մատթ. 27.7): 27. Աշակերտներից լքվելը (Զաքարիա 13.7, Մատթ. 36.31, 56): 28. Կեղծ մեղադրանքներ (Սաղմ. 26.12, 34.11 ևն): 29. Լռություն՝ մեղադրանքների հանդեպ (Սաղմ. 37.14–15, Եսայի 53.7, Մատթ. 26.63, 27.12–14): 30. Ծաղրուծանակ և վիրավորանք, հայհոյություն և թուք (Սաղմ. 21.8–9, 17, 108.25, 34.15–21, Եսայի 50.6, Մարկ. 14.65, Հովհ. 19.1): 31. Խորհրդավոր ընթրիք (նկարիչ՝ Հովսիան, Ավետարան, 1306 թ., Բերդակն գյուղ (Բերկրի))Համբերություն՝ չարչարանքների մեջ (Եսայի 53.7–9): 32. Խաչելություն (Սաղմ. 21.13–17): 33. Լեղի և քացախ (Սաղմ. 68.22): 34. Աղոթք՝ թշնամիների համար (Սաղմ. 108.4): 35. Աղաղակ՝ խաչի վրա (Սաղմ. 21.2, Մարկ. 15.34): 36. Մահ՝ ծաղկուն հասակում (Սաղմ. 88.46,101.23–24): 37. Մահ՝ չարագործների հետ (Եսայի 53.12): 38. Մահ՝ վկայված բնության սասանումով (Ամովս 5.20, Զաքարիա 14.6, Ղուկ. 23.44–45): 39. Հիսուսի հանդերձների վրա վիճակ գցելը (Սաղմ. 21.19): 40. Նրա ոսկորը չպիտի կոտրվի (Սաղմ. 33.21): 41. Խոցում գեղարդով (Սաղմ. 21.18, Զաքարիա 13.6, Հովհ.19.34): 42. Կամավոր մահ (Սաղմ. 39.7–9): 43. Փոխանորդական մահ (Եսայի 53.4–6, Դանիել 96.26): 44. Հուղարկավորում՝ մեծահարուստի կողմից (Եսայի 53.9): Այս համարը եբրայական կանոնում այսպես է՝ «Նրա գերեզմանն ամբարիշտների հետ դրվեց, բայց երբ մեռավ, հարուստի հետ եղավ»: Այլ կերպ է հայկական կանոնի որոշ թարգմանություններում): 45. Հիսուսի հարությունը (Սաղմ. 15.9–11, 29.4, 40.11–13, 117.17, Մատթ. 28.1–10, Մարկ. 16.1–8, Ղուկ. 24.6, 31, 34, Օսէէ 6.1–3): 46. Համբարձումը (Սաղմ. 15.11, 23.7, Գործք 2.32–33ևն): 47. Համաշխարհային և հավիտենական իշխանություն (Ա Մնացորդաց 17.11–14, Սաղմ. 2.6–8, 8.6, 44.6–7 ևն, Եսայի 9.7, Դանիել 7.14, Ղուկ. 1.32–33): 48. Երկրորդ գալուստը՝ փառքով (Սաղմ. 49.3–6, Եսայի 9.6–7, Զաքարիա 12.10, 14.4–8, Մատթ. 24.29–31, Մարկ. 13.24–27, Ղուկ. 21.25–28):

Նոր կտակարանն արձանագրում է, թե սուրբ գրվածքներով մարգարեացվածՈտնլվա, Հաղորդություն (նկարիչ՝ Ռստակես, Ավետարան, 1397 թ., Խիզան) և սպասված Մեսիան՝ Հիսուս Քրիստոսը, ծնվում է սուրբ կույս Մարիամից՝ Սուրբ Հոգով (տես Մարիամ Աստվածածին), ինչպես Մարիամին ավետել էր Տիրոջ հրեշտակը (Մատթ. 1.18–23): Նրա անունը դրվում է Հիսուս՝ աստվածային նախասահմանությամբ: Ինչպես հաշվում է Մատթեոս ավետարանիչն իր ազգաբանությունում (Մատթ. 1)՝ Աբրահամից՝ հավատքի հորից մինչև Քրիստոս լինում է 42 սերունդ: 42-րդը Քրիստոսն է՝ Դավիթ թագավորի սերնդից: Ընդունված կարծիքն այն է, որ Հիսուսը ծնվել է մ.թ. 1 թվականին (որով սկսվում է մեր թվարկությունը): Այլ հաշվարկների համաձայն՝ նա ծնվել է մ.թ.ա. [Ք.ծ.ա.] 4 թվականին, Հերովդես Մեծի մահվանից անմիջապես առաջ: Շուրջ երեսուն տարեկան հասակում (Ղուկ. 3.23) հայտնում է իրեն աշխարհին և շուրջ երեք տարի ավետում մարդկանց Աստծո փրկության ու երկնքի արքայության բարի լուրը: Հիսուս Քրիստոսի փրկագործ տնօրինության երկրավոր շրջանն ավարտվում է Խաչելությամբ և հրաշափառ Հարությամբ:

Չորս Ավետարանները, ժամանակային տարբեր հատվածներից սկսելով, պատմում են Հիսուս Քրիստոսի Ծննդյան, կյանքի, առաքյալների ընտրության, քարոզչության, սուրբ վարքի, հրաշքների, բժշկումների, պայծառակերպության (տես Վարդավառ), մեռելներ հարուցանելու մասին, ներկայացնում են Հիսուսի առակները, պատվիրանները, նկարագրում չարչարանքները, խոսում Վերջին ընթրիքի, այսինքն՝ Հաղորդության խորհրդի հաստատման, մահվան մատնվելու, խաչվելու, թաղվելու, հարություն առնելու, համբարձվելու, երկրորդ անգամ զորությամբ երկիր վերադառնալու և այլնի մասին: Չորս Ավետարաններն էլ (Մատթեոսի, Մարկոսի, Մատնություն (նկարիչ՝ Հովսիան, Ավետարան, 1306 թ., Բերդակն գյուղ (Բերկրի))Ղուկասի, Հովհաննեսի) արձանագրել են Հիսուսի կյանքի այն դրվագները, որոնք մարգարեացված էին և կատարվում էին մեկ առ մեկ՝ իրականացնելով Աստծո փրկության ծրագիրը:

Հիսուսի կողմից խոստացված Սուրբ Հոգու էջքի և առաքյալների գործունեության պատմությունն է տրված Գործք առաքելոցում: Հիսուս Քրիստոս Անձի, առաքելության և վարդապետության խորհուրդն է բացահայտվում առաքելական թղթերում: Հովհաննեսի Հայտնությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսի հայտնությանը և Երկրորդ գալստյանը:

Հիսուս Քրիստոսով կատարվեց Աստծո ժողովրդի (Իսրայելի) հետ Աստծո կնքած Ուխտը. դա են հաստատում իր իսկ խոսքերը, թե՝ «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա, չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու [կատարելու]» (Մատթ. 5.17): Հիսուսի կյանքը եղավ կատարյալ առաքինության օրինակ, նվիրում՝ Հայր Աստծո կամքի կատարմանն ու նրա անվան սրբացմանը (տեսԽաչելություն (նկարիչ՝ Ներսես, Ավետարան, 1474 թ., Խիզան) Տերունական աղոթք): Հովհաննես Մկրտիչը Հիսուսի մասին վկայում է՝ «Ահա՛ Գառն Աստուծո, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ.1.29): Եվ ոչ միայն վերացնում է մեղքը, այլև «...մկրտում է Սուրբ Հոգով« (Հովհ. 1.33)՝ կնքելով հավիտենական փրկության և կյանքի համար: Հիսուս Քրիստոսին հավատալով՝ մարդը արդարանում է Աստծո առջև, արդարանալով՝ փրկվում է, փրկվելով՝ սրբացվում է Սուրբ Հոգու կնիքով և ընդունում հավիտենական կյանքի ավետիսը: Մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալուստը, որ խոստացված է Ավետարաններով և Հովհաննեսի Հայտնությամբ, քրիստոնեական եկեղեցին գտնվում է Սուրբ Հոգու հայտնության շրջանում: Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալստյամբ «հրավառ երկինքը պիտի չքանա, և տարերքը հրկիզվելով պիտի հալվի: Բայց մենք, Աստծու խոստման համաձայն, աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում» (Բ Պետրոս 3.12–13): Այդ ժամանակ է տեղի ունենալու Ահեղ դատաստանը. Աստծո Հակառակորդը՝ սատանան, կապվելու է և նետվելու  «կրակի և ծծմբի ծովի մեջ»  (Հայտն. 20.9), մեռելները հարություն են առնելու, ոմանք՝  հավիտենական կյանքի և ոմանք՝ երկրորդ մահվան համար: Եվ լինելու է «Նոր երկինք ու նոր երկիր», Աստծուց ու երկնքից իջնելու է սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը՝ «զարդարված ու պատրաստված, ինչպես հարսը իր փեսայի համար» (տես Հայտն. 20, 21):

Ավետարանները և առաքելական թղթերը զգուշացնում են ուղղափառ քրիստոնյա հավատացյալներին՝ սուտ քրիստոսի կամ Նեռի հայտնությունից (տես Ա Հովհ. 2.18–25), տալիս են ճշմարիտ Քրիստոսի Երկրորդ գալստյան նշանները (տես Մատթ. 24.26–27,29–31, Մարկ. 13.24–27, Ղուկ. 21.25–28):

Թաղումն Հիսուսի (նկարիչ՝ Մարգարե (?), Ավետարան, 1315 թ., Խորդեանց անապատ)Աշխարհ գալով մարդու փրկության համար՝ Հիսուս Քրիստոսը ոչ միայն միջնորդ և բարեխոս եղավ Աստծո և մարդու միջև, այլև մի նոր փոխհարաբերություն հաստատեց նրանց մեջ: Նա ադամորդուն մեղքի ծառայությունից ազատելու և նրան ճշմարիտ աստված ճանաչողության առաջնորդելու համար իր տնօրինական գործունեությամբ իրականացրեց երեք կարևոր պաշտոններ՝ մարգարեական, քահանայական և թագավորական: Ինչպես Հին կտակարանում այս երեք պաշտոնների գործադրումով միջնորդություն էր կատարվում Աստծո և ընտրյալ ժողովրդի միջև, այնպես էլ Նոր կտակարանում Աստծո և մարդու միջև խախտված ուխտը նորոգվում է՝ Հիսուսի կողմից այս երեք պաշտոնների սիրահոժար հանձնառությամբ: Սրա շնորհիվ վերականգնվում է մարդու՝  Աստծո Որդի կոչվելու բարձր պատիվը: Եթե Հին կտակարանում մարգարեն հանդես էր գալիս աստվածային ճշմարտությունը վկայելու, քահանայապետը զոհ էր մատուցում ժողովրդի մեղքերի քավության համար, թագավորը դատում ու պաշտպանում էր ընտրյալ ժողովրդի իրավունքները, ապա Նոր կտակարանում միջնորդության այս երեք պաշտոնները լիալիր կատարելությամբ կենսագործվում են Քրիստոսի տնօրինության շնորհիվ: Նա որպես հայտնութենական ճշմարտություն՝  Նոր Ուխտ է հաստատում ու իրականացնում Աստծո և մարդու միջև (Մարգարեություն), որպես հաշտության աննման զոհ մեկընդմիշտ քավում է մարդու մեղքը և հաշտեցնում Աստծո հետ (Քահանայություն), և որպես Թագավոր հաստատում իր ամենահաղթ տիրապետությունը (Թագավորություն):

Ուշ անտիկ, միջնադարյան մշակույթը հարուստ է Հիսուս Քրիստոսի տնօրինական փրկչական գործունեության մեկնողական ու գրական-գեղեղարվեստական (տեսՀարություն (նկարիչ՝ Մելիքսեդեկ, Ավետարան, 1338 թ., Բերկրի ) Մեկնողական գրականություն, Ճառ, Քարոզ, Ներբող), պատկերագրական (տես Մանրանկարչություն, Որմնանկարչություն), ծիսաերաժշտական (տես Խորհրդատետր-Պատարագամատույց, Ժամագիրք, Ճառընտիր) արտացոլման և վերարտադրման բազմապիսի օրինակներով, որոնք աստվածաբանական բյուրածալ ու նրբին արժեքավորումներով ներկայացնում են նրա տնօրինական բովանդակ սխրանքը: Միջնադարյան կերպարվեստում բացառիկ դեր է վիճակվել մասնավորաբար Հիսուս Քրիստոսի անձեռագործ պատկերին, որը, իբրև հայտնութենական դրոշմ կրող նախատիպ, չափօրինակ է ծառայել Հիսուս Քրիստոսի պատկերագրական կանոնի հաստատման և լայն կենցաղավարության համար:

Տես նաև Ապողինարիզմ, Արիոսականություն, Բարեխոսություն, Դավանանք Հայաստանյայց առաքելական եկեղեցու, Եվտիքականություն, Երանիներ ինը, Զատիկ, Զոհաբերություն, Խաչի տոներ, Խորհուրդներ եկեղեցական, Ծաղկազարդ, Կիրակի, Համբարձում, Մկրտություն, Նեստորականություն, Պատարագ, Պատվիրաններ տասը, Սաղմոս, Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Տերունի տոներ, Տյառնընդառաջ, Ուխտ, Ուխտի տապանակ, Օծում, Օրհնություն, Քրիստոնեություն հոդվածները:

                                                                                             Սարգսյան Լ.

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., էջ 584-590:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am